Ասում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
– Գաղտնիք չէ, որ իշխանական ուժերը արդեն սկսել են լուրջ ներդրումներ անել քարոզարշավի համար, սիրաշահում են ընտրողներին, ընտրակաշառքներ են բաժանվում բարեգործության քողի տակ, այս ամենի դեմ ընդդիմությունը ի՞նչ է անելու:
– Իշխանությունները ներդրում են այն, ինչ իրենք ունեն, դժբախտաբար, դրանից բացի, իրենք այլ բան չունեն, չունեն ոչ հեղինակություն, ոչ վստահություն, ոչ ժողովրդի սերն ու համակրանքը: Իսկ մեր ժողովուրդը ընտրությունների ժամանակ բազմիցս ցուցադրել է իր կամային հատկությունները, մեր հասարակությունը այնպիսին է, որ երբ յուրաքանչյուր հայ մարդ առանձին մտնում է ընտրատեղամաս՝ քվեարկության, հիշում է այն ամենը, ինչ իշխանությունները բերում են իր գլխին, հիշում է իր լույսի վարձը, չնչին աշխատավարձը, Նոր տարվա խղճուկ տոպրակները, կարտոֆիլը կամ տուկի թելը եւ այդ ժամանակ էլ արտահայտում է իր վերաբերմունքը իրեն արհամարհողի հանդեպ: Արդյունքում՝ իշխանությունները բացում են արկղերը եւ տեսնում, որ իրականում տասը տոկոս էլ չունեն, որ ժողովուրդը 90 տոկոսով իրենց մերժել է՝ նախընտրելով ընդդիմադիր կուսակցություններին: Դրանից հետո սկսվում է Ռոբերտ Քոչարյանի թվանկարչությունը: Իշխանության քայլերն ամբողջությամբ հուշում են, որ իրենք վախեցած են: Ամեն օր հեռուստատեսությամբ եւ ռադիոյով հանդես գալը խոսում է իրենց անվստահության մասին: Իշխանությունները նաեւ որոշակի տակտիկական մեխանիզմ են որդեգրել, որի իմաստը հետեւյալն է՝ ընդդիմությունը չի հաղթի, որովհետեւ միասնական չէ: Հենց այստեղ իշխանությունները պարտված են: Ընդդիմադիր շատ կուսակցություններ, որ իրենց ներդրումն ունեն այս 15 տարիներին մեր երկրի կայացման մեջ, մեն-մենակ անգամ կհաղթեն այդ երեք կուսակցություններին էլ, թեկուզ հենց այն բանի համար, որ իրենք այդ նյութական միջոցները չունեն, կհաղթեն իրենց ապրելու կերպի, երկրին նվիրված լինելու պատճառով: Տեսեք, թե ինչ է կատարվում իրենց ճամբարում: Իրոք, իրենք իրենց աչքի գերանը չտեսնելով՝ ընդդիմությանն են մեղադրում: Օրինակ, դաշնակցական Ալվարդ Պետրոսյանը դեռ տարեվերջին ասաց, որ շատ սիրուն բան է գտել՝ «սոցիալական դարվինիզմ»: Համաձայն եմ տիկին Պետրոսյանի հետ: Նրա ասածը նշանակում է՝ նայելով ձեր արած բարեգործությանը, պարոնայք, սկսում եմ ընդունել, որ մարդը կապիկից է առաջացել: Նման վիրավորանք, Ռոբերտ Քոչարյանի թվարկած 4 կուսակցությունների շարքում, մեկը մյուսի հանդեպ, որեւէ ընդդիմադիր դեռ չի արել: Նրանք իրավունք չունեն մեզ բան ասել, մենք գոնե իրար չենք վիրավորում: Մենք որոշակի եզրեր ենք գտնում 41 ընտրատարածքների մասով, առաջիկայում կառաջանան նաեւ ընդդիմադիր դաշինքներ: Ես չեմ բացառում նաեւ միասնական ցուցակով հանդես գալը:
– Բայց, համաձայնեք, բավականին շատ են հենց այս պահին ընդդիմադիր տարբեր շերտերը՝ եւ Րաֆֆի Հովհաննիսյան-Վազգեն Մանուկյան, եւ Արշակ Սադոյան-ԺՈՒԿ, եւ Գեղամյան-մյուսներ, ՀԺԿ-մյուսներ: Սա նորմա՞լ գործընթաց է:
– Խնդիրը բացարձակ այնպես չի, որ եթե ամբողջ ընդդիմությունը մեկ դաշինքով հանդես չգա, կպարտվի: Բացարձակ այդպես չի: Ընդդիմության մեջ բազմաթիվ կուսակցություններ կան, այդ թվում նաեւ մերը, որ իրենք իրենց վարկանիշով այսօրվա իշխանական ցանկացած կուսակցության կարող են հաղթել: Ցանկացածին, մեն-մենակ: Խնդիրը սա չէ: Ես կողմնակից եմ, որ այն մարդիկ, ովքեր փոփոխություն են ուզում, ում այսօրվա վիճակը չի բավարարում, ով համարում է, որ այսպես շարունակել այլեւս հնարավոր չէ, իսկ այսպես է մտածում ՀՀ բնակչության 90 տոկոսը, ընդհանուր գծերով միասնական հանդես գան: Դա չի նշանակում դաշինք: Շատ լավ է, որ որոշակի կուսակցություններ, այդ թվում նաեւ մենք, բանակցություններ ենք վարում տարբեր քաղաքական կուսակցությունների հետ: Դաշտի խոշորացումը համարում եմ դրական: Համոզված եմ, որ հետընտրական պրոցեսում ընդդիմությունը միասնական է հանդես գալու, համոզված եմ, որ Ռոբերտ Քոչարյանը հիմա փորձում է ստեղծել վիրտուալ իրականություն, որ իբր ընդդիմություն գոյություն չունի, եւ այս գործը անում է արդեն վեց ամիս:
– Դրան դուք հակադրվելու կամ դրա դեմն առնելու քայլեր ունե՞ք:
– Իհարկե՝ ունենք, մենք մտածում ենք երկրի մասին, մտածում ենք այնպես անել, որ երկիրը մեռյալ կետից առաջ շարժվի, ու դրա համար էլ կա 41-ի գաղափարը, կան այլ գաղափարներ, որ հիմա չեմ ուզում ասել: Ստեղծելու ենք այնպիսի իրավիճակ, որ ընտրությունների ժամանակ եւ դրանից հետո թվանկարչությունից հետո էլ, ժողովուրդը կանգնի եւ ասի, որ ինքը ձայնը տվել է Ստեփան Դեմիրճյանին, Արտաշես Գեղամյանին, Արամ Սարգսյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին, մյուսներին, այսինքն՝ ժողովուրդը մերժի վիրտուալ իրականությունը եւ սուտը: Դրանից հետո տեղի կունենա հետընտրական պրոցես: Այս անգամ դա կվերաճի դեմոկրատական հեղափոխության: Ու էս անգամ այդ երկրորդ փուլն էլ չի բավարարելու, որովհետեւ հասարակությունը իր սխալների վրա է սովորում եւ չի կարող մի քանի անգամ խաբվել:
– Եվ կասեք, որ ընդդիմությունը այդ բանն անելու համար ունի՞ բավարար հնարավորություններ:
– Համոզված եմ, ավելին, օրինակ, եթե միայն Երեւան քաղաքի 15 ընտրատարածքներում ընդդիմությունը իր թեկնածուներն ունենա, եւ իշխանությունները համարձակվեն կեղծել, 200 հազար մարդ ընտրությունից հետո փողոց է դուրս գալու: Իսկ դա արդեն դեմոկրատական հեղափոխություն է: Ընդդիմությունը այս հնարավորությունը հստակ ունի: Իշխանությունը՝ բացի փողից եւ բիրտ ուժից, ուրիշ հնարավորություն չունի: Իշխանությունը չունի ժողովրդի աջակցությունը, մեր ժողովուրդը չի սիրում փող ունեցող մարդկանց, որովհետեւ հասկանում է, թե այդ փողերը որտեղից են: Ժողովուրդը ինքն իրեն հարց է տալիս՝ էս իշխանությանը, պետական չինովնիկին, որի աշխատավարձը հայտնի է, էս փողերը որտեղի՞ց: Ժողովուրդը այսօրվա իշխանություններին մերժում է:
Հայաստանին փոփոխություններ են պետք, քանի որ միայն այդ փոփոխությունների արդյունքում ձեւավորված նոր իշխանությունը երկրին այլ իրավիճակ եւ այլ մթնոլորտ կբերի: Ճանապարհը հետեւյալն է՝ հասարակությանն ակտիվորեն մասնակից դարձնել ընտրական գործընթացներին, որից հետո տեղի են ունենալու հետընտրական գործընթացներ՝ տնտեսական պատժամիջոցներով եւ դրանից բխող հետեւանքներով: Տեսեք՝ «Հազարամյակի մարտահրավերները» կախված է այս իշխանությունների գլխին, գումարները չեն տալիս, «Լինսիի հիմնադրամ», գումարները չեն տալիս, նույնիսկ ՀԲ-ի ԾԻԳ-երը օդի մեջ են: Այսինքն՝ տեղի է ունենալու հետեւյալը՝ ֆինանսական պատժամիջոցներ, հասարակական ըմբոստություն, ներառյալ՝ դեմոկրատական հեղափոխություն: Ես այսքանը կթվարկեմ, մնացածը հարցրեք Վարդան Օսկանյանին, ինքը լավ գիտի եւ կասի, թե ինչ տեղի կունենա ընտրությունները դարձյալ կեղծելու դեպքում: Մենք գնում ենք դեմոկրատական հեղափոխության, մենք հույսեր չենք փայփայում, որ այս իշխանությունները կապահովեն արդար ընտրություններ: