Հարցազրույց երգչուհի Արմինե Նահապետյանի (Արմինկայի) հետ
– Տարիներ շարունակ, երբ խոսվում է Արմինկա երգչուհու մասին, առաջին հերթին առանձնացվում է ձեր բեմական հմայքը: Ինչ խոսք, դա կարեւոր հանգամանք է: Հետաքրքիր է, դուք չե՞ք նեղվում, որ փոխարենը ժլատորեն են արտահայտվում ձեր վոկալի մասին:
– Դա իսկապես ինչ-որ տեղ նյարդայնացնում է ինձ: Անհամեստություն թող չթվա, բայց ես առաջինն էի, որ «հեղափոխություն» արեցի բեմական կերպարի առումով, որը հայկական էստրադայում վաղուց մղվել էր հետին պլան: Չգիտես ինչու, շատերն առաջինը նայում են իմ բեմական արտաքինին, հետո նոր՝ արվեստիս: Մյուս կողմից, հանրահայտ ճշմարտություն է՝ յուրաքանչյուր արվեստագետ պետք է լինի վառ անհատականություն: Համաշխարհային շոու-բիզնեսում յուրաքանչյուրն ունի իր եսը: Կան երգչուհիներ, ովքեր փայլում են իրենց գեղեցկությամբ, հագուկապով, կան այնպիսիները, որոնց վոկալը հրաշալի է: Իմ դեպքում, ես կասեի, չասեմ կատարյալ, բայց կա երկուսի համադրումից ստացված արդյունք: Այլ կերպ ասած՝ ի վերուստ տրված շնորհ, գումարած արտաքին, գումարած նաեւ բեմական կուլտուրա: Արտերկրում այսպիսին է իմ մասին պրոֆեսիոնալների կարծիքը:
– Պրոֆեսիոնալ բեմում շուրջ 15 տարի հնչում է ձեր անունը: Ինչո՞վ կբացատրեք ձեր ոչ այնքան solo, ինչքան դուետների հաջողությունը:
– Ընդամենը 7 տարի է, ինչ զբաղվում եմ solo կարիերայով: Մինչ այդ 5 տարի աշխատել եմ «Հայեր» խմբում: Հայկական էստրադայում առաջինը ես եմ դիսկո ոճում հանդես եկել (հիթ դարձած «Անձրեւ», «Անցորդը» եւ մյուս երգերը- Ս. Դ.): Իսկ դուետների հաջողությունը պայմանավորված է ճիշտ երգչի եւ վառ երգի ընտրությամբ (վերջին շրջանում TV-ներով ու ռադիոկայաններով վերին հորիզոնականներում հայտնվում են Արմինկայի դուետները Արման Հովհաննիսյանի, ամերիկաբնակ Արման Աղաջանյանի եւ մոսկվաբնակ երգչուհի Ջուսիի հետ- Ս. Դ.):
– Ձեր կարծիքով, ինչո՞ւ Արման Հովհաննիսյանի հետ դուետը («Այս գիշեր») 2006թ. Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում ճանաչվեց լավագույնը, իսկ ընդամենը օրեր անց, ԱՄՆ-ում կայացած մրցանակաբաշխությունում, ամերիկյան հայերի քվեարկությամբ մղվեց փոքր-ինչ հետին պլան:
– Անցկացված երկու մրցանակաբաշխությունում կան տարբերություններ: ԱՄՆ-ում անցկացվում է լավագույն 20 տեսահոլովակների մրցույթ, իսկ թե ինչու «Այս գիշերը» լավագույնը չճանաչվեց, ոչինչ ասել չեմ կարող:
– Ամանորի շեմին «Առավոտի» հետ զրուցելիս հայաստանյան շոու-բիզնեսի «կառավարիչ» Արթուր Գրիգորյանն ասաց, որ ինքը չի ընդունում ոչ հաղորդագրություններով քվեարկությամբ եւ ոչ էլ ժյուրիի կողմից լավագույններին ընտրելը…
– Համամիտ եմ: Պետք է լինի հստակ մշակված սխեմա, որը տարվա կտրվածքով կներկայացնի այս կամ այն երգչի կատարած աշխատանքը, ինչի արդյունքում պարզ կերեւա երգչի վարկանիշը, որում առաջին հերթին պետք է հաշվի առնվի վաճառված CD-ների քանակը:
– Մինչ այժմ ունեք երկու CD: Հետաքրքիր է՝ ինչ շահույթ են բերել դրանք ձեզ:
– Ինչ խոսք, շահույթ բերում են: Տեղեկացնեմ, որ դրանց արտադրության ու պրոդյուսինգի հարցերով զբաղվում եմ ինքս, սակայն եկամուտը հաշվել չեմ սիրում: Թեեւ այն գերազանցում է մի քանի տասնյակ հազարավոր դոլարներ, բայց ես իմ գործունեության ընթացքում ծախսում եմ դրա եռապատիկը:
– Ասում են, որ Արմինկայի վերջին պրոդյուսերը «Վեդի ալկոյի» տնօրեն Մանվել Ղազարյանն է…
– Վաղուց այդ չափի սուտ չէի լսել: Ֆինանսական առումով իմ թիկունքին մինչ այսօր ոչ մի մեծահարուստ եւ փոքրահարուստ չի եղել: Լավագույն դեպքում մի քանի ընկերներս են ինքնակամ փոքրիկ քայլեր արել ինձ աջակցելու համար:
– Սկսել եք համագործակցել մոսկվաբնակ հայազգի երգչուհի Ջյուսիի հետ: Մտավախություն չունե՞ք, որ ձեր դուետը կդիտվի հանրահայտ «Տատու» խմբի «մոտիվներով»:
– ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի թոռան՝ Վանյա Բաղրամովի երաժշտությամբ եւ Ավետ Բարսեղյանի խոսքերով գրված «Երգը իմ տարերքն է» ստեղծագործությունը շուտով կունենա տեսահոլովակ, որն իմ ցանկությամբ կնկարահանվի Հայաստանում: Բոլոր ծախսերը հոգում է Ջյուսիի հոլանդացի պրոդյուսեր եւ ռեժիսոր Էնթոնի Հայսքամփը: Մտավախություն անգամ չունենք, որ մեր դուետը զուգահեռ կանցկացվի «Տատուի» հետ, քանի որ այն ի սկզբանե մտացածին նախագիծ էր: Մենք՝ երկու հայ երգչուհիներս դուետով հանդես կգանք դիսկո ոճում, առանց «տատուական» իմիջի: