Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունվարի 23-ի նիստում քննարկվելու է Հայաստանի պարտավորությունների կատարման վերաբերյալ բանաձեւի նախագիծը, որի հեղինակները Ժորժ Կոլոմբիեն եւ Միկկո Էլոն են:
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանն արդեն իսկ գնահատել է, թե այդ բանաձեւն «իր դրական շեշտադրումներով աննախադեպ է Հայաստանի համար։ Արձանագրվում է սահմանադրական փոփոխությունների կարեւորությունը, որն, ըստ բանաձեւի նախագծի, հնարավորություն տվեց Հայաստանին ունենալ սահմանադրություն, որը բավարարում է եվրոպական բոլոր չափանիշներին: Կարեւորվում են նաեւ այն քայլերը, որոնք մինչ այժմ արվել են. դա ե՛ւ վարչական կալանքի վերացումն է, ե՛ւ քաղաքացիների Սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը։ Միաժամանակ կարեւորվում են 2007-ի ընտրությունները։ Եվ որպես ամփոփիչ մի դրույթ՝ արձանագրում են, որ սահմանադրական փոփոխությունները լիարժեք հնարավորություն են ստեղծել Հայաստանի համար՝ ավարտելու պարտավորությունների կատարումը եւ այն հարցադրումները, որոնք այդ բանաձեւում ներկայացված են պարտավորությունների շրջանակում։ Ասվում է, որ մնացած պարտավորությունների կատարումը եւ առաջիկա խորհրդարանական ընտրությունները եվրոպական չափանիշներով անցկացնելու հնարավորությունը միասին թույլ կտան արդեն խոսել մոնիտորինգի դադարեցման մասին»:
Այս բանաձեւի նախագծում իրոք շատ են դրական շեշտադրումները: Բա՛յց: Չկա գրեթե ոչ մի դրական գնահատական, որ արված լինի առանց վերապահումների: Ասենք, ողջունելով սահմանադրական բարեփոխումների գործընթացի ավարտը՝ բանաձեւում նաեւ արձանագրված է. «Միեւնույն ժամանակ, Վեհաժողովն ափսոսանք է հայտնում, որ խախտումները, որոնք ստվերեցին հանրաքվեի անցկացումը, եւ մատնանշված զեղծարարությունները հետաքննելու պահանջի մերժումը վստահելի չեն դարձնում հայտարարված պաշտոնական արդյունքների արժանահավատությունը»:
Ժողովրդավարության եւ բազմակարծության ոլորտում Հայաստանի պարտավորությունների վերաբերյալ բանաձեւի հատվածում ԵԽԽՎ-ն, ճիշտ է, ողջունում է, որ սահմանադրական փոփոխությունների շնորհիվ բարելավվեցին իշխանության ճյուղերի տարանջատումը եւ նրանց միջեւ հավասարակշռության ապահովումը, սակայն նաեւ նշված է. «Վեհաժողովն այնուամենայնիվ նշում է, որ կառավարման նոր համակարգի արդյունավետ կիրառումը պահանջում է քաղաքական մթնոլորտի առողջացում եւ երկխոսության հաստատում իշխող կոալիցիայի եւ ընդդիմության միջեւ»:
Զեկուցողները նշելով, որ ԵԽԽՎ-ն առանձնահատուկ կարեւորություն է տալիս առաջիկա ընտրությունների կազմակերպմանը՝ նաեւ նշել են. «Հիասթափեցնող է, որ 2001-ից ի վեր, ինչ Հայաստանն անդամակցել է Եվրոպայի խորհրդին՝ անցկացված եւ ոչ մի ընտրություն չի եղել լիովին ազատ եւ արդար»:
Վեհաժողովն, ըստ բանաձեւի նախագծի՝ «բավարարվածությամբ» է նշում, որ «Ընտրական օրենսգրքի» 2005-ի մայիսին ընդունված փոփոխությունները լայնացրին ընտրությունների իրավական շրջանակները: Սակայն անմիջապես հաջորդում է վերապահում, թե մտահոգության առարկա են մնում ընտրական վարչարարությունն ու բողոքարկման գործընթացը: Եվ դարձյալ ընդգծվում է, թե «Ընտրական օրենսգրքի» բարեփոխումներից զատ՝ ժողովրդավարական ընտրություններ կարելի է երաշխավորել միայն այն դեպքում, եթե դրանք իրականացվեն բարեխղճորեն, եւ եթե առկա է «դրա քաղաքական ցանկությունը՝ ամենաբարձր մակարդակով»: Ըստ բանաձեւի նախագծի՝ պետք է հստակ «ուղերձ» լինի, որ հաջորդ ընտրություններում չեն հանդուրժվելու խախտումները:
«Աննախադեպ դրական» գնահատված բանաձեւի նախագծում Վեհաժողովն ափսոսանքով է նշում այն փաստը, որ դեռեւս շարունակվում են ոստիկանության եւ ԱԱԾ-ի կողմից դաժան վերաբերմունքի եւ շորթման վերաբերյալ պնդումները: Նաեւ նշված է, թե բողոքները դեռ սահմանափակ են վախի եւ անպատժելիության մթնոլորտի պատճաոով: Ընդգծված է նաեւ Հայաստանում կոռուպցիայի եւ միջազգային կազմակերպված հանցավորության առկայության խնդիրների կարեւորությունը: Որպես այս առումով առավել խնդրահարույց ոլորտներ նշված են դատական, մաքսային, հարկային, կրթության, առողջապահության եւ այլ համակարգեր:
Բանաձեւի նախագծի մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի պարտավորությունների վերաբերյալ բաժնում նշված է. «Առաջիկա խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս առաջ Վեհաժողովն ընդգծում է էլեկտրոնային ԶԼՄ-ների բազմակարծության հատուկ կարեւորությունը», նաեւ այն, որ այս առումով բոլոր կուսակցությունների հավասար հնարավորություններն ազատ եւ արդար ընտրությունների անցկացման «բացառիկ» նախապայման են:
Առաջիկա ընտրություններին ընդառաջ նաեւ խիստ կարեւորվում է հավաքների ազատության իրավունքի իրականացումը: Այս կապակցությամբ նշվում է. «Չպետք է թույլ տրվեն կամայական ձերբակալություններ եւ ոստիկանության կողմից ուժի կիրառման գերազանցում, ու մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության»:
Ավելորդ է թերեւս անգամ նշել, որ այս փաստաթղթում էլ, հաստատված ավանդույթի համաձայն՝ տեղ են գտել իրական այլընտրանքային ծառայության բացակայության եւ ԼՂ հարցում համաձայնության չհասնելու շուրջ ափսոսանք արտահայտող դրույթներ:
Բանաձեւի նախագիծն ավարտվում է նույնքան ավանդական հույսով, որ Հայաստանը 2007- 2008-ի ընթացքում ցույց կտա, թե կարող է անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան ազատ եւ արդար ընտրություններ, եւ ընտրարշավը կլուսաբանվի անաչառության եւ բազմակարծության դիրքերից: