«Շրջանակ» խորագրով ցուցահանդեսը «կճամփորդի»
«Քաղաքացիական նախաձեռնությունների ազատ ամբիոն» եւ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ-ները՝ «Արվեստի շարժական դպրոց» ծրագրի շրջանակում երեկ Գավառի պետական համալսարանում կազմակերպել էին «Շրջանակ» խորագրով լուսանկարչական ցուցահանդես: Այն կայցելի նաեւ Բերդ, Ճամբարակ եւ Իջեւան: Միջոցառումն իրականացվում էր Բաց հասարակության ինստիտուտի հայաստանյան հիմնադրամի աջակցությամբ: Ներկայացվեցին Բերդ, Վերին Կարմիրաղբյուր, Ճամբարակ եւ Վահան համայնքների դեռահասների աշխատանքները: Նրանք 2005-ին մասնակցել էին Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերում իրականացվող «Քաղաքացիական հասարակության ցանց» (ՔՀՑ) ծրագրի շրջանակներում անցկացվող լուսանկարչական դասընթացներին: «Քաղաքացիական նախաձեռնությունների ազատ ամբիոնի» նախագահ եւ «Արվեստի շարժական դպրոց» ծրագրի ղեկավար Գայանե Մարկոսյանն ասաց. «Մենք դասընթացների ընթացքում նկատեցինք, որ լուսանկարչությունը հետաքրքրում է երիտասարդներին: Ցավոք, պարապմունքները քիչ էին: Երեխաներն էլ սահմանափակվում էին դասերով, ու մտավախություն կար, թե ստացած գիտելիքները հետագայում չեն կիրառի: Երբ Բաց հասարակության ինստիտուտը հայտարարեց «Միջհամայնքային կապեր մշակույթի միջոցով» ծրագիրը, մենք որոշեցինք, որ կարելի է էլ ավելի ակտիվացնել այս երեխաների գործունեությունը, ինչպես նաեւ ցուցահանդեսներ կազմակերպել ոչ միայն իրենց մարզերում: Համոզված եմ, որ այս երիտասարդները ապագայում կդառնան իրենց համայնքների տարեգիրը»: Նա ավելացրեց. «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մարզաբնակների կյանքը գորշ ու միապաղաղ է անցնում: Ցանկալի է՝ շատերը օրինակ վերցնեն մեր լուսանկարիչներից եւ փորձեն այլ կերպ հետաքրքիր դարձնել իրենց օրը»:
Նկարներում լուսանկարիչները անմահացրել էին իրենց բնակավայրերի հետաքրքիր դեմքերին, արեւամուտն ու արեւածագը, մարզային առօրյան ու կենցաղը՝ ինչպես են մարդիկ գետում լողում, լավաշ թխում, դդում կտրում եւ այլն: Ցուցահանդեսի այցելուներն էլ, ուսումնասիրելով աշխատանքները, փորձում էին իրենց նմանեցնել նկարի այս կամ այն հերոսին: Երիտասարդ լուսանկարիչ Անի Թորոսյանի մայրը, որ սովորում էր Գավառի համալսարանում, տեսնելով դստեր լուսանկարը՝ արտասվեց: Համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը նշեց, որ իրենց մոտ ցուցահանդեսներ կազմակերպվում են, բայց ոչ հաճախակի. «Հիմնականում մեր ուսանողների աշխատանքներն են ցուցադրվում: Բացի ցուցահանդեսներից, այլ մշակութային միջոցառումներ էլ են անցկացվում, ցավոք՝ միայն տեղացիների մասնակցությամբ: Մայրաքաղաքի կամ արտերկրի մշակութային գործիչներին տեսնելու կարոտ կա, չնայած մեր համալսարանականները ջանք չեն խնայում լրացնելու մշակութային բացը»: