Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղապետերը կդատվե՞ն

Հունվար 09,2007 00:00

Ըստ «Ասպարեզ» ակումբի, Շիրակի մարզի գյուղապետերն ու ավագանին համայնքի բյուջեի հաշվին մի շարք չհիմնավորված որոշումներ են կայացրել:

Մոտ օրերս Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը դատի կտա մարզի ինը համայնքների ղեկավարներին՝ Արտենիսի, Ախուրյանի, Բաշգյուղի, Անի-Պեմզայի, Փոքր Մանթաշի, Փոքր Սեպասարի, Կաքավասարի, Հայկավանի եւ Ձորաշենի գյուղապետերին: Նրանք «Ասպարեզի» բանավոր ու գրավոր հարցմանն ի պատասխան՝ հրաժարվել են 2005-2006-ի ավագանու որոշումների եւ 2006-ի համայնքների բյուջեի մասին տեղեկությունները տրամադրել: Եվ չնայած տեղեկություն պահանջող ակումբը հարցմանը կցել է նաեւ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համապատասխան հոդվածի պատճենը, ըստ որի՝ նման կարգի ինֆորմացիան բաց է եւ համայնքները պարտավոր են այն տրամադրել, միեւնույն է՝ գյուղապետերը մերժել են, ընդ որում՝ հիմնականում անհիմն պատճառաբանությամբ:

Հոռոմի գյուղապետը «Ասպարեզի» հարցմանն ի պատասխան՝ ասել է. «Ձեր ժամանա՞կն ունենք, հազար ու մի գործ կա, պարապ հո չե՞նք», Ամասիայի գյուղապետն էլ խիստ զայրացել է. «Ի՞նչ իրավունք ունեք, որ ավագանու որոշում էլ պահանջեք», Լանջիկի գյուղապետն առաջարկել է ավագանու նիստ հրավիրել ու հատուկ թույլտվություն ձեռք բերել: Նկատենք, որ գյուղապետերը, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համաձայն, ավագանու որոշումներն ու բյուջեի մասին տեղեկատվությունը պետք է փակցնեին գյուղապետարանի պատերին կամ որեւէ տպագիր լրատվամիջոցով հրապարակեին:

«Ասպարեզ» ակումբին պահանջվող տեղեկատվությունը հետաքրքրել է այնքանով, որ ակումբը ինֆորմացիա է ունեցել, թե Շիրակի մարզի մի շարք գյուղապետեր համայնքի բյուջեն նպատակային չեն ծախսում եւ չհիմնավորված որոշումներ են կայացնում: Օրինակ, ըստ «Ասպարեզի», Գյումրիի ավագանու որոշմամբ, մեկ այլ՝ Երազգավորս գյուղի դպրոցին Գյումրի քաղաքի բյուջեից համակարգիչ են նվիրել, այն դեպքում, երբ ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի խոսքերով՝ «Գյումրին էլ հազարումի խնդիր ունի, փող ունեն՝ թող փողոցները լուսավորեն»: Գյումրիի ավագանու մեկ այլ որոշմամբ էլ՝ ռուսական սահմանապահ զորամասին թերթեր եւ ամսագրեր առաքելու համար Գյումրիի բյուջեից 270 հազար դրամ է տրամադրվել: «Ինչի՞ հիման վրա է որոշվել, որ այս կամ այն գյումրեցին պետք է հոգա ռուսական զորամասի՝ թերթեր կարդալու կարիքները, յուրաքանչյուր գյումրեցի իրավունք ունի այս հարցի պատասխանը ստանալու, մինչդեռ ավագանու որեւէ անդամ բացատրություն չի տալիս»,- դժգոհեց Լ. Բարսեղյանը: Անհասկանալի է նաեւ, թե ինչու է ավագանին որոշել «Արագած» մարզամշակութային ակումբը 99 տարով կառավարման տալ քաղաքապետարանի սպորտային բաժնի ղեկավար Հրաչիկ Խաչատրյանին:

«Ասպարեզ» ակումբի նախագահի տեղեկացմամբ՝ Շիրակի մարզի 119 համայնքներից միայն քառասունմեկն է արձագանքել ակումբի գրավոր պահանջին, բայց առայժմ դատարան են դիմելու միայն ինը գյուղապետերի դեմ հայցով, հետո հերթականությամբ մյուսների դեմ էլ մեղադրանք կներկայացնեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել