Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունն անցած ողջ տարին չէր անդրադառնում ՌԴ-ում հայերի սպանությունների խնդրին:
Եվ միայն դեկտեմբերի 29-ին հրապարակեց իր մեկնաբանությունները՝ «7 մոլորություն ռուսաստանյան քսենոֆոբիայի շուրջ» անվանմամբ:
«Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը շատ տհաճ էր տեսնել, որ հայկական մամուլում Ռուսաստանում քսենոֆոբիայի դրսեւորումների մասին հրապարակումների մեծ մասը հիստերիկ բնույթի էին, գույները խտացվում էին»,- նշված էր հրապարակման մեջ, որի նպատակը ներկայացված է ԶԼՄ-ներում արտացոլված որոշ թեզեր վերանայելը:
«Իրավունքի եւ ազատության կենտրոնի» նախագահ Վարդան Հարությունյանի հետ (որը նախկինում անդրադարձել է այս սպանությունների խնդրին) զրույցի ընթացքում անդրադարձանք դեսպանության որոշ հակաթեզերի:
Այսպես, հերքել փորձելով այն թեզը, թե «Ռուսաստանում քսենոֆոբիայի ամենաբարձր մակարդակներից է ամբողջ աշխարհի մասշտաբով»՝ դեսպանությունը մասնավորապես նշել էր, թե Ռուսաստանը ինքն է տուժում Բալթյան երկրներում իր հայրենակիցների հանդեպ դրսեւորվող այդ երեւույթից: Նաեւ հավելել, որ նույնն է Վրաստանում, «ուր մշտապես ոտնահարվում են ազգային փոքրամասնությունների, այդ թվում եւ հայերի իրավունքները»: Վարդան Հարությունյանն այս պնդումներին ի պատասխան ասաց. «Կարծում եմ, որ քսենոֆոբիան հակամարդկային այն երեւույթն է, որտեղ չպիտի լինի չափային մոտեցում: Մի տեղ՝ շատ, մի տեղ՝ քիչ, նշանակություն չունի: Անկախ տուժածների քանակից: Ամենափոքր իսկ չափը բավական է դրան բացասաբար վերաբերվելու համար: Ինչ վերաբերում է Մերձբալթիկայում եւ Վրաստանում նման երեւույթի առկայության մասին պնդումներին՝ գոնե ես տեղյակ չեմ փաստերի, որ նշված երկրներում որեւէ մեկին սպանած կամ ծեծած լինեն ազգությամբ ռուս լինելու համար: Իսկ ՌԴ-ում ազգային հողի վրա նման բռնություններ տեղի են ունենում ամեն օր»:
Հակադրվելով այն թեզին, թե «Ազգայնականությունը Ռուսաստանում պետական քաղաքականություն է», դեսպանությունը նաեւ մի կսմիթ էր հրապարակել. «Ինչ վերաբերում է Ռուսաստանի քաղաքականությանը արտասահմանցիների հանդեպ, ապա նրանց նկատմամբ վերաբերմունքը բարյացակամ է, պայմանով, որ նրանք օրինականորեն են գալիս եւ ապրում Ռուսաստանի տարածքում, կատարում են մեր երկրի օրենքները եւ հանցանքներ չեն գործում»: Արդյոք սա թաքուն կշտամբա՞նք չէ, որ հայերի մեծամասնությունը չի ապահովում այդ պայմանները՝ հարցին, Վարդան Հարությունյանը պատասխանեց. «Ողջ աշխարհում գոյություն ունի թաքնված միգրացիա: Ողջ Եվրոպան լցված է թաքնված միգրանտներով: Եվ զարմանալի կլիներ, եթե եվրոպական երկրների կառավարություններն ու դեսպանատները բնականոն համարեին անօրինական միգրանտների նկատմամբ բռնության կիրառումը կամ սպանությունները: Սրանք աննորմալ երեւույթներ են՝ անկախ նրանից, թե մարդն ինչ ճանապարհով է հայտնվել տվյալ երկրում: Եթե ապօրինի ճանապարհով է հայտնվել՝ կարելի է նրան օրինական ձեւով արտաքսել եւ ոչ թե ծեծել կամ սպանել, արդարանալով, թե ծեծվածը կամ սպանվածը հանցագործ էր կամ անօրեն էր բնակվում ՌԴ-ում»:
Դեսպանատունը հանգամանալից պարզաբանումներ էր ներկայացրել այն թեզի կապակցությամբ, թե «Ռուսաստանում բացահայտ գործում են ակնհայտորեն ռասիստական նպատակներ քարոզող քաղաքական կուսակցությունները»: Եվ մասնավորապես թվարկել էր, թե ՌԴ-ում մերժում են ազգայնական գաղափարներով հանդես եկող կուսակցությունների պետական գրանցումը, Պետդուման ընդունել է «Ծայրահեղական գործունեությանը հակազդելու մասին» օրենքի փոփոխություններ, ՌԴ 13 նահանգապետեր ստորագրել են ուղերձ՝ կոչ անելով «հանրային կյանքից մեկուսացնել» այնպիսի գործիչներին, ինչպիսիք են Է. Լիմոնովը եւ այլք: Պատասխանելով հարցին, թե արդյոք թվարկված միջոցները բավարա՞ր են ծայրահեղական խմբավորումներին հակազդելու համար՝ պրն Հարությունյանն ասաց. «Չգիտեմ, թե ՌԴ իշխանություններն ի՞նչ նպատակաուղղված քաղաքականություն են վարում ծայրահեղականության դեմ պայքարում եւ ինչքա՞ն ուժ են գործադրում: Գուցե նրանք իրոք չէին ցանկանա, որ ծայրահեղականությունը տարածվեր ողջ ՌԴ-ով մեկ: Բայց փորձը ցույց է տալիս լրիվ հակառակը: Ե՛վ Պետդումայի, ե՛ւ կառավարության ներկայացուցիչները մամուլում ազատորեն դրսեւորում են այլազգիների նկատմամբ իրենց բացասական վերաբերմունքը՝ դրանով իսկ խրախուսելով ազգայնականների շատացումը եւ կազմակերպումը: Բացի այդ՝ որեւէ իշխանություն նախապես չի ընդունում, թե զիջում է իր դիրքերը ազգայնականներին: Դրա վառ օրինակ կարող է հանդիսանալ 20-րդ դարասկզբի Գերմանիան: Սկզբում, երբ երիտասարդ ֆաշիստները գեղեցիկ հագնված երգում էին գարեջրատներում կամ իրենց ուժն էին ցուցադրում Բեռլինի փողոցներում՝ հաճելի տպավորություն էին թողնում գերմանացիների վրա, նույնիսկ ոգեւորում շատերին: Իսկ թե հետագայում ինչի դա վերածվեց՝ ցույց տվեց պատմությունը: Չէի ցանկանա, որ ՌԴ-ում նույնպես կրկնվեր այդ սարսափը: Այդ աղետի դեմ հարկավոր է իրական պայքար մղել, մի բան, որ ՌԴ-ում այսօր չի նկատվում: Վկան՝ հենց դեսպանատան տարածած այս փաստաթուղթն է, որը նպատակ ունի թերագնահատելու վտանգի լրջությունը»:
Դեսպանատան հրապարակման հիմնական կռվաններից մեկն է, թե վերջերս Ռուսաստան էր եկել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի՝ ռասիզմի ժամանակակից ձեւերի, ռասայական խտրականության, քսենոֆոբիայի եւ դրանց հետ կապված հարցերով հատուկ զեկուցող Դ. Դիենան, որը եզրակացրել է. «Ռուսաստանում չկա ռասիզմի, քսենոֆոբիայի եւ ազգային անհանդուրժողականության պետական քաղաքականություն»: Ուստի գուցե իրոք մոլորությո՞ւն է ՌԴ-ում քսենոֆոբիայի մասին պնդելը՝ հարցին իրավապաշտպանը պատասխանեց. «Մենք չենք էլ պնդել, թե Ռուսաստանում ազգային անհանդուրժողականությունը պետական քաղաքականություն է: Այն ավելի շուտ այս խնդրի նկատմամբ պետական հստակ քաղաքականության բացակայության արդյունք է: Գուցե պետական քաղաքականության մեջ, ինչպես նշվել է զեկույցում, ռասիզմ չկա, բայց այդ երկրում ոչ սլավոնները ամեն վայրկյան են հանդիպում ռասիզմի դրսեւորումների: Եվ ի վերջո՝ մարդկանց համար մեկ է՝ նրանց սպանում են պետակա՞ն քաղաքականության հետեւանքով, թե՞ այդ քաղաքականությունից անկախ»:
Միակ թեզը, որի կապակցությամբ Վարդան Հարությունյանը համաձայնեց ՌԴ դեսպանության հետ, այն էր, որ Ռուսաստանում քսենոֆոբիայի դրսեւորումները չունեն հակահայկական բնույթ, եւ ռուս նացիոնալիստները հանդես են գալիս ընդդեմ բոլո՛ր «ոչ սլավոնական» ժողովուրդների: