Լրահոս
Օրվա լրահոսը

Տարեվերջյան նամակներ

Հունվար 09,2007 00:00

2006-ն ավարտվեց նաեւ «Առավոտի» նամակագիրների համար: Խմբագրությունը երեկ տարեվերջյան իր նամակները ստացավ:

15 նամակներից միայն 3-ն էին Ամանորի բարեմաղթանքներով: 12-ը գործնական էին՝ խնդրագրեր էին, դատախազությանը, արդարադատության նախարարին, իրավապահներին ուղղված բաց նամակներ: Մեկը կարող է ուղղակի սենսացիոն բացահայտում լինել, որի հետքերով թերթը կգնա մոտ ժամանակներս:

Նամակագիրներից 4-ը մարզերի բնակիչներ էին՝ Արարատի, Սյունիքի, Լոռու: 3-ը՝ դատապարտյալներ էին՝ «Նուբարաշեն», «Երեւան-Կենտրոն» եւ Աբովյանի քրեակատարողական հիմնարկներից: 15 նամակներից 2-ը կանայք են գրել:

Սկսենք երեկվա սենսացիոն բովանդակության նամակից: «Վերջին 12 տարիների ընթացքում զոհված ազատամարտիկի այրի ներկայացող քաղաքացին /տվյալները խմբագրությունում են- Ռ.Մ./ իմ ընտանիքիս կյանքը դարձրել է անտանելի: Մենք ենթարկվում ենք ճնշումների նրա կողմից»,- գրում է նամակագիրը, տեղեկացնելով նաեւ, որ զոհվածի այրի ներկայացողը բարեգործական միության նախագահ է եւ օգտվում է զոհվածի այրու կարգավիճակից, արտոնություններից (երեխաների ուսման, տարատեսակ վարձավճարների): Նամակին կից մեզ են ուղարկվել պաշտոնական փաստաթղթեր, որոնց մեջ առկա է դատավճիռ, ըստ որի՝ «զոհվածը» սպանվել է կերուխումի ժամանակ, հարազատի տանը, խաղաղ պայմաններում: Իսկ այրին էլ դատարանում հանդես է եկել որպես տուժողի իրավահաջորդ: «Խնդրում ենք Ձեզ ընդունել իմ ներկայացրած նամակը՝ կից փաստաթղթերով եւ արձագանքել դրան»,- գրում է նամակագիրը:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող, ցմահ ազատազրկման դատապարտված Ստեփան Գրիգորյանը մեզ է ուղարկել 16 էջից բաղկացած 1997թ. դեկտեմբերի 25-ի իր դատավճիռը, կից նամակով. «Հարգելի խմբագրություն, խնդրում եմ ուսումնասիրեք եւ պատասխանեք. մահապատիժ ինձ հասնու՞մ էր»: Այդ գործով անցնում էր 11 անձ, եւ Ստեփանը գրում է, որ միայն Քենեդու սպանությունը չեն դրել իրենց վրա: «Բանդայի» անդամներից միայն Ստեփանն է պատժի առավելագույն չափի դատապարտվել: Մեղադրանքի հիմքերից է, օրինակ, որ Ստեփանը ընկերոջ հետ 180 000 դրամ արժողության պղնձե լար է գողացել ու Զեյթունի շուկայում վաճառել 21 000 դրամով; Մեկ այլ փաթեթ էլ վաճառել են 27 000 դրամով եւ բաժանել երկուսի մեջ. «Մահապատիժ հասնու՞մ էր»:

Մի նամակ էլ «Առավոտին» գրել էր Անժելա մայրիկը: Նա պատմում է թուրք դիվանագետի սպանության համար ԱՄՆ-ում ցմահ դատապարտված Համբիկ Սասունյանի մասին, տեղեկացնելով, որ 45-ամյա Համբիկը 25 տարի է գտնվում է ուժեղացված ռեժիմի գաղութում: Նամակագիրը տեղեկացնում է նաեւ, որ իր եւ Համբիկի միջեւ կա նամակագրական կապ եւ որ Համբիկը իրեն գրել էր, որ Սանտա Բարբարա կալանավայր էին ամիսներ առաջ ժամանել Լոս Անջելեսի թուրք հյուպատոսը, տեղի դատախազը: Համբիկը անգլերեն, հայերեն, թուրքերեն ներկայացրել էր, թե ինչու է հայտնվել կալանավայրում: Ըստ «Առավոտի» նամակագրի, դրանից հետո նրա պատիժը ավելացել է եւս 4 տարով: Անժելա մայրիկը «Մեր երկրի ղեկավար պաշտոնյաների» ուշադրությունն է փորձում հրավիրել Համբիկի ազատման խնդրին:

Արարատի մարզի բնակիչ Արման Սարգսյանը գրում է. «Համակված եմ բարգավաճ տխրությամբ, քանի որ այս երկրի մեջքը չեն կարող ուղղել քաղաքական կուզիկները»:

Մեկ այլ նամակագիր էլ՝ Սարգիս Ավետիսյանը, գրել էր, որ իր վրա զենք կիրառելու մեղադրանք են փորձում փաթաթել. «Մատս հաստ էր, չմտավ իրենց գտած զենքի ձգանի մեջ»:

«Ինձ համարում եմ նախագահի գաղափարակիցը, միլիոններ եմ ծախսել նրա գաղափարների վրա, բարդությունը սակայն այն է, որ ինձ կոդավորել են»,- գրում է մեզ կոդավորված Ա. Մանուկյանը, սակայն չի ասում, թե մեզնից ինչ է ուզում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել