Լրահոս
Օրվա լրահոսը

«ԷԼԻՏԱՐԱՇԻՆՈՒԹՅԱՆ» ՍՏՎԵՐԸ ԿՎԵՐԱՆԱ՞

Հունվար 12,2007 00:00

\"\"Հարկային մարմինները մտադիր են «էլիտար» շենքերի կառուցապատողներին բերել հարկային դաշտ ու այդ բիզնեսում շրջանառվող մեծ փողերը հավաքել-լցնել բյուջե:

Վերջին 2 տարիների ընթացքում մայրաքաղաքի կենտրոնը վերածվել է էլիտարաշինության հրապարակի: Եթե սկզբում Հայաստանում՝ որպես էլիտար շենքերի բիզնեսմեններ, շոշափվում էին Լուժկովի, Կոբզոնի եւ հայաստանյան «սուպեր» բարձրաստիճան պաշտոնյաների անունները, ապա հիմա էլիտար շենք ունենալն այնքան էլ մեծ «թափ» չի պահանջում, այն հասու է թաղապետերին ու անգամ նրանց տեղակալներին: Իսկ թե ինչու մեր երկրում «էլիտար» շենքերի բիզնեսը սկսեց այդքան գրավիչ դառնալ, պայմանավորված է այս ոլորտում օրենսդրական բացով: Էլիտար շենքերի կառուցապատողների համար ստեղծված էին բոլոր նպաստավոր պայմանները՝ փող աշխատելու: Բիզնեսմենը, խախտելով քաղաքաշինական բոլոր նորմերը, մաղարիչների միջոցով կառուցում էր իր շենքը ու չնայած անթույլատրելի հարկայնությանն ու սեյսմակայության բարձիկների բացակայությանը, բավականին մեծ գումարով վաճառում բնակարանները, իսկ դրանից պետբյուջե չնչին գումարներ էր մտնում: Մայրաքաղաքում էլիտարաշինությամբ զբաղվողները հիմնականում ձեւակերպված են օտարերկրյա ներդրումով ընկերություններ եւ շահութահարկ 50 կամ 100 տոկոսով չեն վճարում: Դրանից բացի, կառուցապատողը, համաձայնության գալով գնորդի հետ, ավելի քիչ հարկ վճարելու համար առուվաճառքի պայմանագրում բնակարանի արժեքը փոքր էր ներկայացնում, իսկ իրականում գնորդից ավելի մեծ գումար վերցնում՝ մեկ բնակարանի շնորհիվ ստանալով հսկայական «սեւ» եկամուտներ:

Բայց հիմա արդեն հարկայինը, գլխի ընկնելով, որ այդ դաշտում մեծ փողեր են պտտվում, որոշել է օրենսդրական բարեփոխումներ անել ու 2007-ի հունվարից բազմաբնակարան շենքեր կառուցողներին մտցնել հարկային դաշտ: Հաշվի առնելով, որ էլիտարաշինության «բումը» նախորդ երկու տարիներին եղավ եւ այս տարի արդեն դաշտը սպառվել է, պասիվացել է, հարկայինի այս նախաձեռնությունը թերեւս կարելի է ուշացած համարել, որովհետեւ մեր երկրում արդեն ով շենք կառուցելու էր՝ կառուցել է, ով էլ գնելու էր՝ արդեն գնել է: Մայրաքաղաքում նոր «էլիտարների» համար տեղ էլ չկա, բացի այդ, դրանց գնորդները հիմնականում սփյուռքահայերն են, որոնք Հայաստան-Սփյուռք գիտաժողովի հետ կապված երբ եկել էին հայրենիք, մեծ քանակով բնակարաններ գնեցին եւ առուվաճառքի պայմանագրերում ֆիքսվեց այն թիվը, որը ձեռնտու էր կառուցապատողի գրպանին: «Մարդիկ ներդրում են անում, ռիսկի են դիմում, մենք չենք կարող ընթացքի ժամանակ գնալ ու ասել՝ հարկերը վճարեք, այդպես չի լինի»,- տարեվերջին հրավիրած ասուլիսում այսպես բացատրեց հարկայինի ուշացած նախաձեռնությունը Հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Հարկայինի տվյալներով՝ ներկայումս միայն Երեւանում 40-45 «էլիտար» բազմաբնակարան շենք է կառուցվում: Հարկայինն այս տարվա ընթացքում լուրջ գումարներ է ակնկալում ստանալ այդ բազմաբնակարան շենքերի կառուցապատողներից ու որպեսզի նախկինում թույլ տված բացը լրացնեն, էլիտարների հարկը նախատեսվում է գանձել ոչ թե կառուցման փուլում, այլ՝ բնակարանների օտարման ժամանակ: Ընդ որում, հարկայինը գնորդի հետ համաձայնության մեջ մտնող եւ մախինացիաներ անող կառուցապատողներին բռնացնելու ձեւեր էլ է մշակել. եթե հարկային մարմինները կապացուցեն, որ շենքն ավելի բարձր գնով է իրացվել, քան կադաստրային արժեքն է, միեւնույն է, հարկը գանձելու են կադաստրային բարձր գներով: Բայց խնդիրն այն է, թե հարկայինը ո՞նց պետք է կարողանա դա ապացուցել: Բնակարանի գինը որոշելու համար հաշվի է առնվելու, թե կառուցապատողը որքան թանկ է գնել շինանյութը, որ շահութահարկն ըստ այդմ գանձվի: Սակայն նկատենք, որ մեր երկրում ամենաստվերային դաշտերից մեկն էլ շինանյութերի վաճառքի բիզնեսն է: Շատ հնարավոր է, որ կառուցապատողները համաձայնության գան շինանյութ վաճառողի հետ եւ եկամուտները քիչ ցույց տալու համար հարկայինին շինանյութերի գնման ավելի բարձր արժեք ներկայացնեն: Հարկային ծառայությունը պետք է յուրաքանչյուր բնակարանի վաճառքի դեպքում առանձին հարցում անի շինանյութերի վաճառքի բոլոր այն կետերից, որտեղից կառուցապատողը գնումներ է արել, իսկ դա խելքին մոտ չէ, քանի որ մեր երկրում շինանյութերի շուկան կանոնակարգված չէ, ցաքուցրիվ է, շինանյութ գնողին կտրոններ չեն տալիս: Բացի այդ, Հայաստանում բնակարանների կադաստրային արժեքի գնահատման ստանդարտները բացակայում են եւ կադաստրի երկու տարբեր գնահատող մասնագետների արդյունքը կարող է տատանվել մինչեւ 70 տոկոսով, ուստի կադաստրային արժեքի որոշումն էլ, ըստ էության, ապացուցողական դեր չի կարող ունենալ եւ կադաստրի մարմինների համար կոռուպցիոն նոր ռիսկեր կստեղծի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել