Զայրացած հարցնում է ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը
«Իշխանությունները փորձելու են մեկ անգամ եւս ցինիկաբար կեղծել ընտրությունները: Սակայն մեր հասարակությունը, ժողովուրդը, մենք բոլորս հոգնել ենք այս իշխանություններից, հոգնել ենք նույն մարդկանց դեմքերը տեսնելուց, նրանց հերթական կեղծ եւ սուտ խոստումները լսելուց, եւ հասարակությունը իրապես լուրջ փոփոխություններ է ուզում եւ գնում է այդ փոփոխություններին: Այդ փոփոխությունները անհրաժեշտ են ոչ միայն ընդդիմությանը եւ ամբողջ հասարակությանը, այլ նաեւ իշխանություններին, նրանք ճահճացել են եւ պետք է թարմացվեն»,- վստահ է ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Նրա կարծիքով, այսօր երկրին պարզապես օդ ու ջրի պես հարկավոր է նոր քաղաքական թիմ, որն էլ կձեւավորի նոր իշխանություն: Հետաքրքրվեցինք՝ այդ նոր քաղաքական թիմի ձեւավորման գործընթացներն արդեն ընթանո՞ւմ են եւ կոնկրետ ազատական-առաջադիմական կուսակցությունը մասնակցո՞ւմ է այդ գործընթացին: Ասաց, որ իրենք շատ ակտիվ են մասնակցում. «Նաեւ ընդդիմադիր դաշտի շատ կուսակցություններ են ակտիվ մասնակցում: Շատերը, որ պարզապես գոյություն են պաշտպանում եւ չգիտեն էլ՝ իրենք իշխանակա՞ն, թե՞ ընդդիմադիր ուժեր են, սխալմամբ իրենց համարում են կենտրոնամետ ուժեր, չգիտեմ, թե դա ի՞նչ է նշանակում, որովհետեւ իրականության մեջ նման բան գոյություն չունի (պրն Հովհաննիսյանը կոնկրետ կուսակցությունների անուններ չտվեց, ասելով, թե այդ անունները հայտնի են – Մ. Ե.), փորձում են խանգարել եւ շեղել ուշադրությունը, բայց դա իրենց չի հաջողվի: Իրականում՝ բոլոր ընդդիմադիր ուժերը նոր քաղաքական թիմի ձեւավորման ճանապարհին են: Իհարկե, դուք հիմա կհակադարձեք, որ մենք դրա մասին շատ երկար ժամանակ է, ինչ խոսում ենք, բազմաթիվ անգամ ենք ասել, թե շուտով նոր ծրագիր, նոր, համախմբված ընդդիմություն կներկայացնենք, եւ ոչինչ չի եղել: Հիմա բոլորովին այլ իրավիճակ է, եւ երեւի պիտի լիներ այնպես, որ այս գործընթացը ժամանակային առումով պիտի հասներ մինչեւ խորհրդարանական ընտրություններ»:
Մենք նկատեցինք, որ, այնուամենայնիվ, ընդդիմության թեւերը շատ են՝ «Քաղաքացիական անհնազանդություն»-ից մինչեւ «Այլընտրանք», մինչեւ ԺՈՒԿ-Արշակ Սադոյան, Վազգեն Մանուկյան-Րաֆֆի Հովհաննիսյան, «Հակակրիմինալ», Գեղամյան, Դեմիրճյան եւ ուրիշներ: Այս իրավիճակում Հովհաննես Հովհաննիսյանի կարծիքով՝ ոչ մի տարօրինակ բան չկա, քանի որ այդ բոլոր ուժերի նպատակը մեկն է. «Երկրում ստեղծել ժողովրդավարություն, որովհետեւ ժողովրդավարության այն փոքրիկ նշույլները, որ կային, այսօր արդեն վերացել են երկրից: Բոլոր ընդդիմադիր ուժերի նպատակը մեկն է՝ կարողանալ հասնել ազատ եւ արդար ընտրությունների անցկացմանը. սա այնքան վեհ գաղափար է, որ դրա շուրջը բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը պատրաստ են համախմբվել»:
Սակայն իշխանություններն այսօր ավելի շատ են խոսում ազատ, արդար ընտրություններ անցկացնելու կարեւորության մասին, ամեն ինչ անում են դարձյալ իշխանության մնալու համար եւ կարծես գործ էլ են անում իրենց նպատակը իրականացնելու համար: Հովհաննես Հովհաննիսյանը խիստ ջղայնացավ, երբ ասացի, որ իշխանությունները նաեւ գործ են անում իրենց նպատակին հասնելու համար. «Ոչ մի բան իշխանությունները չեն անում, նրանք միայն խոսում են արդար ընտրությունների մասին՝ իրականում միշտ հակառակն անելով: Ի՞նչ են անում՝ կաշառք են բաժանում, դա քա՞յլ է դեպի ազատ եւ արդար ընտրությունները, երկիրը «հանրապետականացնում» են կամ՝ «բարգավաճացնում», դա՞ է քայլը դեպի ազատ եւ արդար ընտրությունները: Իշխանությունների արած ո՞ր քայլերն են տեղավորվում դեմոկրատական հասարակության շրջանակներում, իրենց արած ո՞ր քայլերն են տեղավորվում ժողովրդավարության եւ ժողովրդավարության զարգացման շրջանակներում, ո՞ր քայլն է նպաստում երկրի անվտանգությանը, ապագայի զարգացմանը: Տեսեք, Հայաստանը դարձել է «իզգոյ» երկիր, մենք այնքան անհուսալի ենք դարձել աշխարհի համար, որ նույնիսկ մեր հարեւան Վրաստանը մեզնից հոսանք չի վերցնում, չի ուզում մեզ հետ տնտեսական հարաբերություններ ունենալ: Տեսեք ո՞ւր են հասցրել մեր հարաբերությունները մեր հարեւանների հետ»: Եվ այս իրավիճակից ելքը պարոն Հովհաննիսյանը տեսնում է նրանում, որ ընդդիմադիր դաշտում կստեղծվի մեկ միասնական ուժ, որը կլինի իրավիճակի տերը եւ կփոխի իշխանությունը երկրում. «Դա կլինի այն ուժը, որը ընդդիմությանը կառաջնորդի դեպի խորհրդարանական ընտրություններ: Վստահ եմ, որ ընդդիմությունը ունի հասարակության 80 տոկոսի աջակցությունն ու համակրանքը եւ խորհրդարանում ամենաքիչը 75 տոկոս տեղ պետք է ունենա, իրական պատկերը սա է: Մնացած մոտ 25-30 տոկոսը թողնում եմ իշխանությանը»: Ասաց նաեւ, որ իշխանությունների «թվացյալ կայունությունը եւ ուժը շատ երերուն է եւ ամենաթեթեւ քամուց կկործանվի, դա շատ լավ զգում են իշխանության դեմքերը, եւ այդ պատճառով էլ այսպես իրար են անցել»: