Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանորյա զեղչերից չօգտվեցին

Հունվար 10,2007 00:00

Մի հասարակ տեղեկանք տալու համար անձնագրային բաժինները բյուրոկրատական քաշքշուկներ են ստեղծում:

Ամեն տարի տոնական օրերին մայրաքաղաքի կենցաղային տեխնիկայի շատ խանութներ զեղչեր են հայտարարում: Հաշվի առնելով Ամանորի հետ կապված ծախսերը, շատերը չցանկանալով բաց թողնել շահավետ զեղչերը, ապրանքները ձեռք են բերում ապառիկով: Սակայն Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչների դեպքում ամանորյա զեղչերից օգտվել՝ նշանակում է տոների հետ կապված բոլոր գործերը մի կողմ թողնել ու ԲՇՏ-ի (ԺԷԿ) անձնագրային բաժիններում օրերով հերթ կանգնել:

Ապառիկ գնումների ժամանակ քաղաքացին գործարք պիտի կնքի այն բանկի հետ, որի հետ համագործակցում է տվյալ խանութը, իսկ բանկերը՝ առանց բնակության վայրը հաստատող «3-րդ ձեւ» տեղեկանքի, գործարք չեն կնքում: Եթե մյուս բոլոր համայնքներում այդ տեղեկանքը տալիս են նույն օրում, ապա Մալաթիա-Սեբաստիայի բնակիչը ապառիկով որեւէ ապրանք ձեռք բերելու համար պետք է առնվազն կես ամիս սպասի: Օրինակ՝ «Առավոտի» լրագրողը ապառիկով հեռուստացույց գնելու եւ ամանորյա զեղչերից օգտվելու համար դեկտեմբերի 26-ից սկսած ընկած է ԲՇՏ-ի ու անձնագրային բաժնի դռները: ԲՇՏ-ից ուղարկել են անձնագրային բաժին, իսկ այնտեղ էլ անձնագրավարուհին՝ Հասմիկ Բաղդասարյանը կամ տեղում չի եղել, կամ էլ աշխատավայր մտնելուն պես պատճառաբանելով, թե «պերերիվ» է՝ իրեն սպասողներին չի ընդունել եւ հորդորել է ներկայանալ տոներից հետո: Երբ ներկայացանք «Առավոտ» օրաթերթից, Հ. Բաղդասարյանն արդարացավ, որ ինքը մենակ է աշխատում եւ չի հասցնում. «Մոտ 170 շենք եմ սպասարկում, փաստաթղթային պահոցը Շահումյանի անձնագրային բաժնի դահլիճում է, ամեն մի թուղթ ստուգելուց չեմ գնա-գա, ստիպված դիմումները հավաքում եմ, մի օր, երբ գնում եմ՝ այնտեղ համակարգչով ստուգում ենք՝ նոր բնակչին պատասխան տալիս, միակ պատճառն այդ է, որ փաստաթղթերի տալը ձգձգվում է»: Նկատենք, որ անձնագրավարուհու այն արդարացումը, թե ինքը չի հասցնում, բնակչի խնդիրը չէ: Բաժինը մեկի փոխարեն կարող է ունենալ մի քանի աշխատակից, որոնք կհասցնեն սեղմ ժամկետում սպասարկել քաղաքացուն: «Իմ հավաքած փողը հազիվ է հերիքում, որ 10% տոկոսադրույքով ապառիկ գրվեմ: Մի քանի ամիս փող եմ հավաքել ու հիմա էլ անձնագրավարուհին ասում է, թե «3-րդ ձեւը» 15 օրից կտա: 15 օրից էլ զեղչեր չեն լինի»,- «Առավոտին» բողոքեց Մալաթիայի անձնագրային բաժնից տուժածներից մեկը: «3-րդ ձեւի» համար հերթում կանգնած բնակիչներից մեկի՝ Ներսես Մնացականյանի ներկայացմամբ էլ՝ «երբ դեկտեմբերի 26-ին դիմեցի անձնագրային բաժին, ինձ ասացին, որ տոներից հետո նորից դիմեմ, իսկ երբ հիշեցրի, որ զեղչերից կզրկվեմ, աշխատակցուհին հորդորեց՝ զեղչերին մի հավատացեք»:

Այս առնչությամբ Մալաթիա-Սեբաստիայի անձնագրային բաժնի պետ Կարեն Հարությունյանը հրաժարվեց «Առավոտին» որեւէ պարզաբանում տալ՝ պատճառաբանելով, թե ինքն էլ իր աշխատակցի պես զբաղված է եւ իր աշխատասենյակի դռան մոտ մի խումբ մարդիկ նույն հարցի պատասխանին են սպասում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել