Լրահոս
Օրվա լրահոսը

Սեֆիլյանը գիտեր, որ իրեն կբռնեն

Հունվար 11,2007 00:00

\"\"Բայց փախչելու փորձ չի արել

«Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության խորհրդաժողովում հնչած կոչերի ու հայտարարությունների առթիվ Մարդու իրավունքների պաշտպանության օրը՝ դեկտեմբերի 10-ին, Ազգային անվտանգության աշխատակիցները ձերբակալել եւ իրենց տարածքում գտնվող «Երեւան-Կենտրոն» մեկուսարան են տեղափոխել Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին ու ազատամարտիկ Վարդան Մալխասյանին: Նրանք մեղադրվում էին սահմանադրական կարգը բռնի փոխելու ծրագրի «շրջանակներում»: Մեր տեղեկություններով, Ժ. Սեֆիլյանը մինչ երեկ ցուցմունք չի տվել եւ հրաժարվել է առհասարակ դա անել: Ցուցմունք է տվել Վարդան Մալխասյանը: Դեկտեմբերի 28-ին ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց, որ ձերբակալվել է Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ Վահան Արոյանը: Վերջինիս բնակարանից խուզարկության ժամանակ հայտնաբերվել էին «Մուխա» տիպի նռնականետ, «Ստրելա» տիպի զենիթային շարժական համակարգ, ռադիոկապ, հրացաններ, փամփուշտներ, նորագույն տեխնիկա: Մինչ այս, ԱԱԾ-ն խուզարկություններ էր կատարել Սեֆիլյանի «Ազատագրված տարածքների պաշտպանություն» կազմակերպության 60 անդամների, համակիրների բնակարաններում, գրասենյակներում, սակայն խոհանոցային ինքնաշեն դանակներից, ուսումնական մի քանի հրացաններից բացի՝ ոչինչ չէր գտնվել: Սակայն, հավանաբար, ԱԱԾ-ն մտադիր է ապացուցել, որ «Համախմբումը» մտադիր էր հեղաշրջումն իրականացնել զինված ճանապարհով: Ձերբակալված Վահան Արոյանը հայտնի է Վանո անունով: Ունի երկու անչափահաս երեխա՝ 7, 8 տարեկան տղա եւ աղջիկ: «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության ներկայիս պատասխանատու Արմեն Աղայանը երեկ մեր հարցին, թե Վահան Արոյանը գիտե՞ր Սեֆիլյանին, որքանո՞վ է նա առնչվում այդ գործի հետ, պատասխանեց, որ Ժիրայրին ճանաչել է 1992-ից, քանի որ եղել է Շուշիի ազատագրման օրերին Արարատի դասակի անդամ: Ի դեպ, վերոհիշյալ դասակի հրամանատարն էր Գրիգոր Գրիգորյանը՝ «Շերիֆը», որը, ասում են, Վահանի ազգականն էլ է: Այդ դասակում է կռվել նաեւ «Վեդի Ալկոյի» տնօրեն Մանվել Ղազարյանը:

Վահանը հայտնի է նրանով, որ զենքի ֆանատ էր, նրա տանը գտնված զենքի մասին տեղյակ էին ազգային անվտանգությունում: Ողջ գյուղը գիտեր, որ Թուրքիայի հետ իրենց սահմանամերձ գյուղը ապօրինի խախտողները կհանդիպեին Վահանի պաշտպանությանը, դիմադրությանը: Զենքերն այդ իմաստով պատրաստի վիճակում էին, յուղած եւ սարքին: Պարզ է, որ Վահանի կերպարով ԱԱԾ-ն պետք է հաստատեր զինված հեղաշրջման առաջ քաշած վարկածը, զինապահեստի առկայությունն էլ իրեղեն ապացույց էր:

«Առավոտի» տեղեկություններով, Ժիրայր Սեֆիլյանը իր ձերբակալման եւ արտաքսման մասին իմացել է Վահանից: Ինչ-որ մեկն էլ զանգել էր Վահանին, թե «ի՞նչ գործ ունես Ժիրոյի հետ, նրան էս երկու օրը բռնելու են»: Սեֆիլյանը իմանալով հանդերձ իր սպասվելիք ձերբակալության մասին, չդիմեց փախուստի: Նույնիսկ իր մոտ գտնվող զենքը չթաքցրեց: Երեկ Արմեն Աղայանը հաստատեց մեր լուրը, որ Սեֆիլյանն իրոք տեղեկացված է եղել իր ձերբակալման մասին:

Մեր տեղեկություններով, Վանոյի կնոջը՝ Վարդուհուն, ապօրինի տանում են հարցաքննության՝ այն ժամանակ, երբ նա ամուսնուն հանձնուք էր բերել Ազգային անվտանգության ծառայություն: Նրան փաստորեն չեն զգուշացրել հարցաքննության մասին, Վարդուհին չի ունեցել փաստաբան եւ չի տեղեկացվել, որ իր մերձավորի նկատմամբ կարող է ցուցմունք չտալ՝ գործող սահմանադրության համաձայն:

Երեկ տեղեկացանք, որ Բեյրութից Հայաստան է եկել նաեւ Սեֆիլյանի եղբայրը: 70-ամյա մայրը՝ տիկ. Սիման, գտնվում է դեռ բժիշկների հսկողության տակ: Բժիշկները վիրահատության առաջարկ են արել նրան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել