Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԻԿԸ ՌԻՆԳ ԿՄՏՆԻ ՄԱՐՏԻ 3-ԻՆ

Հունվար 11,2007 00:00

\"\"Մինչեւ 50,802 կգ քաշային կարգում IBF-ի եւ IBO-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանն այս օրերին նախապատրաստվում է մարտի 3-ին ԱՄՆ-ում մեքսիկացի Վիկտոր Բուրգոսի հետ կայանալիք մենամարտին, որում վանաձորցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը պաշտպանելու է իր չեմպիոնական գոտիները:

Մարտը նախապես նշանակված էր հունվարի 6-ին: Այդ մասին Վախթանգն իմացավ, երբ իր հարսնացուի՝ Օլգայի հետ դեռ Հայաստանում էր: Բայց օրերս տեղեկանալով, որ մենամարտը պաշտոնապես հետաձգվել է, պատճառներն իմանալու նպատակով զանգահարեցինք Սիդնեյ: «Պատճառն իմ ու Բուրգոսի պրոումոթերների՝ մենամարտի անցկացման պայմանների շուրջ այն ժամանակ համաձայնության չգալն էր,- ասաց Վիկը:- Հիմա բոլոր մանրամասները հստակեցվել են ու մարտի 3-ը, կարծում եմ, վերջնականապես հաստատված օր է: Նախապատրաստվում եմ ամենայն լրջությամբ: Փետրվարի կեսերին կմեկնեմ Միացյալ Նահանգներ ու այնտեղ կանցկացնեմ նախապատրաստության վերջին փուլը: Օգտվելով առիթից՝ իմ ու Օլգայի անունից շնորհավորում եմ հայրենակիցներիս Ամանորն ու Սուրբ ծնունդը, մաղթում խաղաղություն եւ քաջառողջություն»:

Մարզասերներին հիշեցնենք, որ Վախթանգ Դարչինյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 27 մենամարտ եւ բոլորում էլ հաղթանակ է տոնել, ընդ որում 22-ը՝ ժամկետից շուտ, իսկ մեքսիկացի Վիկտոր Բուրգոսը 56 մենամարտից հաղթել է 39-ում (23-ը՝ նոկաուտով), կրել 14 պարտություն եւ 3-ն էլ ավարտել ոչ-ոքի արդյունքով:

Խորեն Գեւորը ձեռնոց է նետել Ջերմեն Թեյլորին

«AllBosing» ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ էջմիածինցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, միջին քաշային Խորեն Գեւորը, ով ներկայումս բնակվում է Գերմանիայում, դարձել է WBO-ի վարկածով չեմպիոնական տիտղոսի պարտադիր հավակնորդ: Վերջերս նա հայտարարել է, թե պատրաստ է գոտին խլել այդ կազմակերպության ներկայիս գործող չեմպիոն Ջերմեն Թեյլորից: «Ինձ հետ մենամարտում Թեյլորը լուրջ բարդությունների կբախվի,- լրատվամիջոցներին հայտարարել է Խորեն Գեւորը:- Նա դեռեւս ոչ մի պարտություն չունի, ինչպես մինչեւ ինձ հանդիպելը չունեին Չիրկովը, Մագալլանեսը եւ Խոմիցկին: Ես տիտղոսի համար մենամարտելու բոլորից ավելի մեծ վաստակ ունեմ եւ պատրաստ եմ ամեն պահի ռինգ մտնել Թեյլորի հետ ու հաղթել նրան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել