Հայ երգիչ-երգչուհիներից ոմանք «թանկացել» են
«Կոմերցիոն գաղտնիք» արտահայտությանը, որ 20-րդ դարի կեսերից արդեն չի պահպանվում արտերկրի շոու-բիզնեսում, Հայաստանում դեռեւս այլ կերպ են վերաբերվում: Աշխարհի տարբեր ԶԼՄ-ների, հեռուստառադիոընկերությունների վարկանիշը բարձրանում է հենց հիմնականում շոու-բիզնեսի ներկայացուցիչների մասին պատմող հետաքրքրաշարժ եւ, ինչու չէ, ինտիմ կյանքի մասին նյութերից: Բոլոր ժամանակներում էլ աստղերի կյանքը եղել ու մնում է հանրության ուշադրության կենտրոնում, մարդիկ մշտապես ծարավ են աստղերի մասին նոր սկանդալների ու «գունավոր» նյութերի: Եվրոպական ու ամերիկյան աստղերի՝ բաց տեքստով հարցազրույցներին հայերս հաղորդակից դառնալու հնարավորություն ունենք հազար ու մի միջոցով՝ ինտերնետ, ամսագրեր, ռուսաստանյան եւ արտասահմանյան երաժշտական ալիքներ եւ այլն: Հայաստանյան աստղերը այս առումով դեռեւս «անձեռնմխելի» են. նրանք թաքցնում են իրենց եկամուտները, մտերիմ կապերը, մինչդեռ օտարերկրացի աստղերը հատուկ են «ամուսնալուծություն», «գողություն», «համասեռամոլություն» խաղում՝ իրենց անվան շուրջ եղած հետաքրքրասիրությունը մշտապես թեժ պահելու համար:
Ռուսաստանյան ԶԼՄ-ներում արձանագրվեց, որ 2006թ. երգիչներից ամենաշատ եկամուտը ունեցել է Դիմա Բիլանը՝ ավելի քան $3 մլն, մինչդեռ պրիմադոննա Պուգաչովայինը կազմել է ընդամենը $2 մլն: Ամանորյա թոհուբոհից հետո «Առավոտը», ունենալով «դառը փորձ», չհետաքրքրվեց շոու-բիզնեսի հայաստանյան աստղերի եկամուտների չափով, վստահ լինելով, որ հասկանալի պատճառներով կստանա ստանդարտ պատասխան՝ «կոմերցիոն գաղտնիք է»: Չնայած, շնորհիվ մեր հավաստի աղբյուրների, որոշ տեղեկություններ, այնուամենայնիվ, ձեռք բերեցինք:
Ասում են, որ այս Ամանորին երեւանյան ռեստորաններում ու զվարճանքի վայրերում մեր աստղերի «գինը» բարձրացել է: Եթե 2006թ. շեմին այն կազմել է մեկ երգի համար $200-$300, ապա Նոր տարվա գիշերը՝ մինչեւ $1000: Բարձր վարձատրված երգիչների ցանկում են Անդրեն, Հայկոն, Շուշան Պետրոսյանը, Էմմին, Հասմիկ Կարապետյանը, Քրիստինե Պեպելյանը, Անուշ եւ Ինգա Արշակյանները, Արմինկան, Արսեն Սաֆարյանը եւ Աիդա Սարգսյանը: Դեկտեմբերի 31-ի գիշերը նրանցից շատերը ելույթ են ունեցել ամենաքիչը 3 ռեստորանում: Կարեւոր մի նկատառում. եթե քաղաքակիրթ երկրներում աստղերը հրավիրվում են հիմնականում իրենց պրոդյուսերների միջոցով, ապա մեզ մոտ իշխում է տնավարի մոտեցումը: Օրինակ, «ձեռներեց» մի աստղ ցուցակագրելով իր մտերիմ կոլեգաներին, ելույթների համար անձամբ է դիմել «օբյեկտների» տերերին: Բայց վերջիններս, ծանոթանալով իրենց «ներկայացված» ցանկին, հաճախ որոշ անուններ հանել են:
Բացի սովորական հոնորարներից, երգիչների մի մասին ռեստորանատերերը նաեւ անհատական նվիրատվություններ են արել՝ զարդեղենի եւ այլնի տեսքով: Միամտություն կլինի կարծել, որ, օրինակ, Սիրուշոն, Արմինկան կամ մյուսները իրենց շքեղ մեքենաները գնել են մի քանի տոնական միջոցառումների երգելով կամ CD-ների վաճառքից գոյացած գումարով: Ըստ մեր տեղեկությունների, որոշ նորաթուխ երգիչներ «ասսերին» առաջարկել են իրենց էլ «մարդամեջ» հանել՝ թեկուզ առանց վարձատրության հանդես գալու պայմանով:
Հայ աստղերի «գները» կարող են տատանվել՝ պայմանավորված կոչումներով ու տիտղոսներով կամ միջազգային մրցույթներին մասնակցած լինելով: Օրինակ, 2006-ին Տարվա լավագույն երգչուհի ճանաչված Հասմիկ Կարապետյանը արդեն բարձր հոնորարներ է պահանջում: Նույնկերպ է վարվում նաեւ «Եվրատեսիլի» լավագույն տասնյակում հայտնված Անդրեն: Ամանորից առաջ ելույթ ունենալով ԱՄՆ-ում եւ Գերմանիայում, վերջինս նախապես պահանջել է $25000՝ առաջին եւ 15000 եվրո՝ երկրորդ համերգի համար: