Իսկ ընտանիքները պատրա՞ստ են ընդունել նրանց
Կառավարության 2005թ. սեպտեմբերի 8-ի որոշմամբ, հանրապետությունում գործող բոլոր հատուկ դպրոցներն աստիճանաբար, մի քանի տարվա ընթացքում ձեռք կբերեն հանրակրթական դպրոցի կարգավիճակ: Դա նշանակում է, որ այդ դպրոցներում այլեւս անվճար սնունդ, գրենական պիտույքներ, հագուստ եւ առաջին անհրաժեշտության այլ պարագաներ չեն տրամադրվի: Բայց քանի որ այսօր հատուկ դպրոցները մեծ մասամբ սպասարկում են սոցիալական վատ պայմաններում ապրող երեխաներին, եւ ոչ՝ միայն կրթության առանձնահատուկ կարիք ունեցողներին, այս որոշմամբ սոցիալապես անապահով խավը մտավախություն ունի, որ իրենց երեխաները պարզապես կհայտնվեն փողոցում:
Վաղարշապատի թիվ 1 հատուկ դպրոցը, որ գործում է 1959-ից, այսօր ունի որբ, միակողմանի ծնողազուրկ, նպաստառու ընտանիքների եւ ծնողական խնամքից զրկված 358 աշակերտ, որոնք այս դպրոց են եկել քաղաքից եւ նրա հարակից գյուղերից՝ համայնքապետարաններից վերցված հատուկ տեղեկանքով: Վերջինս վկայում է նրանց ծանր սոցիալ-կենցաղային պայմանների եւ հատուկ դպրոցում ուսումնառություն անցնելու նպատակահարմարության մասին: Դպրոցում այս երեխաներն անցկացնում են 9-10 ժամ. այստեղ սնվում են, պատրաստում դասերը եւ տուն գնում միայն քնելու համար:
«Եթե այս երեխաները սնունդ չստանան, ոչ մի բանից չօգտվեն, պարզապես թափառողներ կդառնան: Համայնքապետարանների տված տեղեկանքներով՝ նրանք անապահով են, ի՞նչն է փոխվելու, եթե նրանք գան արդեն հանրակրթական դպրոց, կարո՞ղ է հարստանան: Երեք ամիս երեխաներին արձակուրդ ենք տալիս՝ ծնողներն անհանգստանում են, թե ինչպես պետք է պահեն նրանց»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց դպրոցի դաստիարակության գծով փոխտնօրեն Մարգո Գրիգորյանը:
Խնդրով մտահոգված են նաեւ աշակերտները, որոնք միաձայն հաստատում էին, որ եթե դպրոցի կարգավիճակը փոխվի, ապա իրենք հանրակրթական դպրոց չեն հաճախի, քանի որ սննդի, գրենական պիտույքների ու հագուստ գնելու հնարավորություն չունեն: Թամարա Սահակյանը սովորում է 6-րդ դասարանում: Նա իր 4-րդ դասարանցի քրոջ հետ գալիս է Հայթաղ գյուղից: Ասում է, որ իրենց ընտանիքը շատ վատ պայմաններում է ապրում, հացի փող չունի, իսկ դպրոցում, բացի ուսում ստանալուց, նաեւ ուտում-խմում են ու գնում տուն: Ինեսա Պետրոսյանը սովորում է 8-րդ դասարանում: Նրա հայրն անկողնային հիվանդ է, իսկ մայրը չի աշխատում. «Վարձով ենք ապրում, հասարակ (նկատի ունի՝ հանրակրթական-խմբ.) դպրոց գնալու հնարավորություն չունենք, ստիպված կլինեմ 8-րդ դասարանից հետո դուրս գալ դպրոցից»:
Կառավարության սույն որոշումը, սակայն, ուրիշ մտավախությունների տեղիք էլ է տալիս: Դպրոցի ուսմասվար Շողիկ Մուշեղյանի հաշվարկներով, փոփոխությունների արդյունքում իրենց դպրոցում կկրճատվեն 32 դաստիարակ, ճաշարանի սպասարկման մասի աշխատողները եւ, աշակերտների թվաքանակ չապահովելու դեպքում՝ նաեւ մանկավարժների մի մասը:
Մեզ հետ զրույցի վերջում մանկավարժները կատակում էին, որ կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզման փորձեր չեն անի, սակայն լավատեսորեն սպասում են, որ կառավարությունն իր կայացրած որոշումը կվերանայի: Նրանք նամակներով կդիմեն մինչեւ իսկ ՀՀ նախագահին, հույսեր են կապում նաեւ իրենց նորանշանակ մարզպետի հետ, թե երբ պետք է վերջինս կառավարությունից իրենց խնդրի վերաբերյալ ավետիս բերի:
Մինչ այդ մենք փորձեցինք ԿԳՆ հանրակրթության վարչությունից պարզաբանում ստանալ, թե ինչ հետեւանքներ կունենա կառավարության վիճարկվող որոշումը: Եվ պարզեցինք, որ դպրոցները պարզապես բավարար չափով տեղեկացված չեն, թե ինչ է ըստ էության ենթադրում իրականացվող ծրագիրը: Բանն այն է, որ պետությունը հանձն է առել պարզապես «սոցիալական որբերին» վերադարձնել ընտանիքներ՝ ինչպես հատուկ դպրոցների, այնպես էլ մանկատների պարագայում: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, հատուկ դպրոցներն այսօր դարձել են յուրատեսակ ապաստարաններ, որտեղ կորել է կրթության որակը, «շատ ծնողներ պարզապես ծուլանում են հոգ տանել իրենց երեխաների մասին, մեր նպատակն է՝ այդ երեխաներին վերադարձնել իրենց ծնողների մոտ՝ օգնելով նրանց, եթե դրա կարիքն իսկապես ունեն»: Ծրագիրն իրականացվում է սոցապնախարարության հետ, եւ վերջինս պետք է ընտանիքների սոցիալական գնահատում իրականացնելու միջոցով որոշի, թե որ երեխան որտեղ պետք է սովորի: Օրինակ՝ նրանց համար, ովքեր իսկապես չափազանց կարիքավոր ընտանիքից են, կգործեն խնամքի կենտրոններ, իսկ մնացած դեպքերում պետությունը պարզապես կաջակցի սոցիալապես անապահով ընտանիքներին, եւ երեխաներն էլ կհաճախեն հանրակրթական դպրոց՝ չհեռանալով իրենց ծնողներից: Այս պահին մշակվում են այն չափորոշիչները, որոնցով պետք է որոշվի, թե որ ընտանիքը չի կարող երեխային ընդհանրապես պահել, թե որը՝ կարող է, բայց օգնության կարիք ունի եւ այլն: Կոնկրետ Վաղարշապատի թիվ 1 դպրոցը հին կարգավիճակով կգործի մինչեւ հուլիս ամիս, որից հետո նոր կորոշվի այս երեխաների եւ մանկավարժների ճակատագիրը: Վերջիններս էլ, ըստ ամենայնի, հնարավորություն կունենան աշխատանքի տեղավորվել հենց այդ նույն խնամքի կենտրոններում, որոնք, ի դեպ, դեռ գոյություն էլ չունեն: