Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՓՈԽՎԵԼ

Հունվար 10,2007 00:00

Դեկտեմբերի 28-ին հայտարարություն տարածվեց, որ ստեղծվել է Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի ձերբակալության իրական պատճառները հետաքննող պատգամավորական խումբ, որին անդամակցում են Մանուկ Գասպարյանը, Արամ Գ. Սարգսյանը, Գրիգոր Հարությունյանը, Ստեփան Զաքարյանը, Հմայակ Հովհաննիսյանը եւ Էդմունդ Ծատուրյանը:

Նորաստեղծ խումբը հայտարարության մեջ մասնավորապես նշել էր. «Հատուկ մտահոգության պատճառ են հանդիսանում ԱԱԾ մեկնաբանությունները եւ ձեւակերպումները, որոնցով փորձ է արվում իշխող վարչակարգի դեմ հնչած արտահայտությունները ներկայացնել որպես սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու կոչեր»:

Հենց դեկտեմբերի 28-ին էլ Վահան Արոյանի տանը հայտնաբերվեց մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք պարունակող զինապահեստ: Ըստ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության, առգրավվել են տարբեր տեսակի գնդացիրներ, ինքնաձիգներ, «Մուխա» տիպի նռնականետեր, «Ստրելա» տիպի շարժական զենիթային համակարգ, մեծ քանակով տարբեր տեսակի նռնակներ, օպտիկական նշանառության հրացաններ, տարբեր տրամաչափի տասնյակ հազարավոր փամփուշտներ եւ այլն: Վահան Արոյանը կալանավորվեց Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում:

«Առավոտի» հարցին՝ արդյոք հայտնաբերված այս աննախադեպ քանակի զինապահեստը կասկածի տեղիք չի՞ տալիս, որ «Հայ կամավորականների համախմբում» կազմակերպության անդամները մտադիր չէին բավարարվել միայն կոչերով եւ իրոք չէին պատրաստվում բռնություն գործադրել՝ նորաստեղծ պատգամավորական խմբի անդամ, ՀԺԿ փոխնախագահ Ստեփան Զաքարյանը պատասխանեց, թե արդեն մի առիթով ասել է. «Եթե նրանք խախտել են օրենքը՝ պիտի պատասխանատվություն կրեն օրենքի առջեւ: Դա լրիվ այլ հարց է»: Եվ հավելեց. «Եթե ԱԱԾ-ի հրապարակած այդ տեղեկություններն իսկապես համապատասխանում են իրականությանը (իսկ մեր երկրում սովորաբար միշտ կասկածում ես նման հաղորդագրություններին) եւ իսկապես հայտնաբերված զինապահեստը Ժիրայր Սեֆիլյանի հետ է կապված՝ դա ուրիշ հարց է: Իհարկե, այդ ժամանակ կփոխվեն իմ գնահատականները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել