Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՄԻԱՎՈՐՈՒՄ, ԲԱՅՑ ՄԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆԿՈՒՄ

Հունվար 09,2007 00:00

Արշակ Սադոյանի «Ազգային ժողովրդավարների դաշինքը» եւ Մանուկ Գասպարյանի «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը հանդես են գալու միասնաբար: Նրանց միանալու են նաեւ այլ գործիչներ:

Դեռ ամանորյա տոներից առաջ էր Արշակ Սադոյանը մամուլում ակնարկել, թե օպտիմալ կլիներ ԱԺԴ-ի եւ ԺՈՒԿ-ի դաշինքը. «Կարծում եմ, որ իմ եւ Մանուկի միավորումը բավականին արդյունավետ կարող է լինել, հատկապես, որ մեզանից ոչ մեկն առաջինը լինելու ամբիցիայով չի տառապում եւ պատրաստ է ցուցակում լինել նաեւ երկրորդը։ Դա բավականին կենսունակ դաշինք կարող է լինել՝ հաշվի առնելով թե՛ իմ եւ թե՛ Մանուկ Գասպարյանի ժողովրդականությունը»:

Պարզվեց, որ տոնական դադարն արդյունավետ է եղել, եւ ինչպես մեզ հայտնեց Մանուկ Գասպարյանը՝ «Արշակի հետ համարյա եկել ենք ընդհանուր հայտարարի»: Սակայն պայմանավորվածությունները չեն սահմանափակվում միայն ԱԺԴ-ով: Ըստ ԺՈՒԿ-ի ղեկավարի՝ «Մի շարք անհատ քաղաքական գործիչների հետ, որոնք ժողովրդի մեջ ունեն բարձր հեղինակություն, ընդունված ու հարգված են՝ մենք անցկացնում ենք խորհրդատվություններ, բայց ոչ թե դաշինք կազմելու, այլ ինչ-որ մի կուսակցության ցուցակով ներկայանալու համար: Կընտրվի այն կուսակցությունը, որը տվյալ պահին կապացուցի իր առավել գործունյա լինելը, առավել նախապատրաստված կլինի ընտրություններին մասնակցելու առումով եւ կարող է կատարել ֆինանսական որոշ հայթայթումներ: Մենք որոշել ենք մի քանի նման մարդկանցով այդ կուսակցության մեջ համախմբվել՝ դաշինք չկազմելով: Քանի որ վախենում ենք, թե դաշինք կազմելու դեպքում յուրաքանչյուր մեկ կուսակցություն ավելանալու դեպքում 25 հազար ձայն պետք է լրացուցիչ բերվի՝ 5 տոկոսը հաղթահարելու համար: Դա շատ վտանգավոր ենք համարում: 25 հազար ձայնը փողոցում թափված չէ՝ այսօր մեր հանրապետությունում իշխանական կուսակցությունների շատանալու պայմաններում (արդեն 4 բացահայտ իշխանական ուժ են մասնակցելու ընտրարշավին): Մենք չենք կարող 7 տոկոսն ապահովելու համար գնալ այդ քայլին եւ դաշինք ստեղծել: Ուղղակի մեր կուսակցությունները կլինեն իրար կողքի ընտրություններում, ամեն ուժից 1-2 անդամ կմիավորվի այդ մի կուսակցության մեջ: Ըստ քննարկվող գաղափարի՝ կհայտարարենք, որ այս ցուցակում համախմբված քաղաքական գործիչները, որոնք ժողովրդի կողմից հարգանք են վայելում, ընդունում են տվյալ կուսակցության ծրագրի դրույթները եւ պատրաստ են իրար հետ համագործակցել դրա շուրջ»:

Մանուկ Գասպարյանը չցանկացավ բացահայտել, թե որոնք են այն անհատ գործիչները, որոնց հետ այժմ խորհրդատվություններ են անցկացնում. «Հիմնականում 2-3 հոգի են: Եթե ման գաք՝ ինքներդ էլ կգտնեք ժողովրդի մեջ համեմատաբար բարձր հեղինակություն ունեցող այդ մարդկանց, որոնք ե՛ւ ունեն իրենց կուսակցությունները, ե՛ւ չունեն: Ես ուղղակի չեմ ուզում հրապարակել նրանց անունները, քանի որ կարող է՝ չստացվի: Լավ են գնում գործերը, բայց մեկը կասկածների մեջ է, մյուսը մտածում է՝ լա՞վ կլինի, թե՞ ոչ, երրորդը ժամկետ է վերցրել խորհրդակցելու: Երբ վերջնականապես պայմանավորվենք՝ կարող եմ հայտնել այդ անձանց անունները: Թե չէ՝ եթե հիմա հայտարարեմ, կարող է որոշ մարդիկ հետ քաշվեն՝ նրանց թույլ չեն տա կամ ինչ-որ կերպ կխանգարեն այս գործին: Քանի որ բոլոր իշխանական կուսակցությունները հիմնականում փողով են ուզում գալ խորհրդարան՝ մենք էլ ուզում ենք ժողովրդի ձայներն ունեցող մարդկանց միջոցով հնարավորինս առանց փողի ձայներ հավաքել: Ինձ թվում է, եթե հաջողվի մեր այդ 5 գործիչների միավորումը (Մանուկ Գասպարյան, Արշակ Սադոյան + 3 չբացահայտվածներ.- Ա. Ի.), մենք 15 տոկոս ձայն կունենանք խորհրդարանում: Իսկ եթե մնանք միայն ես ու Արշակը՝ համոզված եմ, որ կհաղթահարենք 7-8 տոկոսի սահմանները»:

Արշակ Սադոյանի հետ զրույցի ընթացքում փորձեցինք լրացուցիչ մանրամասներ բացահայտել, սակայն նա սահմանափակվեց հետեւյալ տեղեկատվությամբ. «Հանդիպումներ, քննարկումներ եղել են մինչեւ Նոր տարին: Խոսքը նրա մասին է, որ արժե ստեղծել պայքարի լայն ճակատ՝ հանուն ազատ եւ արդար ընտրությունների, հանուն նրա, որ թույլ չտանք, որ ինչ ուզենան՝ անեն: Այս առումով՝ եղել են խորհրդատվություններ, սակայն դեռ չեն կայացվել վերջնական որոշումներ»: ԱԺԴ նախագահն էլ չցանկացավ հրապարակել մյուս 3 գործիչների անունները, որոնց հետ վարում են բանակցություններ. «Դեռ ընթանում են քննարկումներ: Շատերի հետ եմ հանդիպել, խոսել: Բայց առայժմ նպատակահարմար չէ անունները հրապարակել: Առաջիկայում, երբ կանցնի այս ամանորյա աժիոտաժը՝ հանդիպում կունենանք, որից հետո էլ անպայման տեղյակ կպահենք արդյունքների մասին»:

Ընդգծենք, որ Մանուկ Գասպարյանը խոսում էր մի կուսակցության ցուցակով ներկայանալու, իսկ Արշակ Սադոյանը՝ ստեղծվելիք «ճակատի» մասին: Սակայն մեր հարցին, թե որեւէ անուն մտածե՞լ է այդ ճակատի համար՝ ԱԺԴ նախագահը պատասխանեց. «Նույնիսկ դեռ չենք էլ ֆիքսել, թե որպես կուսակցությունների դաշի՞նք ենք մասնակցելու, թե՞ մեկ կուսակցության ընդհանուր ցուցակով: Եվ քանի որ այս ամենը դեռ նախնական փուլում է՝ նպատակահարմար չեմ գտնում այդ մասին խոսել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել