Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԻ

Հունվար 15,2007 00:00

\"\"Այս եզրակացությունն է ստացվել հարցմամբ, որը նախապատրաստված, համակարգված, իսկ արդյունքները վերլուծված են «Գելափ» հեղինակավոր կազմակերպության կողմից:

Հարցումն անցկացրել է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան՝ 2006-ի նոյեմբերի 10-19-ը: Մասնակցել են Հայաստանի 1200 բնակիչներ: Հետազոտությունը ֆինանսավորել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը: Իսկ «Գելափը» սոցիոլոգիական հարցումների կայացած երեք համաշխարհային կենտրոններից է, որի ուսումնասիրությունների անցկացման մեթոդաբանությունը բացառում է 3 տոկոսից ավելի շեղում:

Ճիշտ ուղղությամբ չենք ընթանում

Հայաստանում առկա տրամադրությունների վերաբերյալ հարցումը ցույց է տվել՝ Հայաստանի բնակիչների 58 տոկոսը կարծում է, որ երկրում գործերն ընթանում են ոչ ճիշտ ուղղությամբ, եւ միայն 32 տոկոսն է ասել, որ երկիրը ճիշտ ուղու վրա է: Մեր բնակիչների 34 տոկոսը տեսնում է երկրի տնտեսության բարելավումը, իսկ 23 տոկոսը կարծում է, որ վատթարանում է տնտեսական իրավիճակը: Հարցման մասնակիցների 27 տոկոսն ասել է, որ իր ընտանիքի ֆինանսական վիճակը վատթարացել է, եւ միայն 24 տոկոսն է պնդել հակառակի մասին: Հայաստանի բնակիչների մեծամասնությունը կարծում է, թե երկրում իրավիճակի բարելավման համար պետք է երկար ժամանակ:

Արդար ընտրություններն առաջնայի՞ն չեն

Ըստ հարցման արդյունքների, Հայաստանի բնակիչների 58 տոկոսը բավարարված չէ երկրում ժողովրդավարության զարգացմամբ, իսկ 39 տոկոսը բավարարված է: Այն հարցին, թե ինչ պետք է անեն իշխանություններն առաջին հերթին, որ ստանան բնակիչների մեծամասնության աջակցությունը՝ գերակշիռ մասը պատասխանել է՝ ստեղծեն աշխատատեղեր, բարձրացնեն թոշակներն ու աշխատավարձերը, զարգացնեն տնտեսությունը: Այս ամենին ընդամենը հաջորդում է արդար ընտրություններ անցկացնելու պահանջը:

Անցած տարվա ընթացքում մեր իշխանությունների ամենամեծ սխալները, վրիպումներն ու ձախողումներն են համարվել մարդկանց նկատմամբ անբավարար ուշադրությունը, կոռուպցիայի դեմ ոչ բավարար պայքարը, կարեւոր օբյեկտների վաճառքը: Օրենքների անտեսումն իբրեւ սխալ նշելը սրանց միայն հաջորդում է:

Սոցիալական խնդիրները գերակա են

Հայաստանի առջեւ ծառացած հիմնական խնդիրները մեր բնակչության մեծամասնությունը համարում է գործազրկությունը, սոցիալ-տնտեսական իրավիճակը եւ ԼՂ հիմնախնդիրը: Մոտավորապես նույն պատկերն է ստացվել նաեւ այն հարցին ի պատասխան, թե ինչ խնդիրներ են նոյեմբերին անհանգստացրել մեր բնակչությանը՝ առաջին 3 տեղերում Արցախի խնդրի խաղաղ կարգավորումը, սոցիալ-տնտեսական իրավիճակը եւ պատերազմն են:

Ուշագրավ է այն պատկերը, որ պարզվել է Լեռնային Ղարաբաղի ճակատագրի վերաբերյալ հարցերին ի պատասխան: Մեծամասնությունը Ղարաբաղը տեսնում է իբրեւ Հայաստանի մաս կամ հայկական պետություն, եւ ոչ ոք չի տեսնում այն իբրեւ Ադրբեջանի մաս: Սակայն ադրբեջանական կողմի համար աննպաստ այս տարբերակին նրանց թվում է, թե կարող են հասնել խաղաղ բանակցությունների միջոցով:

Ծրագրերը երկրորդական են

Այն հարցին ի պատասխան, թե կուսակցության օգտին քվեարկելիս ի՞նչն իրենց համար առավել կարեւոր նշանակություն ունի՝ մեծամասնությունն առանձնացրել է առաջնորդին: Կանանց օգտին պատրաստ չեն ձայն տալ, անգամ նույն պայմանների առկայության դեպքում: Պարզվել է նաեւ, որ մեր քաղաքացիներն առավել հակված են իրենց ձայները տալ փորձառու, հասուն տարիքի մարդկանց, քան առավել երիտասարդ ու ակտիվներին:

Հարցման ենթարկված քաղաքացիների մեծամասնությունը պատրաստվում է մասնակցել խորհրդարանական առաջիկա ընտրություններին: Գերակշիռ մեծամասնությունը՝ 69 տոկոսը վստահ է, որ այդ ընտրությունները չեն լինելու ազատ եւ արդար: Իսկ 61 տոկոսն էլ վստահ է, որ Հայաստանի իշխանությունների կողմից չեն իրականացվում բավարար միջոցներ, որ կանխվեն ընտրություններում զեղծարարությունները:

Բողոքի ո՞ր ձեւերն են ընդունելի

Նամակների կամ խնդրագրերի ներքո ստորագրությունների հավաքումն, ըստ 2006-ի նոյեմբերին ստացված տվյալների՝ անընդունելի է մեր բնակչության 51 տոկոսի եւ ընդունելի՝ 45 տոկոսի համար: Բոյկոտն անընդունելի է 65 տոկոսի համար եւ ընդունելի՝ 33 տոկոսի: Արտոնված ցույցերը պայքարի նախընտրելի ձեւն են մեծամասնության համար՝ 75 տոկոսը նախընտրում է դրանք: Սակայն ըստ մեկ այլ հարցի՝ 27 տոկոսի համար էլ նախընտրելի են չարտոնված ցույցերը: Ընդհանուր առմամբ՝ մեր բնակիչները կողմնակից են պայքարի այնպիսի ձեւերի, որոնք հղի չեն վտանգավոր հետեւանքներով: Ասվածի մեկ այլ ապացույց՝ 72 տոկոսը կողմնակից է արտոնված գործադուլների, իսկ չարտոնված գործադուլի են պատրաստ դիմել միայն 26 տոկոսը: Ավելորդ է թերեւս անգամ մեջբերել, որ շենքերի եւ հաստատությունների գրավման կողմնակից է ընդամենը 14 տոկոսը, իսկ 82 տոկոսի համար սա պայքարի անընդունելի եղանակ է:

Հարցին, թե արդյոք Հայաստանի բնակիչները վախենո՞ւմ են բաց արտահայտել իրենց քաղաքական հայացքները՝ մեծամասնությունը տվել է դրական պատասխան: Եվ մեծամասնությունն անհավանական է համարում Հայաստանում գունավոր հեղափոխությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել