Լրահոս
Օրվա լրահոսը

ԺԱՄԿԵՏԱՆՑ ՍՆՈՒՆԴԸ «ՆԱՂԴՎԵՑ»

Հունվար 10,2007 00:00

\"\"Վերահսկողները խախտումներ չեն գտնում, եթե գտնում էլ են՝ չեն պատժում

Ամանորից առաջ հրավիրած ասուլիսում առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության ստանդարտացման, չափագիտության եւ համապատասխանության հավաստման վարչության պետ Ռոբերտ Դայանը մի շատ հետաքրքիր հայտարարություն արեց՝ ասելով, որ նախարարության որակի տեսչությունը ողջ անցյալ տարվա ընթացքում 2000-ից ավելի առեւտրի կետերում ստուգումներ է իրականացրել եւ սննդի անվտանգության նորմերի խախտումներ չի հայտնաբերել: Սա այն դեպքում, երբ մեր խանութները ողողված են ժամկետանց, սննդի որակական ոչ մի չափանիշի չհամապատասխանող, չմակնշված, անհայտ ծագման արտադրատեսակներով:

Ամանորն ամենահարմար առիթն է՝ ժամկետանց սննդամթերք վաճառելու: Ինչպես ամեն տարի, այս Ամանորին էլ մայրաքաղաքի մի շարք՝ հատկապես ծայրամասային խանութներում ժամկետանց բնական հյութերի, կաթնամթերքի եւ պահածոյացված սննդամթերքի հսկայական խմբաքանակ է սպառվել: Օրինակ՝ Հարավ-արեւմտյան թաղամասի գրեթե բոլոր՝ անգամ շատ հայտնի սուպերմարքեթներում վաճառվում էին ժամկետանց ապրանքներ: Մարքեթներից մեկի (անունը չենք հրապարակում՝ աշխատակցի համար խնդիրներ չստեղծելու եւ խանութի գործարար համբավը չվնասելու համար) վաճառողուհու տեղեկացմամբ՝ մատակարար ընկերությունները, որոնք փոխանակ հետ վերցնեն պիտանելիության ժամկետից դուրս սննդամթերքը, դեկտեմբերի 25-ին ժամկետանց արտադրատեսակների նոր խմբաքանակ են բերել: Վաճառողուհու խոսքերով՝ «ծանոթներիս ու խանութի մշտական հաճախորդներին ես գաղտնի զգուշացնում եմ, որ, օրինակ, բոլոր բնական հյութերը հին են, 2005 թվի են, բայց սովորական գնորդներից շատերը տոնական այս խառը օրերին ժամկետին չեն նայում, արկղերով տանում են, այս պահին խանութում ոչ մի բնական հյութ չի մնացել, բոլորը սպառվել է, նույնն էլ կաթի, խտացրած կաթի դեպքում է»:

Մարզերում պատկերն ավելի վատ էր: Արագածոտնի մարզի Աշտարակ եւ Արմավիրի մարզի մի շարք գյուղերի խանութներում հայտնվել էին այնպիսի սննդամթերքներ, որոնց վրայից բացակայում էր ոչ միայն պիտանելիության ժամկետը, այլեւ՝ արտադրողի անունը, արտադրության վայրը, բաղադրությունը: Օրինակ, լուսանկարում պատկերված նարնջի գազավորված հյութի շշի վրա միայն նշված է՝ «Նարնջի զովացուցիչ ըմպելիք»: Սպառողը պետք է գուշակի, թե ո՞ւմ արտադրանքն է ինքը գնում, ե՞րբ է արտադրվել, պիտանելիության ժամկետը ե՞րբ է ավարտվում: Անհայտ ծագման եւ բաղադրության այդ հյութերը վաճառվում են նույնիսկ շուկայականից բարձր գներով՝ 1 լիտրը՝ 200 դրամ:

Արագածոտնի խանութներից մեկում վաճառվող հայտնի ֆիրմաներից մեկի կաթնամթերքի տուփերին արտադրության օրվա եւ պիտանելիության ժամկետի փոխարեն փակցված էր գնապիտակի համար նախատեսված կպչուն թուղթ, վրան՝ ինչ-որ ամիս-ամսաթիվ: Ամանորին վաճառված պահածոյացված շատ սննդամթերքների, այդ թվում՝ սունկի տուփի վրա պիտանելիության ժամկետը համարյա չէր երեւում, այն սեւ թանաքով ջնջված էր: Դա արդեն իսկ հիմք է տալիս մտածել, որ սննդամթերքը ժամկետանց է, ընդ որում՝ հին, փչացած սունկը կարող է խիստ վտանգավոր լինել մարդկանց կյանքի համար: Բայց արի ու տես, որ Որակի տեսչությունը խանութներում մարդկանց կյանքի համար վտանգավոր ոչ մի սննդամթերք չի հայտնաբերել: Երբ երեկ այս առնչությամբ Ռոբերտ Դայանից հետաքրքրվեցինք, թե Ամանորի նախաշեմին ստուգումներ իրականացրե՞լ են եւ տեսե՞լ են, թե ինչ է կատարվել խանութներում, նա պատասխանեց. «Երբ ասել եմ, որ սննդի անվտանգության նորմերի խախտումներ չի հայտնաբերվել, նկատի եմ ունեցել ոչ թե ժամկետանց սնունդը, այլ արտադրանքի պարունակությունը, միկրոբիոլոգիական կառուցվածքը, մենք շատ արտադրատեսակներ փորձաքննության ենք ենթարկել, թունավոր էլեմենտներ չենք հայտնաբերել, իսկ ժամկետանց սննդի վաճառքի վերահսկողը մենք չենք, թաղապետարանն է»:

Կոնկրետ Մալաթիա-Սեբաստիա համայնքի խանութներում առկա ժամկետանց սննդի հետ կապված թաղապետարանի առեւտրի եւ սպասարկումների բաժնի պետ Դավիթ Օհանյանը հավաստիացրեց, որ ստուգումներ իրականացրել են, սակայն նման խախտումներ չեն գտել. «Շատ տեղերում ենք եղել՝ «Գոռ», «Կայզեր» սուպերմարքեթներում, բայց միայն մի երկու կրպակում հին թթվասեր գտանք, այն էլ՝ ժամկետը մեկ օր էր անցել»: Մեր հարցին՝ պատժեցի՞ք այդ խանութին, պարոն Օհանյանը պատասխանեց. «Դե, դա ընդամենը փոքր կրպակ էր, եւ հետո՝ 1 օրով էր ժամկետը խախտվել, եթե մեծ սուպերմարքեթ լիներ՝ լուրջ կվերաբերվեինք, կարող է մինչեւ անգամ ներքին գործեր դիմեինք, բայց տվյալ դեպքում մեկ քմ տարածքով փոքր կրպակներ էին՝ չպատժեցինք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել