Լրահոս
Օրվա լրահոսը

Արսենյանն աղավաղել է

Հունվար 10,2007 00:00

Դատախազությունն արձագանքում է «Առավոտի» հրապարակմանը

«Առավոտ» օրաթերթի 2007 թ. հունվարի 9-ի թիվ 1 (2867) համարում տպագրվել է հոդված «Վարորդին մոլորեցրել են» վերտառությամբ, որտեղ ներկայացվել են ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանության փաստի առթիվ հարուցված քրգործով որպես մեղադրյալ ներգրավված Արմեն եւ Գուրգեն Վիրաբյանների պաշտպան Գուրգեն Արսենյանի դիտարկումները նշված քրգործի վերաբերյալ:

Հարգելով հասարակության ճշգրիտ եւ ստուգված տեղեկատվություն ստանալու իրավունքը՝ հարկ ենք համարում տեղեկացնել, որ փաստաբան Հ. Արսենյանը «Առավոտ» օրաթերթի լրագրողին տրամադրել է ոչ ճիշտ տեղեկատվություն: Մասնավորապես՝ փորձելով հիմնավորել իր պաշտպանյալների անմեղությունը Հ. Արսենյանը նշել է, մեջբերում եմ՝ «…Վարորդը տեսնելով, որ Վիրաբյաններին պահում են միայն իր ցուցմունքի հիման վրա, դիմել է նախաքննություն իրականացնող մարմնին՝ փորձելով նորից ցուցմունք տալ ու ճշտում անել իր նախկին ցուցմունքներում, բայց նրան հրաժարվել են հարցաքննել…», ինչը իրականությանը չի համապատասխանում: Շ. Հովասափյանի վարորդը՝ Ա. Չարչյանը, երբեւէ գրավոր կամ բանավոր չի դիմել նախաքննական մարմնին՝ իրեն լրացուցիչ հարցաքննելու խնդրանքով, հետեւապես այն չէր կարող մերժվել: Նա վերջին անգամ հարցաքննվել է 2006 թ. նոյեմբեր ամսին եւ պնդել իր նախկինում տված ցուցմունքները եւ չի հայտնել նախորդ ցուցմունքներին հակասող որեւէ հանգամանք: Ավելին, Ա. Չարչյանը բազմիցս առերես հարցաքննվել է նաեւ Վիրաբյանների հետ: Ցուցմունքների բովանդակությունը, ինչպես նաեւ նախաքննության ընթացքում ձեռք բերված այլ տվյալները նախաքննական մարմինը չի հրապարակում քննության շահերից ելնելով:

Փաստաբան Հ. Արսենյանը 19.09.06թ. քննիչի կողմից նախազգուշացվել է առանց դատախազի կամ քննիչի թույլտվության քրեական գործի նախաքննության տվյալները հրապարակելու անթույլատրելիության մասին, եւ գուցե դա է պատճառը, որ Հ. Արսենյանը զանգվածային լրատվության միջոցներին տրամադրում է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն:

Նախաքննության մարմնի կողմից միջնորդագիր է պատրաստվում ՀՀ փաստաբանների պալատին ներկայացնել՝ փաստաբան Հ. Արսենյանի կողմից նախաքննության տվյալները աղավաղելու փաստի առթիվ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել