«Առավոտի» շախմատասեր ընթերցողներին տեղեկացրել ենք, որ վաղը Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում մեկնարկում է 19-րդ կարգի ավանդական գերմրցաշարը, որին մասնակցելու են նաեւ մեր հանրապետության ներկայացուցիչներ, գրոսմայստերներ Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը:
Մրցաշարի պաշտոնական ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ «A», «B» եւ «C» խմբերում խաղային օրեր են հայտարարված հունվարի 13-16-ը, 18-21-ը, 23-24-ը եւ 26-28-ը: Մրցաշարի ընթացքում մասնակիցներին տրվելու է հանգստի երեք օր՝ հունվարի 17-ին, 22-ին եւ 25-ին:
Հիշեցնենք, որ «A» խմբում, որտեղ հադես է գալու Լեւոն Արոնյանը (շախմատային գործակիցը՝ 2744), ընդգրկված են մեր ժամանակների բոլոր առաջատար գրոսմայստերները: Նրանք են. Վեսելին Տոպալովը (Բուլղարիա, 2783), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան, 2779), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան, 2766), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան, 2729), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան, 2728), Ռուսլան Պոնոմարյովը (Ուկրաինա, 2723), Դավիդ Նավարան (Չեխիա, 2709), Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա, 2715), Մագնուս Կարլսենը (Նորվեգիա, 2690), Լյուկ վան Վելին (Հոլանդիա, 2683), Սերգեյ Կարյակինը (Ուկրաինա, 2678), Սերգեյ Տիվյակովը (Հոլանդիա, 2667), Ալեքսանդր Մոտիլյովը (Ռուսաստան, 2647):
Ավանդաբար ուժեղ ու հետաքրքիր կազմ է հավաքում նաեւ «B» խումբը, որտեղ բացի Հայաստանի երկրորդ ներկայացուցչից՝ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանից (2658), հանդես են գալու նաեւ Դմիտրի Յակովենկոն (Ռուսաստան, 2691), Պավել Էլյանովը (Ուկրաինա, 2675), Վիորել Բոլոգանը (Մոլդովա, 2658), Բու Սյանչժին (Չինաստան, 2644), Ֆրիսո Նայբուրը (Հոլանդիա, 2638), Դանիել Ստելվագենը (Հոլանդիա, 2585), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա, 2573), Յան Վերլեն (Հոլանդիա, 2566), Յան Սմետսը (Հոլանդիա, 2538), Վլադիմիր Գեորգիեւը (Մակեդոնիա, 2525) եւ մրցաշարի միակ կին մասնակիցը՝ Տատյանա Կոսինցեւան (Ռուսաստան, 2474):
«Առավոտը», ինչպես միշտ, այս անգամ էլ ուշադրությամբ կհետեւի Վեյկ ան Զեեի մրցաշարին եւ կաշխատի ընթերցողներին հնարավորին չափ օպերատիվ տեղեկատվություն տալ խաղատախտակների շուրջ ծավալվող իրադարձությունների մասին: