Այսպես գնահատեց «Այլընտրանք» նախաձեռնության անդամ Վահագն Խաչատրյանը Ռոբերտ Քոչարյանի անցկացրած աշխատանքային խորհրդակցությունը հարկային եւ մաքսային պետական մարմինների հետ:
Միջազգային կազմակերպությունների զեկույցներում Հայաստանի հարկային ու մաքսային համակարգերը նշվում են ամենակոռումպացված ոլորտների շարքում: Սակայն հունվարի 10-ին կայացած այս խորհրդակցությունում Ռոբերտ Քոչարյանի խոսքից պարզ դարձավ, որ այդ ծառայությունները վատ են աշխատում, «երբ համեմատում ենք մեր վիճակը այլ երկրների՝ Արեւելյան Եվրոպայի, Ռուսաստանի, Ուկրաինայի հետ»: Վահագն Խաչատրյանն այս առնչությամբ ասաց. «Համոզված եմ, որ նույնիսկ տեղյակ էլ չեն, թե ինչպես են այս առումով աշխատում Արեւելյան Եվրոպայում: Ավելի ճիշտ կլիներ հարկային ու մաքսային ծառայությունների աշխատանքը համեմատել «իրար մեջ»՝ անցած տարվա համեմատ, նախանցած տարվա եւ այլն: Եվ եթե հետեւենք միջազգային կառույցների գնահատականներին՝ նրանք այսպիսի հարցերի են ուշադրություն դարձնում. տնտեսագիտության մեջ որակական ցուցանիշ կա՝ հարկերի հարաբերակցությունը ՀՆԱ-ին: Հայաստանում այդ ցուցանիշը չի անցնում 14-14,2 տոկոսից: Նույնիսկ կառավարության բյուջետային ուղերձում անդրադարձ կա այս խնդրին: Հատկապես Կենտրոնական բանկն էր նշել, որ տարիներ շարունակ մնում է նույն հարաբերակցությունը: Իսկ սա նշանակում է, որ պետությանը հնարավորություն չի տրվում կատարել Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը: Սա բարոմետր է, թե ինչ վիճակում է Հայաստանի տնտեսությունը: Եթե այս հարաբերակցությունը չի ավելանում՝ նշանակում է, մեզ մոտ չի փոխվում «ստվերային» տնտեսության տեսակարար կշիռը»:
Երկրի ղեկավարն էլ այս խորհրդակցության ընթացքում նշեց, որ ունենք մեծ ծավալի ստվերային տնտեսություն, «եւ ձեր պարտքն է դրա դեմ պայքարել: Ես ծառայությունների ներսում բավարար չափի եռանդ դեռ չեմ տեսնում ստվերային տնտեսության դեմ պայքարի առումով: Կա բարելավում, բայց այն բավարար համարել այսօրվա իրավիճակում մենք չենք կարող»: Մեր հարցին ի պատասխան, թե համաձա՞յն է, որ իրոք բարելավում կա ստվերային տնտեսության դեմ պայքարում՝ Վահագն Խաչատրյանը հեգնեց. «Այդ մարդիկ՝ ում որ դիմել է, հենց իրենք են ստվերային տնտեսության մեջ: Եթե դիտարկենք նրանց հայտարարագրերը՝ ակնհայտ կդառնա, որ իրենք էլ են ստվերում: Բայց կարող է բարելավում կա այն առումով, որ մի քանի կրպակատերեր, մանր առեւտրականներ կամ փոքր բիզնեսի ներկայացուցիչներ փորձել են չկատարել իրենց հարկային պարտավորությունները, սակայն հայտնաբերվել է: Պետք է մոռանանք տնտեսության մեծ «շնաձկների» մասին: Համոզմունքս է, որ Հայաստանում չկա ստվերային տնտեսություն: Եվ ինքը՝ իշխանությունն է որոշում, թե որ մեկը պետք է մնա ստվերում, որը՝ ոչ: Ստվեր ասածն էլ է պայմանական, քանի որ շատ լավ գիտեն այդ գումարների տեղը: Առավել եւս՝ Ռոբերտ Քոչարյանը, համոզված եմ, շատ լավ տիրապետում է ֆինանսական բոլոր հոսքերին, հարկերի մասին տվյալներին: Սա պարզապես քվոտա է՝ թույլատրվում է, թե որ տնտեսավարող սուբյեկտն ինչ շրջանակներում պետք է հարկի իր աշխատանքը, դուրս բերի ստվերից: Իսկ 2007-ին նրանց նաեւ կպարտադրեն որոշակի կուսակցությունների կամ քաղաքական խմբավորումների ֆինանսավորում, ինչպես 2003-ին էր: Այդ ընտրական տարում առանձին բիզնեսմենների ուղղակի ասացին՝ դուք այսքան ստվերային տնտեսություն ունեք, այսքան չեք հարկվում՝ այդ գումարները կվճարեք նախագահական կամ կուսակցական ընտրարշավի համար»:
Մինչդեռ անդրադառնալով 2007-ի ընտրություններին՝ Ռոբերտ Քոչարյանը հարկային եւ մաքսային կառույցների ղեկավարությանը հիշեցրել էր, որ նրանք քաղաքական գործիչներ չեն եւ ընտրությունների հետ որեւէ կապ չպետք է ունենան: Այս զգուշացումների առնչությամբ «Այլընտրանքի» անդամն ասաց. «Շատ ծիծաղելի վիճակում են հայտնվում՝ մինչեւ հուլիս հարկային մարմնի աշխատակիցն իրավունք չունի քաղաքական գործունեությամբ զբաղվել եւ որեւէ կուսակցության անդամ դառնալ, իսկ հուլիսի 1-ից (երբ ուժի մեջ կմտնի «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխությունը, որով հանվում է հարկային ծառայողների՝ կուսակցության անդամ լինելու գործող արգելքը.- Ա. Ի.) կարող են դառնալ քաղաքական գործիչներ: Եվ պարզ է, չէ՞, թե որ կուսակցության անդամ կդառնան: ՀՀԿ կամ ԲՀԿ՝ ի՞նչ տարբերություն, նույն կարգավիճակն ունեցող այդ կուսակցություններից մեկի, որ նպատակ ունեն վերարտադրել գործող իշխանությունն ու համակարգը»:
Զարմանալի որակեց նաեւ պրն Քոչարյանի այն հայտարարությունը, թե Նախագահի վերահսկողության ծառայության ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ հարկային եւ մաքսային կառույցներում չկա բավարար եռանդ վիճակը կտրականապես փոխելու համար. «Ծիծաղելի է այս ամենը, քանի որ պետք չէ շատ կարդալ պատկերացնելու համար, թե ինչ համակարգ է ստեղծված երկրում՝ օլիգարխիկ, խմբակային շահեր սպասարկող ու կրիմինալ»:
Իսկ ընդհանուր առմամբ գնահատելով այս խորհրդակցությունը՝ Վահագն Խաչատրյանն ասաց. «Հերթական հաթաթա տալն էր, որ տոնական սեղաններից վերկացածներին հիշեցնի, թե կա Ռոբերտ Քոչարյան, որ ի՛նքն է խաղի կանոնները թելադրողը եւ ուրիշ ոչ ոք»: