Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ՝ ԵԿԵՂԵՑԻ

Հունվար 12,2007 00:00

Ռուբեն Թորոսյանը «2007-ի ընտրություններ, որոնք կեղծվեցին 2006-ին» վերնագրով մի կանաչ գրքույկ է հրատարակել, որում ներկայացրել է իր եւ իր համախոհների կարծիքով տարբեր կուսակցությունների եւ պետական կառույցների կողմից թույլ տված օրինախախտումների իրավական փաթեթը: Հիմնական շեշտը դրված է ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Բարգավաճ Հայաստանի», Ժողովրդական կուսակցությունների եւ ԿԸՀ-ի կողմից իրականացված իրավախախտումների վրա: Ըստ գրքույկի հեղինակների, պաշտպանության նախարարը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ եւ անդամակցելով ՀՀԿ-ին՝ նա խախտել է օրենքը: Դաշնակցությանը եւս բաժին հասավ: Պարզվում է՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության հայաստանյան կառույցը գրանցված չէ ՀՀ պետական ռեգիստրում՝ «Պետական ռեգիստրում գրանցվել է մի փաստաթուղթ, որը որեւէ առնչություն չունի ոչ ՀՅԴ համաշխարհային կառույցի, ոչ էլ ՀՅԴ հայաստանյան կազմակերպության հետ: Չգրանցված կուսակցությունը պառլամենտում ունի խմբակցություն, ունի նախարարներ»: Դաշնակցությունից անցում կատարելով դեպի «Բարգավաճ Հայաստան»՝ Ռուբեն Թորոսյանը հայտարարեց, որ նման կուսակցություն գոյություն չունի, եւ այս կուսակցության անվան տակ մարդիկ զբաղվում են բարեգործությամբ: Մեղադրանքներից չփրկվեց նաեւ Տիգրան Կարապետյանի Ժողովրդական կուսակցությունը՝ «Ժողովրդական կուսակցությունը եռանդուն, ստեղծագործ, աննախադեպ բարեգործական գործունեություն է ծավալում: Բայց երբ սա առնչվում է քաղաքական գործունեության հետ՝ արդեն վտանգավոր է»: Նաեւ խորհուրդ տվեց՝ կուսակցության ավտոբուսներով մարդկանց եկեղեցիներ չտանել, այդ բանն անել գոնե ուրիշ ավտոբուսներով: Ռուբեն Թորոսյանը կարծում է, որ իրենց այս կարգի տարբեր հայտարարություններն արդյունք արդեն տվել են՝ ոմանք «սկսել են հասկանալ, որ այսպես չի կարելի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել