Սակայն հաղթողներն «ուրվագծված» են
Ջինսերի մոդելավորմամբ զբաղվող եւ «Արտ-ջինս» ապրանքանիշով հատկապես շոու-բիզնեսի ներկայացուցիչների շրջանում հայտնի Արտակ Հովհաննիսյանը դիմել է «Առավոտին»: Նա մտավախություն ունի, որ առաջիկայում անցկացվելիք մոդելավորողների մրցույթում հաղթողները նախօրոք որոշված են: Մրցույթը, որ կկազմակերպվի քաղաքապետարանի հետ համատեղ, նախաձեռնել է «Միսս Կովկաս», «Միսս ուսանողուհի», «Հայկական նորաձեւության շաբաթ» միջոցառումների կազմակերպիչ Արման Անտոնյանը: Ա. Հովհաննիսյանի պնդմամբ, իրենք Արմանի հետ ընկերներ են, սակայն վերջինից պատահաբար է իմացել մրցանակաբաշխության մասին: Սա այն դեպքում, երբ 2000թ.-ից աշխատում է մոդելավորման ոլորտում, ունեցել է 4 անհատական ցուցադրություն:
«Դեկտեմբերի 25-ին զանգահարելով Անտոնյան Արմանին, իմացա, որ միջոցառում է անում՝ Հայաստանի լավագույն մոդելավորողների յոթնյակ: Լավագույնների մեջ մտել են Լիլիթ Մարգարյանը, «Զատիկ» ստուդիան, Արեւիկ Սիմոնյանը, Միքայել Դանիելյանը, Ռիմա Կազումյանը, Արամ Նիկոլյանը, Մարինա Ավետյանը: Նրանց դեմ ոչինչ չունենալով եւ այդ մոդելավորողների աշխատանքը գնահատելով հանդերձ, հետաքրքրվեցի՝ ինչպե՞ս է ընտրություն կատարվել, եթե մամուլով տեղյակ չի պահվել մրցույթի մասին ու հայտեր չեն ներկայացվել: «Արմանն ասաց, թե հանձնաժողովն է որոշել, իմ թեկնածությունն էլ առաջադրվել-մերժվել է: Ախր հանձնաժողովն ինչպե՞ս կարող է մի 20 հոգուց ընտրություն կատարել, երբ Հայաստանում շուրջ 200 մոդելավորող կա»,- նշեց Ա. Հարությունյանը: Նա հիշեց, որ, օրինակ, «Հայկական նորաձեւության շաբաթի» ժամանակ ընտրություն է կատարվել 70-ից ավելի մոդելավորողների, իսկ «Ատեքսի» կազմակերպած «Ռուսսկի սիլուետի» դեպքում՝ 30-ի միջեւ: Ընդ որում, ժյուրին փուլ առ փուլ է ընտրել լավագույններին: «Թե չէ հիմա մի 10 հոգով նստել ու առաջադրել են իրենց նախընտրած թեկնածուներին, ինչպես ավտոշուկայում մեկը կարող է առաջարկել իր ունեցած BMW-ն կամ այլ մակնիշի մեքենա: Ցավում եմ, որ Հայաստանում նորաձեւության ոլորտը անուշադրության է մատնված, մրցույթների հաղթողներին «ընդհատակում» են որոշում»,- նեղսրտեց մոդելավորողը:
Կապվեցինք նաեւ Արման Անտոնյանի հետ: Նա հաստատեց, որ, իրոք, կա քաղաքապետարանի հետ նորաձեւության ոլորտում մրցանակաբաշխություն անցկացնելու մասին նախագիծ, որը նպատակ ունի աջակցել այդ դաշտում գործող անհատներին: Ա. Անտոնյանի փոխանցմամբ, սահմանված է մի քանի նոմինացիա՝ հագուստի մոդելավորող, կոշիկի մոդելավորող, լավագույն մոդել, մետաղի դիզայներ եւ լավագույն լուսանկարիչ: Կառանձնացվի նաեւ 5 կազմակերպություն՝ արտադրության ոլորտում Հայաստանի առաջատար ապրանքանիշերը ներկայացնող:
«Հանձնաժողով կամ ժյուրի վերջնականապես ձեւավորված չէ: Առաջիկա 10-15 օրվա ընթացքում շատ հարցեր կպարզվեն եւ մրցանակաբաշխության մանրամասների մասին կտեղեկացնենք ասուլիսում: Իսկ ձեզ մոտ գալով Արտակը շտապել է, քանի որ դեռ շարունակվում է հայտերի ընդունումը, չնայած պաշտոնապես նախագծի սկիզբը դեռ չի հայտարարվել»: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է սպասվում հաղթողին: Ա. Անտոնյանն առայժմ «փակագծերը չբացեց»: «Դրա մասին հետո կասեմ, կարեւորն այն է, որ փորձ ենք անելու նորաձեւության ոլորտին պետականորեն մոտենալ: Ուրիշ քաղաքներում նորաձեւության նմանօրինակ միջոցառումները արվում են քաղաքապետարանի եւ կառավարության հովանու ներքո, ինչո՞ւ նույնը մեզ մոտ չլինի»,- ասաց նա: