Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄՇԱԿՈՒՅԹԸ՝ ԲՅՈՒՋԵԻ, ԻՍԿ ԳՐԱԴԱՐԱՆԸ՝ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏԻՆ ՊԼԱՆՈՒՄ ԵՆ»

Հունվար 12,2007 00:00

\"\"Հայաստանի ազգային գրադարանի հին ու նոր հոգսերը

Այս տարի լրանում է Հայաստանի ազգային գրադարանի հիմնադրման 175-ամյակը: Տնօրեն Դավիթ Սարգսյանը տեղեկացրեց, որ կառավարության որոշմամբ հոբելյանը պետականորեն կնշվի աշնանը:

«1982թ. էլ Ազգային գրադարանի 150-ամյակն է նշվել բարձր մակարդակով, պետության այն ժամանակվա առաջին դեմքեր, կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի եւ մշակույթի նախարար Գուրգեն Առաքելյանի մասնակցությամբ: Հետաքրքիր միջոցառումներ կլինեն նաեւ այս տարի՝ հանդիսություններ, գիտական նստաշրջան, նախատեսում ենք հրատարակություններ, որոնք կներկայացնեն գրադարանում պահպանվող հոգեւոր ժառանգությունը»,- ավելացրեց տնօրենը:

Անդրադարձ եղավ Ազգային գրադարանի հիմնադրման տարեթվի վերաբերյալ տարակարծություններին: «Անկախության շրջանում թմբկահարվում է մի հարց, թե Ազգային գրադարանը հիմնվել է 1919թ.՝ Առաջին հանրապետության օրոք: Սրա մեջ ճշմարտության հատիկն այն է, որ 1919-ին մեր գրադարանը պետական կարգավիճակ է ստացել: Ուզում եմ գործընկերներիս հուշել մի բան, որը հաստատվել է նաեւ 2000թ. գիտական նստաշրջանի ժամանակ. 1832-ին է գրադարանը ստեղծվել՝ արական գիմնազիայի ֆոնդերի հիմքի վրա: Մյուս կողմից, ամենեւին հակված չեմ նսեմացնելու 1918-20թթ. պետական այրերի արածը: Այո՛, նրանք իսկապես ջանք չեն խնայել ի մի բերելու եւ գրադարանում եղածը պահպանելու հարցում, անգամ՝ կոչ են արել մասնավոր հավաքածուներ ունեցող անձանց՝ գրքերի նվիրատվություններ կատարել»,- ասաց պրն Սարգսյանը:

Ազգային գրադարանն այսօր բազմաթիվ խնդիրներ ունի՝ հիմնանորոգման կարիք ունեն բոլոր մասնաշենքերը, լուծված չեն անվտանգության, գրքերի պահպանության, ընթերցողների սպասարկման, կադրային, տեխնիկական վերազինման եւ այլ հարցեր: «Ես եղել եմ աշխարհի շատ գրադարաններում եւ գիտեմ, թե ինչպիսի տարբերություններ կան մերի հետ համեմատած: Բայց պիտի Հայաստանի ազգային գրադարանին նայենք ոչ թե, ասենք, ԱՄՆ Կոնգրեսի կամ Ալեքսանդրիայի գրադարանների ֆոնի վրա, այլ դիտենք ԱՊՀ տարածքի գրադարանների համեմատության մեջ: Մեր պարագայում, երբ պետությունը հարուստ չէ, գրադարանին պիտի ձեռք մեկնի գոնե հայ գործարարը: Հարավային Ֆրանսիայի մեր գործընկերների հետ ուզում ենք իրականացնել հաշմանդամների սպասարկումն ապահովող ծրագրեր: Հայաստանում ոչ մի գրադարան չի կարող սայլակավոր մարդու սպասարկել: Ժամանակն է մտածել նաեւ գրքերի վերականգնման արհեստանոց ունենալու մասին: Մեր բոլոր խնդիրները, որոնց լուծումը գումարով է պայմանավորված, ոչ թե նոր, այլ տասնամյակների ընթացքում են կուտակվել: Ցավոք, Հայաստանում մշակույթը բյուջեում դիտվել է վերջինը, մշակույթի ոլորտում էլ գրադարանն է հետին պլան մղված»,- փաստեց տնօրենը: Նա հույս ունի, որ դեռ մի օր կընդունվի ազգային գրադարանի, ազգային պատկերասրահի, ազգային օպերային թատրոնի եւ նմանօրինակ այլ օջախների հատուկ կարգավիճակի մասին օրենք, ինչը նրանց հարկային, մաքսային եւ այլ արտոնություններով կօժտի:

Ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆայել Ղազարյանն էլ փաստեց, որ վերջին 15 տարիներին հանրապետության 1045 գրադարաններից 275-ը փակվել է, իսկ գոյատեւողներն այս ընթացքում ոչ մի անգամ չեն համալրվել: «Հատկապես գյուղական շրջաններում մարդիկ զրկված են նորմալ սպասարկումից, ուրեմն ինչո՞ւ բողոքել ընթերցանության պակասից կամ պահանջել, որ երիտասարդները մտնեն գրադարան, եթե այնտեղ ոչ թերթ կա, ոչ նոր գիրք: Ախր գյուղում ծնված երեխան ազատ աքսորյալի վիճակում է՝ ոչ մի տեղից չի կարողանում ինֆորմացիա ստանալ, մշակութային միջոցառումների հաճախել»,- ասում է փոխտնօրենը:

Ազգային գրադարանի տնօրենն ու փոխտնօրենը համաձայնեցին մեր դիտարկմանը, թե գրադարանների հետ երիտասարդներին չի կարելի կապել միայն հանգուցյալ մտավորականների հոբելյանները նշելով: Նրանք ասացին, որ սկսել են հանդիպումներ կազմակերպել ճանաչված գործիչների հետ, հասարակական հիմունքներով ստեղծել են ՀՀ բուհերի ուսանողներից կազմված երիտասարդական ակումբ՝ հատկապես մարզաբնակների հետ համագործակցելու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել