Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանափոխությունն անխուսափելի է»

Հունվար 11,2007 00:00

Վստահ է «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանը

Արտաշես Գեղամյանը վստահ է, որ ընդդիմությունը բավարար ուժ եւ կամք ունի միասնաբար հանդես գալու եւ համերաշխ գործելու խորհրդարանական ընտրություններում. «Մոտեցումը, որ բոլոր ընտրատարածքներում ընդդիմությունը ունենա միասնական թեկնածու, մեր կողմից ընդունելի է, իսկ ավելի ճշգրիտ, թե որ ընտրատարածքում որ կուսակցության որ թեկնածուին կտրվի նախապատվությունը, դա աշխատանքային բանակցությունների առարկա է, որը, կարծում եմ, առաջիկայում կլուծվի»: Սակայն հնարավո՞ր է, որ հենց այդ հարցում ընդդիմության լիդերները իրար հետ լեզու չգտնեն եւ այդ հարցը դառնա դեռեւս չմիավորված ընդդիմության հերթական պառակտման առիթ: Մեր այս դիտարկմանը ի պատասխան՝ Արտաշես Գեղամյանը նկատեց, որ նման բան չի կարող լինել. «Բացարձակապես չեմ կարծում, որ դա կդառնա պառակտման առիթ, հակառակը, համոզված եմ, որ նման գործընթացը էլ ավելի կմիաձուլի ընդդիմությանը, որովհետեւ ակնհայտ է՝ ազատ, արդար ընտրությունների պարագայում բոլոր 41 ընտրատարածքներում էլ հաղթող կճանաչվեն ընդդիմադիր քաղաքական գործիչները»:

Մենք նկատեցինք, որ Արտաշես Գեղամյանի՝ նման լավատեսությունը ուղղակի անհասկանալի է, երբ այսօր արդեն ակնհայտ է, որ իշխանական ուժերը բավականին մեծ ռեսուրսներ՝ թե մարդկային, թե ֆինանսական, թե այլ կարգի, խաղի մեջ են մտցրել՝ հաղթելու նպատակով։ Հետաքրքիր է, թե այսպիսի հզոր լծակների դեմ ի՞նչ է դնելու ընդդիմությունը, որ այդպես վստահաբար ասում է, թե բոլոր 41 ընտրատարածքներում հաղթելու են հենց ընդդիմության թեկնածուները: Պարոն Գեղամյանը մեզ խորհուրդ տվեց հարցին մոտենալ «այլ տեսանկյունից. եթե վաղօրոք հսկայածավալ ֆինանսական միջոցներ են ներդրվում, եթերից դուրս չեն գալիս, կնշանակի՝ իրենք խուճապի մեջ են եւ զգում են իրենց սեփական վախճանի մոտալուտ լինելը: Միայն խուճապահար քաղաքական ուժը դեռ ընտրություններից մեկ տարի առաջ կսկսի նվերներ բաժանել, հեռուստաեթերից զանազան հարցերի պատասխանել, ռադիո-ժամ վարձել՝ զուգահեռաբար այդ ամենից զրկելով ընդդիմությանը: Այս ամենը ինքնին ոգեւորում է մեզ, քանի որ ապացուցում է մեր հաշվարկների, մեր վերլուծությունների ճշմարտացիությունը, այն է՝ իշխանափոխությունը այլեւս անխուսափելի է: Իսկ թե ի՞նչ է հակադրելու կոնկրետ «Ազգային միաբանությունը» այս ամենին՝ էլ ավելի մերձեցումը ժողովրդական ամենալայն զանգվածների հետ, համակարգված աշխատանքը ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ, խնդիր ունենալով անել ամեն ինչ՝ ընտրակեղծիքները, ահաբեկությունները բացառելու, եւ մեր ժողովրդին համոզիչ կերպով ցույց տալ մեր միասնական ուժը եւ կամքը՝ այս ապազգային իշխանությունների առաջն առնելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել