Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհնազանդություն» մեռե՞

Հունվար 15,2007 00:00

Երեկ այդ լուրը հերքեց «Անհնազանդության շարժում» նախաձեռնության անդամ Կարապետ Ռուբինյանը

Ընդդիմադիր դաշտին առնչվող այս տարվա առաջին լուրերից մեկն այն էր, թե անցյալ տարվա վերջերին ձեւավորված «Անհնազանդության շարժում» նախաձեռնությունը, որը հասցրել էր «պետական կարիքների զոհերի» հետ համատեղ մի քանի բողոքի ակցիաներ կազմակերպել, լուծարվել է: Ընդ որում, դրա մասին տեղեկությունների աղբյուրը հենց ընդդիմության ներկայացուցիչներն էին: Երեկ, սակայն, շարժման ակունքներում կանգնած Կարապետ Ռուբինյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Անհնազանդությունը» շարունակում է գործել ու «զինակիցների» իմաստով կորուստներ չունի:

Ավելին, նրա փոխանցմամբ, ձյան հալվելուն պես այս շարժումը անհնազանդության նոր ակցիաներ կնախաձեռնի: «Պայքարը շարունակվելու է: Անհնազանդությունը չի կարող գոյություն չունենալ այն պայմաններում, որում մենք ապրում ենք: Մենք վաղը բոլորս կարող ենք մեքենայի տակ ընկնել, մահանալ, բայց անհնազանդությունը կշարունակվի: Ես նկատի ունեմ եւ երեւույթը, եւ այն, որ մենք տեր ենք անհնազանդությանը: Ռեժիմին չհնազանդվելը բոլորիս պատվի հարցն է»,- հայտարարեց պրն Ռուբինյանը՝ մանրամասնելով, որ կլինեն ե՛ւ հանրահավաքներ, ե՛ւ երթեր ու այլ միջոցառումներ: Նա չբացառեց, որ կլինեն նաեւ, այսպես կոչված՝ ակադեմիական քննարկումներ: Ի պատասխան մեր այն հարցին, թե ավելի կոնկրետ ի՞նչ է նախատեսվում առաջիկայում՝ Կ. Ռուբինյանն ասաց. «Ձերբակալվելու են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու իրենց ստեղծած բռնապետության մնացած հենասյուները»: Թե ե՞րբ է այդ գործընթացը սկսվելու եւ շարժումն ընդհանրապես ե՞րբ է «փողոցային» ակցիաները վերսկսելու, ըստ Կ. Ռուբինյանի՝ կախված է եղանակային պայմաններից:

Նույնը պնդեց նաեւ «Պետական կարիքների զոհեր» հ/կ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը, ով հ/կ անդամների հետ միասին մասնակցում է «Անհնազանդության շարժման» նախաձեռնություններին, որոնք անցյալ տարի մեծ մասամբ նպատակ են ունեցել սատարել հենց իրենց սեփականությունից զրկված քաղաքացիներին: Ս. Բաղդասարյանը եւս հաստատեց, որ շարժումը շարունակում է գործել: «Թեեւ մենք չենք այդ շարժման նախաձեռնողները, բայց մենք դրա մասնակիցն ենք ու համամիտ ենք այն առաջարկություններին, որոնք արվում են այդ նախաձեռնության ղեկավարների կողմից»,- հայտարարեց Ս. Բաղդասարյանը: Նրա մատուցմամբ, իրենց տներից վտարված քաղաքացիները երբեք քաղաքական նպատակներ չեն հետապնդել ու այսօր էլ նման հարցադրումներ չեն անում, այլ փորձում են լուծել իրենց սոցիալական խնդիրը: «Բայց քանի որ ՀՀ Սահմանադրական դատարանի երկու որոշումները՝ 1998թ. թիվ 92 եւ 2006թ. ապրիլի 18-ի թիվ 630 որոշումը, որով հակասահմանադրական էին ճանաչվել ՀՀ կառավարության որոշումները, այդպես էլ իրավական ուժ չստացան, իսկ վտարված քաղաքացիներն էլ հնարավորություն չունեցան իրենց հարցի արդարացի լուծում ստանալ դատարանների միջոցով, նկատի ունենալով նաեւ այն, որ ՀՀ կառավարությունը մեզ ընդառաջ ոչ մի քայլ չարեց, մենք ստիպված եկանք այն եզրակացության, որ եթե կառավարությունը չի կարողանում կամ չի ուզում լուծել մեր խնդիրը՝ ուրեմն պետք է հեռանա»,- հայտարարեց հ/կ-ի նախագահը: Նա նաեւ անհնազանդության շարժման անհրաժեշտությունն ընդգծեց՝ վկայակոչելով Ռոբերտ Քոչարյանի անցյալ տարեվերջի հրամանագիրը, որով վերջինս Անանիա Շիրակացու մեդալով պարգեւատրել էր, Ս. Բաղդասարյանի ասելով, այդքան մարդկանց ճակատագիր խեղած Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին: «Մեզ համար անհասկանալի է նախագահի այդ որոշումը»,- ասաց նա:

Անդրադառնալով շարժման առաջիկա անելիքներին՝ նա հույս հայտնեց, որ «Անհնազանդության» շուրջ ավելի լուրջ ուժերի համախմբում կլինի: «Մենք կշարունակենք համագործակցել այդ շարժման հետ, քանի որ գտնում ենք, որ դա արդյունավետ կլինի ու, ի վերջո, կհանգեցնի նաեւ մեր խնդիրների արդարացի լուծմանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել