Լրահոս
Օրվա լրահոսը

Աղմուկ՝ ՀՀ-ին զենք վաճառելու շուրջ

Հունվար 11,2007 00:00

Սերբիայի արտգործնախարար Վուկ Դրաժկովիչը քննադատել է Հայաստանին զենք վաճառելու գործարքը:

«Արտգործնախարարությունը զենքի արտահանման թույլտվություն չի տալիս՝ դա Սերբիայի կառավարության գործն է»,- հայտարարել է Դրաժկովիչը Բելգրադում լույս տեսնող «Վեչերնիե նովոստի» թերթին տված հարցազրույցում: «Մենք միայն քաղաքական կարծիք ենք հայտնում, եւ այդ կարծիքը չի փոխվել: Մենք երկար ժամանակ հայտարարում էինք, որ ԵԱՀԿ-ն Հայաստանին եւ Ադրբեջանին զենքի վաճառքի արգելք է սահմանել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով, եւ որ կա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 8153 պարտադրող բանաձեւը, որը բոլոր երկրներից պահանջում է ձեռնպահ մնալ Հայաստանին կամ Ադրբեջանին որեւէ զենքի կամ զինամթերքի մատակարարումից»,- պարզաբանել է Սերբիայի արտգործնախարարը:

Ըստ տարբեր աղբյուրների՝ սերբ զինագործները 2007 թվականի առաջին ամիսներին մտադիր են Հայաստանին 2,6 միլիոն դոլարի զենք վաճառել: Սերբական Կրագուեւաց քաղաքում գտնվող «Զաստավա» գործարանի կառավարիչ Դրագոլյուբ Գրույովիչը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ Հայաստանին հրազեն է վաճառվում, հիմնականում՝ ավտոմատներ: Նախատեսվում է հունվարի վերջին առաքել առաջին խմբաքանակը, իսկ մարտին՝ ամբողջությամբ ավարտել մատակարարումը: Սերբիայի արտգործնախարարը հիշատակել է նաեւ ԱՄՆ կառավարության որոշումը՝ դադարեցնել գործակցությունը զենքի վաճառքի արգելքը խախտող երկրների հետ, եւ հավելել. «Քանի որ Կրագուեւացի զինագործները տարեկան ավելի քան 20 միլիոն դոլար են վաստակում Միացյալ Նահանգներ զենքի արտահանումից, մեծ է Հայաստանի հետ 2 միլիոնանոց գործարքի պատճառով 22 միլիոն դոլար կորցնելու վտանգը»:

Այս գործարքը Սերբիայում բավականին մեծ աղմուկ է բարձրացրել: Պայմանագիրը ստորագրվել էր անցած ամռանը, բայց աշնանը Սերբիայի կառավարությունը արգելափակել էր դրա իրականացումը: Դեկտեմբերի սկզբին «Զաստավա» ընկերության ղեկավարները քննադատեցին Սերբիայի կառավարությանը՝ Հայաստանի հետ համաձայնեցված գործարքը արգելափակելու համար: «Զաստավա»-ի 2600 աշխատողներ գործադուլ հայտարարեցին՝ կառավարությունից պահանջելով թույլատրել Հայաստանի հետ նախատեսված գործարքի իրականացումը կամ տալ ֆինանսական փոխհատուցում: Կառավարությունը կտրականապես հրաժարվում է կատարել նրանց պահանջները:

Դրաժկովիչն ընդգծել է, որ ինքն ի սկզբանե եղել է այն կարծիքին, թե «պետությունը պետք է փոխհատուցեր զենք արտադրողներին»:

Միաժամանակ, նա նշել է, որ կառավարության հավանության դեպքում Հայաստանին զենքի վաճառքը կարող է կայանալ. «Եթե կառավարությունը դա որոշի նախագահ Տաջիչի վարած, իմ կարծիքով, անպատասխանատու եւ գաղտնի դիվանագիտությունից հետո, ապա մեր պետությունը պարտավորված կլինի զեկուցել զենքի արտահանման մասին ԵԱՀԿ-ին եւ ՄԱԿ-ին ու բացատրել նրանց, թե ինչո՞ւ են զենքի վաճառքի արգելքը եւ ՄԱԿ-ի պարտադրող բանաձեւը խախտվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել