Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանն իրականացրել է դրամապահոցի թալանը

Հունվար 12,2007 00:00

Գումարն ու ոսկին հափշտակելու համար պահանջվեց 460 պարկ

Անցյալ տարվա հունիսի 30-ին «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի Մալաթիայի մասնաճյուղի դրամապահոցից հափշտակվել էին առանձնապես խոշոր չափի գումար եւ ոսկյա իրեր: Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ, վարույթը իրականացնում էր Երեւան քաղաքի դատախազությունը:

Երեկ ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը հաստատեց մեր այն լուրը, որ նախաքննությունն ավարտվել է եւ գործն օրեր առաջ ուղարկվել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարան:

«Առավոտի» տեղեկություններով, նախաքննությունը պարզել էր հետեւյալը. բանկը պահպանող ոստիկանը՝ Արսեն Հակոբյանը, իր մտադրությունն իրականացնելու համար դիմում է ընկերոջը՝ Արթուր Խանոյանին, նրան պատվիրելով, որ գտնի «կողպեքներ բացելու ունակություններ ունեցող անձնավորության»: Ոստիկանը խոստացել էր, որ այդ անձնավորությունը կկարողանա անարգել մուտք գործել բանկ: Գտնվում է հարմար թեկնածուն՝ նախկինում մի քանի անգամ գողության համար դատապարտված, բանալիների հսկայական «հավաքածու» ունեցող Արթուր Բաբայանը: Հետաքրքիրն այն է, որ ոստիկանը մի քանի անգամ իր ծառայության օրերին ավազակներին թույլ է տվել մտնել իրեն վստահված բանկի տարածք, բանալիներով բացել դրամապահոցի դուռը: Ու երբ ամեն ինչ պատրաստ էր ծրագիրն իրականացնելու համար, Արսեն Հակոբյանի վրա կասկած չթողնելու նպատակով այն որոշել են իրականացնել մեկ այլ ոստիկանի ծառայության օրը:

Նրանք թալանի օրը մեկ այլ ոստիկանի՝ Կնյազ Ենոքյանին դարանակալել են մուտքի դռան մոտ, ինքնաձիգով սպառնացել, հարվածել են նրան: Ենոքյանին հաջողվել է փախչել, կողոպուտն այդ անգամ ձախողվել էր: Ձախողումից 3 օր հետո Հակոբյանի հետ նախնական համաձայնությամբ, նրա իսկ ծառայության օրը Բաբայանը բացում է դրամապահոցի երկու դռները, այնտեղից հափշտակում 56.503 ԱՄՆ դոլար, 2640 եվրո, 160 ֆունտ ստերլինգ, 44 070 ՌԴ ռուբլի եւ 36.199. 374 ՀՀ դրամ: Հափշտակվում է նաեւ 264.615.163,37 դրամին համարժեք ոսկյա իրերը: Այդ ամենը տեղադրվում է 460 պարկի մեջ: Սակայն ծագում է մեկ այլ դժվարություն. որտեղ պահել գողոնը: Ոստիկան Արթուր Հակոբյանը չուներ թալանի պահոց ու ստիպված էր իրեն հասանելիքը տանել հորեղբոր՝ Վայոց ձորի Մալիշկա գյուղի բնակիչ Սուրեն Հակոբյանի տնամերձ: Ա. Բաբայանն էլ իր հասանելիքը թաքցրել էր Նուբարաշեն թաղամասում գտնվող ավտոտնակում: Բաբայանը իր փախուստի օրերին տաքսի ավտոմեքենայի բեռնախցիկի սպորտային պայուսակի մեջ էր թաքցրել նաեւ ոսկին, զանգել էր ոստիկանություն՝ հայտնելով «ոսկե տաքսիի» տեղը: 16 կգ ոսկին գտնվել էր Լենինգրադյան փողոցում: Բաբայանը մեկ այլ «ազնիվ» քայլ էլ էր արել. զանգել էր ոստիկանություն, հայտնել, որ իր ծանոթ պանրի խանութում կա 5.100.000 դրամ, ապա հուլիսի 11-ին մեղայականով հանձնվել էր:

Հետախուզվողներից մեկը՝ Արթուր Խանոյանը, փորձել է կաշառքով սահմանն անցնել: 8000 դոլար կաշառքը դրվում է «Հրազդան» մարզադաշտի դիմաց գտնվող աղբամանի տակ: Այն պետք է վերցներ Մայիս Անտոնյանը: Բագրատաշենում, սակայն, Խանոյանը բռնվում է:

Այս գործով մեղադրանք է առաջադրվել 7 հոգու նկատմամբ, կա մեկ հետախուզվող, մեկի նկատմամբ մինչդատական վարույթում կիրառվել է գրավ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել