Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՌՉՈՒՆԻՉԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԳԵՂԱՄՅԱՆԻՆ

Հունվար 10,2007 00:00

\"\"Խորեն Թռչունի Սարգսյանի կարծիքով՝
կոմկուսը հավերժ է

– Խորեն Թռչունիչ, ի վերջո, կա՞, թե՞ չկա կոմունիստական կուսակցությունը. վերջին շրջանում այն իր մասին հիշեցնում է միայն Լենինի եւ հեղափոխության ծննդյան օրերին մի բուռ մարդկանցով ծաղկեպսակներ դնելու արարողություններով:

– Ցավալի հարց եք տալիս, շատ ցավալի հարց, կոմունիստական գաղափարախոսությամբ ապրած եւ այդ գաղափարախոսությունը ունեցող մարդկանց համար շատ ցավալի հարց է: Իրականում այսօր մեր հանրապետության մեջ ամենախոշոր կուսակցությունը կոմունիստական կուսակցությունն է: Շատերը թվերով են խոսում, էն երկու բիձեքի պատմությունն է դարձել, ամեն մեկը իր կուսակցության համար թիվ է ասում, իրականում ամենախոշորը կոմկուսն է, բայց, ցավոք, կոմունիստական կուսակցության մեջ մենք չկարողացանք պահպանել էն, ինչ որ ժողովուրդը պահանջում է մեզանից. եղան պառակտումներ, մասնատումներ, իշխանական լծակների մոտ վազողներ, եւ այսպես այս կուսակցությունից հիասթափվողներ եղան: Հավատացնում եմ ձեզ, կուսակցությունը իր դերի, իր ամեն ինչի մեջ մտնում է ընտրություններից հետո: Այսօր, այո, կուսակցությունը այնպիսի վիճակում է, որ կոմունիստները կան, բայց ղեկավար մարմինը լոյալ վիճակում է, կարծես չի ցանկանում ոչ մեկի խաթրին կպչել: Ինչ սպասելիքներ ունեն՝ ես չգիտեմ, բայց այն կոմունիստները, որոնց հետ մենք շփվում ենք, իսկ ես բոլոր շրջաններում եմ լինում, հանդիպում եմ մարդկանց հետ, եւ բոլորը պատրաստ են, եւ բոլորը կոմունիստ են:

– Դուք ի՞նչ եք ակնկալում, կոմկուսը կգնա՞ խորհրդարանական ընտրությունների, եւ եթե մասնակցի, կմտնի՞ խորհրդարան:

– Եթե կոմունիստական կուսակցությունը ընտրությունների չգնա, դա արդեն նշանակում է խաչ քաշել կոմունիստական կուսակցության վրա, ո՞նց կարող է կուսակցությունը չգնալ ընտրությունների: Բայց ինչքանո՞վ կուսակցությունը կկարողանա ընտրություններում հաղթանակ տանել. իբրեւ կոմունիստ ես կուզեմ, որ անպայման խորհրդարանում լինի կոմունիստական խմբակցությունը, բայց նայելով այօրվա Կոմկուսի ղեկավարների վարմունքին՝ ինձ մոտ վախ է առաջանում, որ էս անգամ էլ մենք խմբակցություն չենք ունենա: Առանձին անցնող կոմունիստներ կլինեն, բայց առանձին խմբակցություն վախենում եմ՝ չլինի:

– Ի՞նչ վստահությամբ եք ասում, որ առանձին կոմունիստներ կանցնեն խորհրդարան, երբ մեծամասնականով տեղերը, ըստ որոշ աղբյուրների, արդեն վաղուց բաժանված են:

– Ոչինչ, թող բաժանված լինեն, խորհրդարանում առնվազն մեկ-երկու կոմունիստ այս անգամ կլինի:

– Ձեր որոշ գործընկերներ տարբեր կուսակցությունների անդամակցեցին: Իսկ դուք չե՞ք պատրաստվում խորհրդարանական ընտրություններին մասնակցելու կամ պատգամավոր դառնալու համար մտնել որեւէ կուսակցության ցուցակ կամ անդամակցել:

– Ես մնում եմ կոմունիստ, բնական է, ես չեմ լինելու այն ցուցակում, որ այսօր կազմում է կոմունիստական կուսակցությունը: Ես ընտրություններին կմասնակցեմ մեծամասնականով, այս անգամ, երեւի, իշխանությունները չեն կարող նույն ձեւով վարվել եւ ինձ դուրս թողնել, ես ամեն ինչ կանեմ, որ մտնեմ խորհրդարան: Ինչ վերաբերում է իմ ընկերներին՝ տարբեր կուսակցությունների մեջ, ապա միայն մի հոգի է՝ Սանատրուկ Սահակյանը. ես ցավով եմ նշում նրա գնալը, բայց ես տեղյակ եմ եղել, մենք խորհրդակցել ենք, ես իրեն ասել եմ՝ երիտասարդ տղա ես, դու ես որոշում քո ճակատագիրը:

– Այնուամենայնիվ, ձեր համակրանքը, կոմկուսից բացի, ուրիշ ո՞ր կուսակցության կողմն է:

– Շփվել եմ բոլոր կուսակցությունների հետ, եւ եթե որեւէ մեկի հետ գնալու քայլ անեմ, կանեմ այն կուսակցության հետ, որի մոտ կա սոցիալիստական գաղափարախոսություն: Իսկ այդ կուսակցությունը այսօր «Ազգային միաբանությունն» է, եւ մեր կուսակցության 35-րդ համագումարը որոշել է պաշտպանել Գեղամյան Արտաշեսին, քանի որ հենց Գեղամյան Արտաշն էր, որ վերցրեց կոմկուսի ծրագրի սոցիալական մասը եւ մտցրեց իր ծրագրերի մեջ: Իբրեւ իսկական կոմունիստ, մենք պարտավոր ենք կատարել կուսակցության համագումարի որոշումները, այսինքն՝ պաշտպանել Արտաշես Գեղամյանին, առհասարակ պաշտպանել, նախագահական ընտրություններում պաշտպանել:

Մեր կուսակցության ղեկավարության այսօրվա վատ աշխատանքի պատճառով շատ կոմունիստներ այս կամ այն կուսակցությանն են պաշտպանում: Հիմա որ կուսակցությանը հարցնում ես, ասում են, թե էսքան տոկոսով մտնելու են խորհրդարան, տա Աստված, ընդդիմությունը խորհրդարանում շատ լինի, իսկ ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, ամեն մարդ իր ամբիցիաները պետք է թողնի եւ մտածի մի հոգու մասին, անկախ նրանից, թե էդ մի հոգին ով է: Եթե իմ կարծիքը պետք է հարցնեն, ես արդեն ասացի իմ կարծիքը՝ լավ կլինի Արտաշես Գեղամյանի շուրջը հավաքվեն: Մի՞թե չի կարելի լեզու գտնել, եթե ուրիշ ճար չկա, թող վիճակահանություն անեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել