Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՈՒԲԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ՀԱՅՏՆԻ ԿԱՎԱՏՆԵՐԸ

Հունվար 10,2007 00:00

\"\"Եթե նրանք արտաքսվեն Հայաստան, ապա, շատ հավանական է, նորից ազատ կարձակվեն \"\"

Ինչպես արդեն գրել ենք, հայտնի կավատներ Ամալյա Մնացականյանը (Նանո) եւ Մարիետա Մուսայելյանը 2006-ի նոյեմբերին կանանց նոր խմբեր են տարել Արաբական Միացյալ Էմիրություններ:

Ամալյա Մնացականյանը հետախուզվում էր Ինտերպոլով, եւ ԱՄԷ-ի ոստիկանությունը 2004թ. մարտի 10-ին նրան ձերբակալել ու արտաքսել է երկրից: ԱՄԷ-ի օրենքներով՝ Ա. Մնացականյանն այլեւս չի կարող մուտք գործել այդ երկիր: Նրա աչքի բիբը գրանցված էր նաեւ ԱՄԷ-ի միգրացիոն ծառայության համակարգչային բազայում՝ որպես անցանկալի անձ: Ինչպե՞ս է այդ դեպքում Ամալյա Մնացականյանը 2006-ին կրկին հայտնվել Դուբայում: Շատ պարզ. Էմիրություններում նրա գործընկերները, կաշառք տալով Միգրացիոն գործակալության աշխատակիցներին, համակարգչային բազայից ջնջել են նրա աչքի բիբի տվյալները: Երեւանում նա ձեւակերպել է կեղծ ամուսնություն եւ փոխել ազգանունը: Այժմ նրա ազգանունը Մատուլյան է: Դուբայ նա մեկնել է Մոսկվայով՝ Ամալյա Մատուլյան անուն-ազգանունով:

Անցած տարի երկու կավատները Դուբայում շարունակում են սեռական շահագործման ենթարկել հայ կանանց: Նրանց ենթակայության տակ գտնվող կանանցից երեքը կարողացել են փախչել՝ հոկտեմբերյանցի Արմինեն, էջմիածինցի Արփինեն եւ Երեւանում ապրող փախստական Դինուլիկը: Նրանցից մեկին 800 դոլարով Նանոյին է հանձնել մայրը՝ իմանալով, թե ուր են տանում աղջկան: Կանանցից մեկը Դուբայի մեր աղբյուրներից մեկի միջոցով մեզ է ուղարկել մի գրություն՝ ակնկալելով օգնություն: Նամակում Ա.-ն գրել է. «Մենք՝ Դուբայում Նանոյի եւ Մարիետայի ձեռքի տակ գտնվող գերիներս, պատանդներս, ստրուկներս, խնդրում եւ աղաչում ենք իրավապահ, դատախազության, անվտանգության մարմիններին եւ բոլոր թերթերի խմբագրութուններին, թրաֆիքինգի դեմ պայքարի եւ այլ կազմակերպություններին, որպեսզի այս երկու դաժան դահիճներից մեզ ազատեն եւ այս ճահճուտից հանեն, եւ մենք՝ խաբվածներս, կարողանանք վերադառնալ»:

Նամակում այդ կինը նաեւ պատմում է, թե ինչպես են իրեն խաբելով հասցրել Դուբայ, եւ ինչպիսի կտտանքների են ենթարկել այդ երկու կանայք եւ նրանց սպասարկող արաբները:

Հունվարի սկզբին շահագործման ենթարկված կանայք հանձնվել են Դուբայի ոստիկանությանը՝ հայտնելով, որ իրենց անձնագրերը գտնվում են կավատների մոտ: Հունվարի 4-ին Դուբայի ոստիկանությունը ձերբակալել է Ամալյա Մատուլյանին եւ Մարիետա Մուսայելյանին:

ԱՄԷ-ի ոստիկանությունը նրանց կամ կդատապարտի ազատազրկման, կամ նորից կարտաքսի երկրից: Իսկ Հայաստանում մի քանի անգամ դատապարտված այս կավատները, բնականաբար, կհայտնվեն ազատության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել