Այդպես է Ռադիկ Մարտիրոսյանը գնահատում Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի առաջարկները:
Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը (ԳԱՏԱՀ) երեկ հրավիրել էր մամուլի ասուլիս՝ գիտության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ մշակված հայեցակարգի եւ ակադեմիայի ճակատագիրը քննարկելու: Հիշեցնենք՝ այս հայեցակարգի մշակման համար ՀՀ նախագահի հանձնարարությամբ ստեղծվել էր միջգերատեսչական հանձնաժողով, որի անդամներից յուրաքանչյուրն, ըստ ԳԱՏԱՀ նախագահ Հարություն Կարապետյանի, «գիտություն կոչվող կտուրի տակ» հետապնդում է իր հատվածական շահերը, եւ միամտություն կլինի կարծել, որ այս մարդիկ կարող են գիտության զարգացմանը միտված օբյեկտիվ մի փաստաթուղթ ստեղծել»: Ի դեպ, հանձնաժողովի կազմում են ԿԳ նախկին եւ ներկա նախարարները, ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը, ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, նախագահի աշխատակազմի, ԲՈՀ-ի եւ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ: Հ. Կարապետյանը մտավախություն ունի, որ ինչ-որ ուժեր ուզում են վիժեցնել բարեփոխումների ողջ գործընթացը, ինչպես կարողացան ասպարեզից հանել ՄԱԿ-ի փորձագետների մշակած՝ բարեփոխումներին վերաբերող առաջարկներն ու ուսումնասիրությունները, որոնք շրջանառության մեջ դրվեցին դեռեւս մեկ տարի առաջ եւ այդպես էլ անհետ կորան: Ավելի կոնկրետ՝ ԳԱՏԱՀ-ի կարծիքով, այդ ամենն անում է ԳԱԱ նախագահությունը, իսկ դիրիժորի դերում թերեւս ԳԱԱ նախագահն է. «Այդ ուժերի ծանր հրետանին տեղակայված է Բաղրամյան 24 հասցեում», ով ուզում է պահպանել իր հատուկ կարգավիճակը եւ հնարավորինս քիչ պարտավորություններ ստանձնել:
Երեկ իր հերթին այս առնչությամբ պատասխան ասուլիս տվեց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ով ԳԱԱ փոխպրեզիդենտ Յուրի Շուքուրյանի, ԿԳ փոխնախարար Ա. Ավետիսյանի հետ միասին նաեւ ԳԱՏԱՀ-ի գիտական խորհրդի անդամ է: Պրն Մարտիրոսյանն իր կողմից կարծիք հայտնեց, որ կազմակերպված դավադրությունը միայն ԳԱՏԱՀ-ի ձեռքի գործը չէ, այլ հնարավոր է, գործին խառնված են ԿԳՆ այն պաշտոնյաները, ովքեր իրենց շահերն ունեն այս ամենից, իսկ ժամանակին ՄԱԿ-ի փաստաթղթի մշակման համար կառավարությունից գումարներ են ստացել եւ այսօր փորձում են պաշտպանել այն: Սա առանձին թեմա է, եւ սրան դեռ կանդրադառնանք: Վերացնել ԳԱԱ նախագահության արտոնությունները. այս է պահանջում ԳԱՏԱՀ-ը՝ մեջբերելով որոշակի թվեր, ըստ որոնց, օրինակ, տարեկան 700-750 հազար դոլար բյուջեից անիմաստ տրվում է ԳԱԱ նախագահությանը՝ պահպանման ծախսերի համար, այն դեպքում, երբ ԳԱՏԱՀ-ը տարեկան 400 հազար դոլարով գիտությանը մեծ օգուտներ է բերում: Ռ. Մարտիրոսյանն իր հերթին մեկնաբանեց այս թվերը՝ ճշտելով, որ 2007 թ. բյուջեով միայն 600 հազար դոլար է հատկացված նախագահությանը, որի կեսը միայն ակադեմիկոսների եւ թղթակից անդամներին տրվող պատվովճարներն են, իսկ մնացած գումարներն էլ հազիվ են բավարարում որոշակի գրականության տպագրման ու ինչ-որ վերանորոգման աշխատանքների:
«Թղթակից անդամների եւ ինստիտուտների տնօրենների վերջին ընտրությունները խայտառակություն էին, համակարգը փորձեց վերարտադրել ինքն իրեն, եւ դա հաջողվեց, նրանց հիմնական միտումն է ապահովել իրենց ապագան, եւ ոչ՝ գիտության,- ասում է Հ. Կարապետյանը,- այսօր իրականացվում է Հայաստանի գիտության արդեն ոչ թե գավառականացում, այլ բացահայտ «թաղայնացում»՝ քրեական բնույթի երանգներով»: Պրն Կարապետյանն իր այս հայտարարությունը չմանրամասնեց կոնկրետ օրինակներով, իսկ ԳԱԱ նախագահությունը երեկ վիրավորված էր հատկապես «քրեական» բառից: Ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը զարմացած էր, որ այսօր մարդիկ կպել են գիտությունից եւ մոռանում են, որ մեր կողքին ապրում են խոշոր կաշառակերներ, եւ հենց նրանց պետք է առաջին հերթին մերկացնել: Եթե Հ. Կարապետյանի կարծիքով թղթակից անդամի թեկնածուների շարքում միայն 2-3 արժանի մարդ կար, ապա Ռ. Մարտիրոսյանը պնդում էր, որ միայն 5-6 հոգու դեպքում էր, որ այնքան էլ օբյեկտիվ ընտրություն չի եղել:
Հ. Կարապետյանի պատկերացմամբ, նախագահությունը պետք է ստեղծագործական միության դեր ստանձնի՝ անկախ գործակալության տեսքով եւ զբաղվի գիտության կառավարման հարցերով: Իսկ ինստիտուտները ԿԳՆ-ի ենթակայության տակ պետք է գործեն, որպեսզի ապահովվի այդ գործակալության անկախությունը: «Ինչո՞վ պետք է ապացուցի պրն Կարապետյանը, որ բաժանմունքը չի կարող անկախ աշխատել, իսկ նախարարությունը կարող է,- հակադարձում է Ռ. Մարտիրոսյանը,- գիտությունը զարգանում է գիտական մթնոլորտում՝ քննարկումների արդյունքում, այստեղ՝ բաժանմունքներում: Ինչո՞ւ նման հայտնագործություններ Լեհաստանում, Սլովենիայում, Բուլղարիայում եւ այլ երկրներում չարվեցին, նման խելոքներ չկայի՞ն: Գիտությունը չի կարելի կառավարել, այլ կարելի է կոորդինացնել, ստուգել հաշվետվությունները եւ այլն: Չկա մի երկիր, որտեղ գիտությունը պետության մենաշնորհը չլինի»: Բարձրացված այլ՝ հատկապես ԲՈՀ-ին վերաբերող խնդիրներին կանդրադառնանք առանձին հրապարակմամբ: