Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՆ-Ի ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԿԱՐԾ ՊԱՅԾԱՌԱՑԵԼ Է

Հունվար 12,2007 00:00

\"\"Երեկ Վերաքննիչ դատարանը բավարարեց ԿԳՆ հայցերը՝ ընդդեմ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա հիմնադրամի՝ հոգաբարձուների խորհրդի 2 նիստերի որոշումները անվավեր ճանաչելու մասին:

2006 թ. դեկտեմբերի 1-ին մի քանի ժամանոց նիստում Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը բավարարել էր ԿԳՆ-ի սույն հայցը, եւ երեկ, ինչպես եւ սպասվում էր, Եվրոպական ակադեմիան դարձյալ պարտվեց։ Հիշեցնենք՝ ԿԳՆ-ի ներկայացրած հայցադիմումներից առաջինը վերաբերում է հոգաբարձուների խորհրդի 4 արտասահմանցի անդամների լինել-չլինելու հարցին, իսկ երկրորդը՝ որ առանց քվորում ապահովելու Եվրոպական ակադեմիայի ռեկտոր է ընտրվել Վիկտոր Մարտիրոսյանը:

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի՝ ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարվելուց եւ կոալիցիայի կազմից դուրս գալուց քիչ ժամանակ էր անցել, երբ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, ԿԳՆ-ն, հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի հանձնարարությամբ եւ կառավարության վերահսկողական ծառայության մասնակցությամբ, սկսեց ուսումնասիրություններ կատարել ակադեմիայում: Այդ ընթացքում Արմեն Գեւորգյանին եւ փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանին ուղղված նամակներ են եկել ակադեմիայի խորհրդի արտասահմանցի այն անդամներից, որոնք պնդել են, թե իրենք երբեւէ խորհրդի անդամ չեն եղել: Դա այն դեպքում, երբ վիճարկվող նիստի որոշմամբ, այդ արտասահմանցի անդամները փոխարինվել են ուրիշներով: Պատասխանող կողմն առաջին ատյանի դատարանում արդեն ներկայացրել էր արտասահմանցի անդամների հետ համագործակցության վերաբերյալ կնքված համաձայնագրերը, որ նրանք անդամներ եղել են, բայց նիստերին չեն ներկայացել տարբեր պատճառաբանություններով: Իսկ քվորում, այդուհանդերձ, եղել է. այդ մասին երեկ նորից պնդեց ակադեմիայի ներկայացուցիչ, փաստաբան Արթուր Դավթյանը: Այսպես՝ քանի որ արտասահմանցիներից մեկը ժամանակավոր անդամ է եղել եւ դեռեւս 3 տարի առաջ փոխարինվել է հայաստանյան ներկայացուցչով, ինչը հայցվորը չի վիճարկում, հետեւաբար, ստացվում է, որ հայաստանցի անդամներով քվորում ապահովվել է: Նույնը եւ՝ վիճարկվող մյուս որոշման պարագայում, որը վերաբերում է ակադեմիայի նոր ռեկտորի ընտրությանը:

Երեկ դատական նիստի ընթացքում նախագահող դատավոր Արմեն Թումանյանը կողմերի հարցուպատասխանի ժամանակ արտահայտեց իր սուբյեկտիվ կարծիքը, ըստ որի, իր ստեղծման օրից՝ 2001-ից մինչեւ 2006 թ. ուսումնասիրությունները, ԿԳՆ-ն մոռացած է եղել ակադեմիայի գոյության մասին, որեւէ առնչություն չի ունեցել նրա հետ, նրան չի հետաքրքրել ակադեմիայի վիճակը, մի խոսքով, «կոպիտ ասած՝ ակադեմիան իրեն պետք չի եղել»: Նշենք, որ ԿԳՆ-ն, որպես հիմնադրի՝ կառավարության կողմից լիազորված պետական մարմին, այդ տարիների ընթացքում նույնիսկ իր ներկայացուցիչն էլ չի առաջադրել խորհրդի կազմում: Իսկ երբ 2006-ի վերջում որոշել է ուղղել սխալը եւ առաջադրել իր ներկայացուցչին՝ ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանին, ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին ուղղված նամակով մերժել է առաջարկը. նամակում մասնավորապես ասվում է՝ քանի որ Ա. Ավետիսյանը վերջին շրջանում ակադեմիայի հասցեին ԶԼՄ-ներով վարկաբեկիչ հայտարարություններ է արել եւ խիստ սուբյեկտիվ վերաբերմունք ունի բուհի նկատմամբ, նրա ներկայությունն անառողջ մթնոլորտ կարող է առաջացնել եւ բացասաբար անդրադառնալ բուհի գործունեության վրա: Իսկ բուհի գործունեության վերաբերյալ որեւէ առարկություն կամ դժգոհություն ունենալու դեպքում, ինչպես նշեց ակադեմիայի ներկայացուցիչը, հիմնադրամների մասին օրենքով, լիազորված մարմինը նախ պետք է փորձեր խնդիրները կարգավորել արտադատարանական կարգով՝ իր ենթակայության տակ գտնվող բուհի հետ փորձեր անհասկանալի հարցերին լուծում տալ, մի խոսքով՝ օգտվեր իր իրավունքներից, ինչը չի արվել:

Սակայն հայցվոր կողմի ներկայացուցիչ Մարինե Գրիգորյանն իր հերթին «բողոքեց», որ ակադեմիան երբեւէ որեւէ փաստաթուղթ, հաշվետվություն չի ներկայացրել նախարարություն, որ ամեն ինչ արվել է գաղտնի, իսկ դատավորի հարցին՝ արդյոք ԿԳՆ-ն առաջադրե՞լ է իր թեկնածուին, արդյոք օգտվե՞լ է իր իրավունքներից ու միջամտել բուհի գործունեությանը, ԿԳՆ ներկայացուցիչը պատասխանեց՝ «ոչ»:

Այսպիսով՝ դատարանի որոշումը ենթադրում է, որ պետք է փոխվի հոգաբարձուների խորհրդի կազմը, որը դեռեւս գլխավորում է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, եւ ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի կողմից ընտրված ռեկտոր, ՕԵԿ անդամ Վիկտոր Մարտիրոսյանն այլեւս չի կարող ստանձնել ռեկտորի պաշտոնը: Երեկ պրն Մարտիրոսյանը «Առավոտին» ասաց, որ այսօրվանից ինքը աշխատանքի չի գնա, եւ եթե առաջին ատյանի դատարանի որոշումից հետո ինքը դեռեւս կարող էր շարունակել պաշտոնավարել, ապա վերաքննիչի որոշումը դա թույլ չի տալիս: Ռեկտորի պարտականություններն ըստ ամենայնի առաջիկայում կստանձնի ուսումնական գծով պրոռեկտորը: Իսկ ակադեմիան առաջիկայում կդիմի վճռաբեկ դատարան: «Մենք կարծում ենք, որ մեր ապացույցներով կարող ենք հասնել հաջողության,- մեզ հետ զրույցում երեկ ասաց Արթուր Դավթյանը:- Վճռաբեկում անհաջողություն ունենալու դեպքում մենք կդիմենք նաեւ Սահմանադրական դատարան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել