Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԻ՛ ԼԻՆԻ ԿԱՐՏՈՖԻԼԱՅԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Հունվար 12,2007 00:00

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարեց. «Ճիշտ է, Վրաստանում եղավ «վարդերի հեղափոխություն», բայց Հայաստանում չի լինի «կարտոֆիլային հեղափոխություն»:

Գալուստ Սահակյանն այդ կանխատեսումն անելիս չտվեց «Բարգավաճ Հայաստան»-ի անունը, իսկ լրագրողների ժպիտներին ի պատասխան էլ ասաց. «Ի՞նչ կապ ունի «Բարգավաճ Հայաստանը» բնամթերքի հետ»: Եվ շարունակեց. «Ուզում եք ասել, որ Վրաստանում քաղաքական ուժ կար ու վարդ էր աճեցնում ու եկավ իշխանությա՞ն»: Հարցին, թե արդյոք կարտոֆիլ եւ այլ բնամթերքներ չե՞ն բաժանում մյուս կուսակցությունները՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Բաժանում են բոլորը. ով՝ որքան կարող է»: Սակայն վերապահում արեց իր կուսակցության համար. «Հանրապետականն այդ իմաստով լռում է, որովհետեւ հեռուստաեթեր էլ չունի, որ որեւէ բան ներկայացնի եւ ցուցադրի: Մենք իշխանության բեռը վերցրած կուսակցություն ենք. մենք բաժանելու խնդիր չունենք: Մեր ծանրությունն այն է, որ կամաց-կամաց հասարակությունը պահելու համար ոչ թե բաժանողներ լինեն, այլ ինքը պետությունը հասու լինի պահելու: Մենք այդ գործն ենք կատարում»: Գալուստ Սահակյանը նաեւ նշեց, որ եթե եթեր ունենային էլ՝ չափավոր քարոզչություն կանեին, առանց պոպուլիզմի. «Ես սա բացասական երեւույթ եմ համարում: Այսինքն՝ այն, ինչ ես ամբողջ օրն անում եմ՝ ոչ ձեզ եմ պատմում, ոչ էլ որեւէ մեկին ցույց եմ տալիս: Ազգաբնակչությանը պետք է օգնել անանուն, մարդուն պետք է օգնել անանուն: Իսկ անանուն կարողանում է օգնել միայն ու միայն պետությունը, իսկ պետության ղեկն այսօր մասամբ մեր ձեռքին է: Եվ մենք փորձում ենք լուծել այն խնդիրները, որոնք կապված են մեր ժողովրդի հետ»:

Գալուստ Սահակյանը նաեւ կանխատեսեց, որ ընդդիմությանը կպատկանի 30 տեղ ապագա խորհրդարանում: Համոզմունք հայտնելով, որ ընդդիմության ներկայությունը խորհրդարանում անհրաժեշտ է՝ նա նաեւ հայտարարեց, որ «այն դեռ չի հասունացել 5 %-ի պատնեշը հաղթահարելու համար, եւ անհրաժեշտ է, որ հզոր քաղաքական ուժերը փոխադարձ պայմանավորվածությունների շրջանակում խորհեին այդ մասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել