Մինչդեռ Շահեն Հովասափյանի վարորդ Անդրանիկ Չարչյանի ցուցմունքներն են միայն հիմք դարձել Վիրաբյան եղբայրներին մեղադրանք
առաջադրելու համար:
Շուրջ չորս ամիս է, ինչ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 7-րդ վարչության նախկին պետ Արմեն Վիրաբյանը կալանավորված է: Վերջինս ու նրա եղբայրը՝ «Սեմուր & Co» ընկերության ղեկավար Գուրգեն Վիրաբյանը մեղադրվում են Հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանությունը կազմակերպելու եւ իրականացնելու մեջ: Գ. Վիրաբյանի նկատմամբ մինչ այդ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը, փոխվեց միայն նրա առողջական վիճակի պատճառով: Հունվարի 13-ին քրգործի նախաքննությունն իրականացնող մարմինը հերթական անգամ միջնորդություն կներկայացնի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանին՝ Արմեն Վիրաբյանի կալանքի ժամկետը կրկին երկարաձգելու համար, թեեւ Վիրաբյան եղբայրների փաստաբան Հովիկ Արսենյանի համոզմամբ, իր պաշտպանյալներին առաջադրված մեղադրանքներն անհիմն են, իսկ Ա. Վիրաբյանին կալանքի տակ պահելը՝ անօրինական:
Հ. Արսենյանի փոխանցմամբ, սեպտեմբերի 16-ից՝ Վիրաբյաններին մեղադրանք առաջադրելուց ու նրանց ձերբակալությունից ի վեր, մինչ օրս Վիրաբյանների հետ կապված որեւէ քննչական գործողություն, ըստ էության, չի իրականացվել: Նրանք շարունակում են իբրեւ մեղադրյալներ ներգրավված մնալ այս քրգործի շրջանակներում միմիայն Շ. Հովասափյանի վարորդ Անդրանիկ Չարչյանի ցուցմունքների հիման վրա, որոնք էլ դարձել են Վիրաբյաններին մեղադրանք առաջադրելու շարժառիթ: Հիշեցնենք, որ մեղադրանքի ամբողջ տրամաբանությունն այն է, որ Ա. Վիրաբյանը Ա. Չարչյանին հյուրասիրելու նպատակով հրավիրել է «Վալենսիա» հյուրանոցային համալիր, որտեղ, իբր, հարմար պահ է ստեղծել ու պայթուցիկ սարք է տեղադրել Շ. Հովասափյանի ծառայողական ավտոմեքենայի տակ՝ նրանից վրեժխնդիր լինելու այն բանի համար, որ Շ. Հովասափյանն, իբր, մտադրություն է ունեցել Ա. Վիրաբյանին պաշտոնանկ անել:
Փաստաբան Հ. Արսենյանը, սակայն, շարունակում է պնդել, որ այդ մեղադրանքը արհեստածին է ու պայմանավորված է աղմկահարույց այդ սպանությունն, իբր, արագ բացահայտելու՝ քննչական խմբի հապճեպ գործողություններով, առավել եւս, որ անցած չորս ամիսների ընթացքում ե՛ւ Վիրաբյանների ցուցմունքներով, ե՛ւ իրեղեն այլ ապացույցներով, օրինակ՝ «Վալենսիա» համալիրի տարածքի տեսագրությամբ, ապացուցված են, որ Ա. Վիրաբյաններն իրենց առաջադրված մեղադրանքի հետ որեւէ առնչություն չունեն:
Ըստ որոշ տեղեկությունների, Ա. Չարչյանը մտադրություն ունի փոխել նախկինում տված իր ցուցմունքները, ինչում, սակայն, շահագրգիռ չէ Վիրաբյանների դեմ քրգործ «թխած» նախաքննական խումբը: Այսպես, ըստ փաստաբան Հ. Արսենյանի, Ա. Չարչյանը դեռ դեկտեմբերի սկզբներին Հարկային ծառայության օպերատիվ-հետախուզության վարչություն է ներկայացել ու աշխատանքից ազատվելու դիմում է գրել: Հենց այդ ժամանակ էլ, ըստ փաստաբանի, նա վարչության մի քանի աշխատակիցների հետ զրույցի ժամանակ խոստովանել է, որ ինքը ստիպված է եղել Ա. Վիրաբյանի դեմ ցուցմունք տալ, քանի որ քննիչ Բագրատ Պետրոսյանն իրեն համոզել է՝ ասելով, որ եթե վարորդը կասկածի տակ առնի Ա. Վիրաբյանին, ապա այդ դեպքում նախաքննական մարմինը հիմք կունենա նրան մի քանի օր ձերբակալելու, իսկ այդ ընթացքում եթե քննությամբ պարզվի, որ Վիրաբյանը որեւէ առնչություն չունի սպանության հետ, նրան ազատ կարձակեն: «Վարորդը տեսնելով, որ Վիրաբյաններին պահում են միայն իր ցուցմունքի հիման վրա, դիմել է նախաքննությունն իրականացնող մարմնին՝ փորձելով նորից ցուցմունք տալ ու ճշտում անել իր նախկին ցուցմունքներում, բայց նրան հրաժարվել են հարցաքննել: Վարորդի համոզմամբ, Վիրաբյանը պետք է իրեն հասկանա, որովհետեւ գիտի, թե մարդկանց նման տեղեր (դատախազություն- Ն. Մ.) որ տանում են՝ ինչ վիճակի մեջ են գցում»,- մեզ հետ զրույցում փոխանցեց Հ. Արսենյանը:
Փաստաբանի ասելով, նախաքննական մարմինը դեռ մինչեւ Վիրաբյանների ձերբակալությունն է փորձել ուղղորդել նախաքննությունը: Ըստ նրա, դա ակնհայտ է եղել Շ. Հովասափյանի սպանությունից օրեր անց՝ սեպտեմբերի 15-ին, Ա. Չարչյանի ու Ա. Վիրաբյանի հետ առերեսման ժամանակ: Հ. Արսենյանը նաեւ պատահական չի համարում այն, որ այդ առերեսման հենց հաջորդ օրը դարձյալ մի առերեսում էր եղել Ա. Վիրաբյանի ու վարորդ Ա. Չարչյանի միջեւ, թեեւ դրա համար որեւէ պատճառ չկար: Առերեսման ժամանակ վարորդը, ի պատասխան քննիչի հարցին, հայտարարել էր, թե Շ. Հովասափյանի սպանության մեջ կասկածում է Ա. Վիրաբյանին կամ նրա կողմից ինչ-որ մեկին: «Ես նորից հայտարարություն արեցի՝ ասելով, որ նախորդ օրը առերեսման ժամանակ նման կասկածներ, նման խնդիրներ առերեսվողների միջեւ չէին եղել: Ուրեմն՝ ի՞նչ էր տեղի ունեցել մի գիշերվա ընթացքում, ի՞նչ սպառնալիքներ, խորթ մեթոդներ էին կիրառվել Ա. Չարչյանի նկատմամբ»,- հարցրեց Հ. Արսենյանը: Նրա ասելով, Վիրաբյանների դեմ տրված ցուցմունքներն ակնհայտորեն կեղծ են, ու նախաքննական մարմինն արդարացի կլինի, եթե Վիրաբյանների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնի, մանավանդ որ՝ Վիրաբյանների ալիբին վաղուց արդեն քննությամբ հաստատվել է: «Իմ պաշտպանյալները ցուցմունք էին տվել, որ իրենք հանցագործության կատարման պահին քաղաքից դուրս են եղել, ինչը քննությամբ հաստատվել է: Սա այն դեպքում, երբ Շ. Հովասափյանի ավտոմեքենան պայթեցվել է հեռակառավարման վահանակով, ինչը նշանակում է ավտոմեքենայի պայթեցման պահին հանցագործը դեպքի վայրից տեսանելի տարածության վրա է եղել»,- հայտարարեց փաստաբանը: