Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյունքներ եւ նպատակներ

Հունվար 10,2007 00:00

2006թ. ընթացքում «Հայաստանն իր արտաքին քաղաքականությունն իրականացրել է, մասնավորապես, միջազգային հետեւյալ իրադարձությունների զարգացման համատեքստում, որոնք իրենց անմիջական եւ ոչ անմիջական ազդեցությունն են ունեցել Հայաստանի վրա»,- նշված է ՀՀ արտգործնախարարության պատրաստած հաշվետու ամփոփիչ փաստաթղթում:

Տեղի սղության պատճառով ստորեւ կներկայացնենք ԱԳՆ-ի առանձնացրած իրադարձությունների մի մասը միայն, հուսալով, որ ընտրել ենք դրանցից առավել նշանակալիցները: 1. Ռուս-վրացական հարաբերությունների լարվածությունը, դեպի Ռուսաստան տանող ցամաքային ճանապարհների փակ լինելը, 2. Իրանի միջուկային ծրագրերի նկատմամբ միջազգային հանրության դիրքորոշումն ու ստեղծված լարվածությունը, 3. հայ-թուրքական բացակայող հարաբերություններն ու փակ սահմանը, 4. էներգետիկ անվտանգության հարցերը, էներգիայի աղբյուրների, էներգակիր խողովակաշարերի, ինչպես նաեւ տրանսպորտային երթուղիների, դրանց վրա հսկողության սահմանման հարցերում տարբեր ուժերի միջեւ ընթացող մրցակցությունը, 5. ԼՂ բանակցային գործընթացը եւ դրա շուրջ տեղի ունեցած զարգացումները եւ այլն:

Ինչպես տեսնում ենք, ուրվագծված է արտաքին քաղաքական բավականաչափ բարդ ֆոն, որը, սակայն, ըստ ՀՀ ԱԳՆ-ի, չի խանգարել Հայաստանին գրանցելու որոշակի արդյունքներ: Ահա դրանցից մի քանիսը. «Չնայած շարունակվող շրջափակմանը, հաջողվել է ապահովել կենսական նշանակություն ունեցող հաղորդակցման ուղիների աշխատանքը, էներգակիրների անխափան հոսքը, մոտ ենք էներգակիրների ներկրման բազմազանեցմանը: ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում պահպանվել են դրական միտումները՝ բանակցային սեղանին դրված փաստաթղթում ամրագրված է ինքնորոշման իրավունքը: Եվրոպական Միության հետ ստորագրվել է Նոր Հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագիրը: Արդյունավետ զարգացում է ունեցել ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը, ինչպես նաեւ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության առանցքը հանդիսացող Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը, որի առաջին երկամյա փուլը մեկնարկել է 2006 թ. սկզբներին»: Մի հետաքրքիր արձանագրում, որին պարզապես հնարավոր չէ ուշադրություն չդարձնել: Ձեռքբերումների շարքում հատուկ նշված է՝ «արտաքին քաղաքականությունն իր նպաստն է բերել նաեւ երկրում ժողովրդավարության ամրապնդման ջանքերին»: Թե ինչպես է հաշվետու տարում Հայաստանում ժողովրդավարությունն ամրապնդվել, դա թողնում ենք ընթերցողի երեւակայությանը:

Երեկ ՀՀ արտգործնախարարության մամլո սրահում կայացած ասուլիսի ընթացքում Վարդան Օսկանյանը վերը թվարկված եղած ու չեղած հաջողությունները ներկայացնելուց հետո մի քանի խոսքով անդրադարձավ նաեւ 2007-ի ակնկալիքներին: Ահա դրանցից մեկը. «2007 թվականին մենք նշանակալի զարգացումներ ենք ակնկալում մի շարք երկրներում, մասնավորապես՝ Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում, Հայոց ցեղասպանության ճանաչման առումով»: Այնպես որ՝ սրտապնդվեք. մեզ ուրախ եւ արդյունավետ տարի է սպասվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել