Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսխորհուրդը կավատի դերո՞ւմ

Հունվար 10,2007 00:00

«Տխրունին» տխրեցրել է ուսանողական նոմենկլատուրային

Սոցիալ դեմոկրատական-հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» երիտասարդական միության անցկացրած «Կա՞ արդյոք կոռուպցիա բուհերում» հարցման արդյունքներին, ինչպես արդեն նշել ենք, դեմ են արտահայտվել որոշ բուհերի ուսանողներ, մասնավորապես՝ ուսխորհուրդների անդամներ: Երեւանի պետական ագրարային համալսարանի (ԵՊԱՀ) ուսխորհրդի նախագահ Ռոբերտ Մակարյանը, արձագանքելով հարցման արդյունքներին, «Առավոտի» հետ զրույցում չհերքելով, որ իրենց բուհում էլ կոռուպցիա կա, միաժամանակ նշեց, որ չեն գտել մի ուսանողի, ով վերջին օրերին որեւէ հարցաթերթիկ լրացրած լինի: «Սարգիս Տխրունի» միության անդամները փաստել են, որ այստեղ հարցումն անցկացվել է շուրջ 300 ուսանողի շրջանում, որոնց 96 տոկոսն ասել է, որ բուհում կոռուպցիա կա: Նրանք նաեւ նշել էին, որ ԵՊԱՀ-ում ընդունված է քննություններն ու ստուգարքները ստանալ քյաբաբ-խորովածով եւ նույնիսկ՝ «նիսյա»-ով (պարտքով):

Հարցումներ անցկացնողները «Առավոտի» հետ զրույցում նշել էին նաեւ, որ հենց ուսխորհրդի անդամներն են կաշառք տանող-բերողները: «Մեզ մոտ նման բան չկա: Վիրավորական է, մեզ, փաստորեն, կավատների հետ են համեմատել, եթե դեպքեր գիտեն, թող անվանական ասեն»,- ասաց ԵՊԱՀ ուսխորհրդի նախագահը: Ըստ նրա, «Սարգիս Տխրունի» միությունը, որը մի քանի ամիս է՝ ինչ գործում է, նման հարցումներ կազմակերպելով՝ ցանկացել է ինքնահաստատվել, ինչպես նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններում քաղաքական դիվիդենդներ շահել:

Հիշեցնենք, որ իր տարեվերջյան ասուլիսում ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը եւս որոշակի կասկած հայտնեց միության կատարած հարցումների վերաբերյալ՝ նշելով, որ հարցումներ իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ լուրջ մեթոդաբանություն, վերլուծություն, ինչը միության կողմից չի ներկայացվել: Նախարարը նաեւ պատրաստակամություն հայտնեց ընթացք տալ կատարված գործին՝ ծանոթանալով դրա լրջության աստիճանին: Երեկ «Սարգիս Տխրունին» իր կատարած աշխատանքի վերաբերյալ հրապարակել է լրացուցիչ տվյալներ՝ վերլուծության տեսքով, ըստ որի՝ հետազոտությունը անցկացվել է 2006 թ. դեկտեմբերի 10-18-ը, որպես ինֆորմացիայի հավաքման մեթոդ հանդիսացել է հարցաթերթիկային հարցումը: «Պահանջվում էր ստանալ պրոբլեմի մասին վիճակագրական տեղեկատվություն, գնահատել դրա ազդեցության չափերը եւ ուսանողության կարծիքը պրոբլեմի վերաբերյալ: Որպես հետազոտության օբյեկտ են դիտարկվել Երեւանում գտնվող բարձրագույն ուսումնական հաստատությունները: Նպատակը՝ պարզել կոռուպցիայի տարածվածության աստիճանը Երեւանի բուհերում: Ընտրանքի ծավալը՝ 39512, ընտրանքից դուրս են մնացել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի եւ Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ուսանողները: Նրանք պարզապես չեն ցանկացել լրացնել հարցաթերթիկները: Ստուգումից հետո խոտանվել է 173 հարցաթերթիկ, մշակվել՝ 2000-ը: Մշակումը իրականացվել է SPSS 13 ծրագրով, վիճակագրական բացթողումը +-2»:

Համարելով, որ իր կատարածը լուրջ վերլուծություն է՝ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության վարչությունը երեկ նախարարին հղել է մի նամակ, որում մասնավորապես ասվում է. «Վստահ ենք, որ կկատարեք Ձեր խոստումը, եւ գործին լուրջ ընթացք կտրվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել