Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳՈՒՄԱՐԵԼԻՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՈՒՄԱՐԸ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ»

Հունվար 09,2007 00:00

Ըստ երգչուհի Էլլա Տարունցի, թե Հայաստանում, թե ԱՄՆ-ում հայ երգիչներին սպասվում է նույն «ռեստորանային» աշխատանքը:

– Էլլա Տարունցը մերթ «ներխուժում» է շոու-բիզնես, մերթ անցնում «ընդհատակ», ո՞րն է պատճառը:

– Ինչպես ցանկացած մարդ, այնպես էլ ես երբեմն հիասթափություններ ու անկումներ եմ ունենում, ու ամփոփվում ինքս իմ մեջ, որպեսզի հասկանամ՝ ի վերջո, ի՞նչ եմ ուզում: Հետո նոր էներգիա հավաքած ու կարծես նորից ծնված՝ ավելի մեծ էնտուզիազմով սկսում եմ աշխատել: Ու այդպես ծնվում են երգերս:

– Քո վերջին CD-ն թողարկվել է 2 տարի առաջ, երկամյա «պարապուրդից» հետո այժմ ինչի՞ վրա ես աշխատում:

– Այո, իմ վերջին CD-ն, որ կոչվում էր «Top 10 of Yerevan», կյանքի կոչվեց 2 տարի առաջ, ԱՄՆ-ում: Այդ ժամանակ ես այնտեղ փոքրիկ մենահամերգ ունեցա եւ կայացավ CD-ի շնորհանդեսը: Որոշակի դադարից հետո սկսեցի համագործակցել MDP ռոք խմբի հետ, մի ռոք պրոյեկտ արեցինք՝ անգլերեն երգեր: Ճիշտ է, հետաքրքիր էր, բայց ես անգլերենին առանձնապես չեմ տիրապետում, իսկ նույն երգերը հայերեն մի տեսակ շինծու էին հնչում, դրա համար էլ որոշեցի ունկնդրիս չխաբել: Այժմ իմ հեղինակած երգերի վրա ենք աշխատում, կարեւորը դրանցում առկա անկեղծությունն է եւ ոչ թե այն՝ երգերս լավն են կամ վատը: Արդեն նկարահանվել է նոր՝ «Կարոտ» երգիս տեսահոլովակը (ռեժիսոր՝ Արթուր Վարդանյան), որի արձագանքներից գոհ եմ:

– Ինչո՞ւ երբեք չես մասնակցում մրցույթների, ասենք՝ Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը…

– Ես բնույթով հանգիստ մարդ եմ, եւ երջանկությանս մեջ ուրիշ երջանկություն չեմ փնտրում… Իսկ եթե մասնակցեի Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը, ապա դա կլիներ մի 10 տարի առաջ: Հիմա իմ տարիքում էլ ի՞նչ մրցանակաբաշխություն: Ախր երաժշտական մրցանակաբաշխությունները պիտի ունենան տարիքային սահմանափակում, ասենք՝ մրցանակաբաշխություն 30-40 տարեկան երգիչ-երգչուհիների կամ մինչեւ 20 տարեկանների համար: Շոու-բիզնեսում, ինչպես սպորտում, տարբեր «քաշայինների» միջեւ չպետք է մրցույթ լինի: Հաստատ՝ աշխարհահռչակ Թայսոնը այսօրվա 18-19 տարեկան բռնցքամարտիկների հետ չի մրցի: Մինչդեռ հայաստանյան մրցույթներում 20 տարի բեմում գտնվող մարդը նոմինանտ է երեկվա երգողի հետ…

– Մի ժամանակ աշխատում էիր «Պիոներ» ակումբում, հիմա՝ ոչ: Այլեւս դե՞մ ես ակումբային գործունեությանը:

– Այսօրվա դրությամբ՝ այո, վաղը գուցե այլ կերպ մտածեմ: Անկեղծ ասած, հիմա պատրաստվում եմ մեծ մենահամերգի, որը նախատեսված է հունիսին: Այն կրելու է «Իմ տանգոն» խորագիրը, հանդիսատեսին շատ-շատ դրական էներգիա եմ խոստանում: Բացի իմ գրած երգերից, կհնչեն նաեւ համաշխարհային ճանաչված հիթեր: Այս պահին վերնագրեր եւ անուններ չեմ ասի…

– Հիմա շատ մոդայիկ է դուետով հանդես գալը, դու նման ցանկություն չունե՞ս:

– Ես հայաստանցի ոչ մի երգչի կամ երգչուհու հետ առանձնապես մտերիմ չեմ, ուստի երբեք չեմ գնա ու ասեմ՝ բարեւ ձեզ, ուզում եմ ձեզ հետ երգել: Իմ կոլեգաների 90%-ի հետ դուք-ով եմ խոսում, իրենց ճանաչում եմ այնքան, որքան դուք: Ունեմ իմ մտերիմների նեղ շրջապատը, որտեղ եւս ոչ մի երգիչ կամ երգչուհի չկա: Մինչեւ հիմա պրոդյուսեր չունեմ եւ չեմ ունեցել, որովհետեւ, միեւնույն է՝ պրոդյուսերով, թե առանց պրոդյուսերի, անում ես այն, ինչը պիտի վաճառվի, իսկ ես ոչ միշտ եմ երգը իբրեւ ապրանք դիտում: Ցավոք, շոու-բիզնեսում որպեսզի մեծ քայլեր անես, պիտի գումարի պարկ ունենաս, իսկ ես չունեմ այն:

– Հնարավո՞ր է, որ Էլլա Տարունցը հաստատվի արտերկրում, ասենք՝ ԱՄՆ-ում, քանի որ այստեղ շատ բաներ իրեն չեն բավարարում:

– Երբեք: ԱՄՆ-ում ինձնից ու շատերից 1000 անգամ ավելի լավ հայ երգիչներ կան, իրենք այնտեղ ի՞նչ են անում… Անում են այն, ինչ շատերս՝ Հայաստանում: Գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում՝ թե ԱՄՆ-ում, թե Հայաստանում, մեծամասամբ նույն ռեստորանային աշխատանքն է, նույն քեֆ-ուրախությունը…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել