Այդպես է, համենայնդեպս, կարծում Ռուսաստանը
Դեռ անցյալ տարվա վերջին հայ-իրանական գազատարի կառուցման պատվիրատու հայաստանյան «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն հայտարարեց, որ գազատարի շինարարությունը հայկական հատվածում ավարտվելու է դեկտեմբերի 20-ին, որից հետո իրանական գազը Հայաստան կմտնի: Դա հաստատել էր նաեւ իրանական կողմը: Անցյալ դեկտեմբերին Մեղրիի հատվածում «Իրան-Հայաստան» մակագրությամբ գազատարի զոդման պաշտոնական ու բարձր մակարդակով անցկացված արարողություն եղավ: Բայց դեկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի Իրան կատարած այցից հետո հայկական եւ իրանական կողմերը հայտարարեցին, թե գազամուղի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչեւ այս տարվա գարուն: Ինչպես արդեն հայտնել ենք, վերջերս Իրան-Հայաստան գազամուղի կառուցման ծրագրի իրականացման պատասխանատու Մուհամեդ Ռեզա Լորզադեն հայտարարեց, թե՝ «Իրանը պատրաստ է ցանկացած պահի Հայաստան գազ ներմուծել, բայց հայկական կողմը պատրաստ չէ ընդունել այդ գազը: Հայկական կողմը գազի ներկրման ծրագիրը, ինչպես նաեւ Հայաստանից Իրան մատակարարվելիք էլեկտրաէներգիայի հարցերը քննարկելու համար հանդիպում է խնդրել մարտի վերջին»: Իրանցի պաշտոնյան, ըստ էության, արձանագրել էր, որ իրանական գազը Հայաստան չի մտնում միայն հայկական կողմի պատճառով: Հայկական ու իրանական կողմերի հայտարարություններում հակասություններն ու նուրբ ակնարկներն արդեն ակնհայտ դառնալուց հետո նախօրեին հրավիրված մամլո ասուլիսում ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, անդրադառնալով այս հայտարարությանը, այդպես էլ տրամաբանական որեւէ պատասխան չէր տվել: Ըստ նրա, «հնարավոր է, որ գազամուղը ֆիզիկապես պատրաստ է, բայց անհրաժեշտ է փորձարկման աշխատանքներ անել», որոնք, նրա մատուցմամբ, կավարտվեն կամ առաջիկա եռամսյակում, կամ այս տարվա առաջին կիսամյակում, որից հետո միայն իրանական գազը Հայաստան կմտնի: Սակայն Լորզադեի ասելով, իրանական կողմը Հայաստան գազ հասցնելու համար անհրաժեշտ բոլոր աշխատանքներն իրականացրել է, տեղադրել է անհրաժեշտ բոլոր սարքավորումները:
«Առավոտի» ունեցած տեղեկություններով, իրականում խնդիրն ավելի բարդ է, քան խողովակաշարի փորձարկման վերաբերյալ պաշտոնական պատճառաբանությունն է: Բանն այն է, որ Հայաստանին իրանական գազի մատակարարմանը սկզբունքորեն դեմ են Ռուսաստանն ու այդ պետության կողմից կառավարվող «ՀայՌուսգազարդ» ընկերությունը: Այն, որ իրանական գազամուղի շինարարությունը վաղուց էր դարձել Ռուսաստանի աչքի փուշը՝ հայտնի է, ու մենք դրան բազմիցս ենք անդրադարձել: Այդ գազամուղի շինարարությանը ՌԴ-ն ի սկզբանե դեմ է եղել ոչ միայն քաղաքական, այլեւ զուտ տնտեսական պատճառով: Հասկանալի է, որ իրանական գազի ներմուծմամբ մի կողմից՝ Հայաստանը դիվերսիֆիկացնելու (բազմազանեցնելու) էր իր էներգետիկ աղբյուրները ու չէր մնալու միայն ռուսական գազի հույսին, մյուս կողմից՝ Ռուսաստանն այդպիսով ավելի քիչ գազ է վաճառելու Հայաստանին: Պատահական չէր, կարծում ենք, որ «Գազպրոմը» դեռ անցյալ տարի ցանկություն էր հայտնել իր մասնաբաժինն ունենալ նաեւ հայ-իրանական գազամուղում՝ գործարքը վերահսկելու եւ որոշումներ կայացնելու իրավունք ստանալու նպատակով: Բայց, հավանաբար, այսօր արդեն ՌԴ-ում եւ «Գազպրոմում» այն կարծիքին են, որ Հայաստանին իրանական գազ պետք չէ, որովհետեւ իրենք մեր երկրին ապահովում են անհրաժեշտ ծավալի գազով, ու ՀՀ իշխանություններին հասկացնել են տվել, որ Քաջարանից Արարատյան դաշտավայր հասցվող գազատարով, որի շուրջ 60 տոկոսը «ՀայՌուսգազարդինն» է, իրանական գազը Հայաստան չի մտնելու:
Իսկ այն հարցադրմանը, թե ինչպե՞ս կվերաբերի Իրանը, եթե Հայաստանը որոշի հայ-իրանական գազամուղը հանձնել «ՀայՌուսգազարդին»՝ ՀՀ ԱԳ նախարարը կարծիք է հայտնել, թե «իրանական կողմը դրան ըմբռնումով կվերաբերի»: Հարցն այն է միայն, թե Հայաստանն ինքը դեռ որքա՞ն է շարունակելու ըմբռնումով վերաբերվել իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի քմահաճություններին՝ գազի գնի բարձրացմանն ու հայաստանյան էներգետիկ ոլորտում մենաշնորհային դիրք զբաղեցնելու քաղաքականությանը՝ նաեւ զգալիորեն կորցնելով հարեւան Իրանի վստահությունը: Բանն այն է, որ իրանական գազի ներկրումից է կախված նաեւ հայ-իրանական գազամուղի շինարարության ծրագրի շրջանակներում նախատեսված մեկ այլ միջպետական պայմանավորվածության իրականացումը, ըստ որի՝ մատակարարվող գազի դիմաց Իրանը Հայաստանից յուրաքանչյուր 1 կուբամետր իրանական գազի դիմաց ստանալու էր 3կՎտ էլեկտրաէներգիա, ինչն արդեն իսկ հարցականի տակ է գոնե մինչեւ ընթացիկ տարվա մարտ ամիսը: