Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԿՍՈՒՄ ԵՆՔ ՀԱՍԿԱՆԱԼ ՀՈՎԻԿ ՀՈՎԵՅԱՆԻՆ

Հունվար 09,2007 00:00

\"\"Եթե մեր համաքաղաքացիները մշակույթի նախկին նախարարի թափը ունենային, ապա էլցանցերում, թաղապետարաններում ու համատիրություններում տուրուդմփոց կսարքեին:

Մեր երկրում ենթակառուցվածքները պարզապես պատրաստ չեն ավելի մեծ պահանջարկի սպասարկմանը: Դա ակնհայտ դարձավ հատկապես Նոր տարվա օրերին, երբ որոշ ծառայությունների պահանջարկը կտրուկ մեծացավ: Ամենաակնհայտը թաղապետարանների անգործությունն էր՝ ամանորի նախաշեմին տեղացած առատ ձյունից հետո:

Մինչեւ երեկ էլ մայրաքաղաքի որոշ փողոցներ ձյան կուտակումների ու հաստ շերտերով գոյացած սառույցների պատճառով անանցանելի էին, ինչի հետեւանքով փողոցներում մեծ խցանումներ են առաջանում: Թաղապետարանները (քաղաքապետարան) փողոցների ձյունը մաքրելու փոխարեն՝ լավագույն դեպքում բավարարվում էին աղ ցանելով կամ մաքրող տեխնիկայի քչության մասին բացատրություններ տալով: Եվ սա այն դեպքում, երբ ողջ նախորդ տարվա ընթացքում Երեւանի քաղաքապետարանի պատասխանատուներն ամեն հարմար առիթի հավաստիացնում էին, որ այս ձմռանը լավ են պատրաստվել եւ որ ձնահավաք ու աղբահավաք մեքենաներն այլեւս պակասություն չեն անի: Մայրաքաղաքի ճանապարհների չմաքրելն իր հերթին խոչընդոտեց քաղաքային տրանսպորտի աշխատանքը. տոնական օրերին տրանսպորտը ծայրահեղ վատ էր աշխատում: Առատ ձյան հետեւանքով Երեւանում կտրուկ նվազեց երթուղայինների քանակը: Սա միկրոավտոբուսների վարորդները պատճառաբանում էին ճանապարհների սառցակալմամբ: Ճանապարհների անանցանելիությունը վարորդների միակ խոչընդոտը չէր: Նկատենք, որ երթուղայինների մեծ մասն այնքան անսարք է, որ մի քանի սանտիմետր ձյան պայմաններում նույնիսկ ի վիճակի չէ երթեւեկել։ Տոնական օրերին տաքսիներն էլ խիստ դեֆիցիտ էին: Տաքսի ծառայությունների մեծ մասը, ձյունոտ ճանապարհների պատճառով, նույնպես չէր աշխատում: Եղածներն էլ հրաժարվում էին սպասարկել ծայրամասերի բնակիչներին եւ պատվերներն ընդունում էին միայն մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում երթեւեկելու դեպքում:

Այս օրերին, կարելի է ասել, որ Երեւանում ընդհանրապես աղբահանություն չէր կատարվում եւ քաղաքից աղբը «ոտք առած» գնում էր: Եթե նախորդ տարիներին միայն ծայրամասերի բնակիչներն էին բողոքում, որ տոնական օրերին մի քանի օր շարունակ աղբահանություն տեղի չի ունենում, ապա այս տարի Երեւանի կենտրոնական թաղամասերն էլ ամբողջովին աղբի մեջ կորած էին: Հատկապես բնակելի շենքերի շրջակայքում մի քանի մետր բարձրությամբ աղբակույտեր էին գոյացել։ Նույնիսկ ձյան սպիտակ «վերմակն» ի վիճակի չէր այն թաքցնելու, քանի որ աղբակույտերը պարբերաբար «թարմացվում» էին տոնական «զիբիլներով»:

Տոնական օրերին իրենց չարդարացրին նաեւ հանրային ծառայություն մատուցող ընկերությունները: Ամանորը «խիստ ռոմանտիկ»՝ մոմի լույսի տակ ու առանց նախագահական շնորհավորանքի են անցկացրել Նորք-Մարաշ համայնքի 9-րդ փողոցի, Էրեբունի համայնքի Արցախի փողոցի, Կենտրոն համայնքի Քրիստափոր Կոլումբոսի փողոցի բնակիչները: Համատարած հոսանքազրկումների պատճառն ամեն տարի նույնն է՝ հոսանքի կրկնակի ծանրաբեռնվածությանը մալուխները չեն դիմացել։ «Առավոտը» բազմաթիվ բողոքներ է ստացել նաեւ գազի հետ կապված: Շատ բնակիչներ ոչ միայն լույս չեն ունեցել, այլեւ՝ գազ եւ ստիպված են եղել Նոր տարին դիմավորել հարազատների տանը: Արդեն որերորդ ձմեռն է՝ մայրաքաղաքի բնակիչները Ամանորին ջուր էլ չեն ունենում, քանի որ ջրամատակարարման ու ջրահեռացման խողովակները կամ սառչում են, կամ պայթում։

Ամանորից դեռ մի քանի օր առաջ սառել ու խցանվել են Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սեբաստիայի փ.14 շենքի, Աջափնյակի 16-րդ թաղամասի թիվ 26 եւ 27, Էրեբունի համայնքի Արցախի փողոցի 10 բ եւ մի շարք այլ համայնքների բազմահարկ շենքերի ջրատար եւ կոյուղատար խողովակները։ Եվ եթե էլեկտրամատակարարման եւ գազի հարցում պահանջող ու կատարող կողմերը հստակ են, ապա ջրամատակարարման հարցում խնդիրը բարդ է՝ ջրմուղը պատասխանատու է մինչեւ շենք հասնող խողովակների համար եւ ներշենքային խողովակների հետ գործ չունի: Դա համատիրությունների գործն է, ինչը չի արվում, եւ բնակիչներն էլ ստիպված սեփական միջոցներով են խողովակները փոխում կամ կրակ վառելու օգնությամբ են խողովակների սառույցը հալեցնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել