Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ 2007 ԹՎԱԿԱՆԻՑ ԱՌԱՎՈՏՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ

Դեկտեմբեր 28,2006 00:00

Իրականություն եւ ակնկալիքներ

Հռիփսիմե Ջեբեջյան

\"\"«Առավոտում» ինձ զգում եմ՝ ինչպես հորական տանը, երբեմն նույնիսկ՝ ավելի լավ: Ես չգիտեմ՝ ո՞ր քամին ինձ բերեց «Առավոտ», բայց այդ քամուց շատ շնորհակալ եմ, որովհետեւ այլ լրատվամիջոցում ինձ չեմ պատկերացնում: 2006-ն ինձ համար հաջող տարի էր, եթե 2007-ն էլ այդպիսին լինի՝ գոհ կլինեմ: Վարազի տարին իմ տարին է, ուստի մեծ ակնկալիքներ ունեմ. կուզենայի ամուսնանալ, ունենալ երեխաներ, աշխատանքից ուշ տուն գնալու համար մամայիս հետ չկռվել, սիրածս մարդու հետ լինել, կուզեի ունենալ սեր, երջանկություն, փող, լավ ու հավատարիմ տեղեկատվական աղբյուրներ… Իսկ Ձմեռ պապից շատ բան չեմ ուզում՝ կարմիր գույնի «Պեժո» մակնիշի մեքենա, որ ժողովից չուշանամ:

Լուսինե Բուդաղյան

\"\"Ես սիրում եմ «Առավոտը» հենց միայն նրա համար, որ հայկական լրատվամիջոցների շարքում իր ուրույն տեղն ունի, մեր կոլեկտիվում մշտապես առողջ մթնոլորտ է, մարդիկ էլ բավարարված են, ուստի, եթե եկող տարիներին էլ լրագրող աշխատեմ, ապա միայն «Առավոտում»: Չնայած 2007-ը Խոզի տարի է, բայց հուսով եմ, որ գալիք տարի մարդիկ ավելի մաքրասեր կլինեն, իսկ նրանց «խոզությունը» կարտահայտվի միայն գումարներ կուտակելու մեջ: Ձմեռ պապից 3 սպասելիք ունեմ՝

ա) եկող տարվա ամեն օրն ինձ համար տոն լինի,

բ) ֆինանսական վիճակս միշտ կայուն լինի,

գ) վերջապես գտնեմ իմ կեսին:

Մարինա Մերուժանյան

\"\"Նոր տարվանից ակնկալում եմ, որ ծնողներս ու հարազատներս տխրելու առիթ չունենան, տատիկս ու պապիկս առողջ լինեն, քեռուս 2 ամսական դուստրը եւ իմ ընտանիքի բոլոր երեխաները, ինձանից օրինակ վերցնելով, հավատան, թե կյանքը շոկոլադ է: Ուզում եմ, որ գալիք տարում ընկերներս ոչ միայն լավ հիշողություններով, այլեւ հրաշալի ներկայով ապրեն: Իսկ որպեսզի այդ ամենի ողջ «պատասխանատվությունը» չընկնի միայն 2007-ի վրա, ինքս էլ ջանքեր կգործադրեմ: Ինձ համար Նոր տարվանից համբերություն եմ խնդրում, քանի որ պետք է զբաղվեմ մեր բնակարանի հարցով, որը պիտի սեփականաշնորհվի: Ինչ վերաբերում է «Առավոտին», այստեղ ինձ զգում եմ՝ ինչպես ձուկը ջրում: Նույնիսկ շնաձկներին եմ վարժեցրել:

Գարիկ Մկրտչյան

\"\"Երբ Շան տարում սոցիալական բնույթի առաջին հրապարակումս էի պատրաստում «Առավոտի» համար, մտածում էի, որ չեմ դիմանա եւ հրաժեշտ կտամ լրագրող դառնալու ձգտումներիս, քանի որ այդ նյութը, անկեղծ ասած, ի մի բերեցի եւ տպագրության պատրաստեցի… մեկ ամսում: Սակայն կամաց-կամաց բախտն ինձ ժպտաց, եւ ես, որպես երիտասարդ լրագրող, սկսեցի աճել ու հմտանալ, առաջիկայում էլ հուսով եմ, կլինեմ ավելի խոստումնալից ու նպատակասլաց: Ինչ վերաբերում է Վարազի տարուն, ակնկալիքներս մեծ են՝ նախ կուզենայի սիրածս էակի հետ չվիճել եւ լինել հաշտ, ապա՝ ընդունվել ասպիրանտուրա, իսկ Ձմեռ պապից ու Ձյունանուշիկից (եթե գոյություն ունեն) կխնդրեի Վարազի տարում վերացնել մեր իրականությունում առկա բոլոր «խոզություններն» ու «վարազությունները»:

Լուսինե Օհանյան

\"\"Նոր տարուց ակնկալիքներս շատ են ե՛ւ անձնական, ե՛ւ աշխատանքային առումով: Շատ կուզեի, որ 2007-ը երջանկություն բերի ոչ միայն ինձ, այլեւ «Առավոտի» ողջ անձնակազմին: Թող 2007-ը մեզ համար լինի առատության տարի՝ թե «փայլուն» ու էքսկլյուզիվ լուրերի եւ թե ֆինանսական բնագավառում: Քանի որ լրագրողներիս աշխատանքի արդյունավետությունը կախված է քաղաքական գործիչների, պաշտոնյաների եւ նրանց մամուլի քարտուղարների «գործունեությունից», ցանկանում եմ, որ Ձմեռ պապի օգնությամբ նրանց հեռախոսները մշտապես հասանելի լինեն, չնայած համոզված եմ, որ նույնիսկ աշխարհի բոլոր Ձմեռ պապերը համատեղ ուժերով դժվարանան այս ցանկությունս իրականացնել:

Արեւ Բարսեղյան

\"\"Շնորհավորում եմ բոլորի գալիք Նոր տարին եւ Սուրբ ծնունդը, ցանկանում անսահման սեր, երջանկություն, հաջողություններ: Թող 2007-ի բոլոր առավոտները բացվեն «Առավոտով», չնայած թղթի չպատճառաբանված սղությանը, մեր թերթի աշխատակիցներին «15-րդ հարկից գցելու», «աշխատանքից ազատելու» ու Պուտինի հասցեն մեզանից ճշտողների անհագ ցանկությանը: Քանի որ առաջիկայում ընտրություններն են, հայ ժողովրդին ցանկանում եմ թեթեւ եւ անհոգ տարի:

Միշտ ժպտացեք, եւ ամեն ինչ լավ կլինի: Իսկ Ձմեռ պապից ոչինչ չեմ սպասում, ինչ լինելու է՝ թող անակնկալ լինի:

Եվա Հակոբյան

\"\"«Առավոտն» ինձ դուր է գալիս՝ հետաքրքիր ու ինքնատիպ թերթ է, կիրթ, անմիջական եւ ուրախ կոլեկտիվ ունի: Եվ, որ ամենակարեւորն է՝ նորեկներին այստեղ ջերմ են ընդունում: Ինչ վերաբերում է 2007-ից ունեցած իմ սպասելիքներին, ուզում եմ, որ իրականություն դառնա այն ամենը, ինչ չհասցրի այս տարի: Նույնը՝ առողջության, երջանկության ու շատ փողի հետ, բոլորին եմ մաղթում:

 

 

Լաուրա Կուրեխյան

\"\"Ամանորին բոլորս հրաշքների ենք սպասում, հավատում, որ Նոր տարին իր հետ բերելու է այն ամենը, ինչի մասին երազել ենք: Ուզում եմ, որ այս տարի ժպիտը չլքի մեզ, մարդիկ լինեն համբերատար, կամեցող ու բարի: Բոլորին հավերժական սեր ու անսահման երջանկություն եմ ցանկանում: Իսկ Ձմեռ պապից ակնկալում եմ ճոխ նվերներ:

 

Գրիշա Բալասանյան

\"\"Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ աշխատում եմ «Առավոտում»: Չէի սպասում, որ իրավաբանական ֆակուլտետի ուսանողը փորձառու լրագրողների օգնությամբ կդառնա լրագրող: Դժվար է պատկերացնել, թե ինչպես Ցուլը (ծնվել եմ Ցուլի տարում) կարող է հաշտ ու համերաշխ գոյատեւել Խոզի հետ, բայց հուսով եմ, որ Խոզի տարին իմ հանդեպ բարեհաճ կլինի եւ կկատարի երազանքս՝ նստել ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարի փափուկ աթոռին: Իսկ եթե դա չլինի, թող որ մեր թերթում գովազդները շատ լինեն, որպեսզի աշխատավարձերն այնքան բարձրանան, որ ապրենք անհոգ ու արքայական, բայց ոչ՝ խոզի կյանքով:

Տաթեւ Հարությունյան

\"\"Քանի որ Նոր տարին ամենից առաջ նորի խորհրդանիշ է, բոլորին ցանկանում եմ նոր ձգտումներ, նպատակներ ու սպասելիքներ։ Հրաշքներ չեմ ակնկալում, բայց վստահ եմ, որ Ձմեռ պապն ինձ եւս չի մոռանա։ Քանի որ 2007-ը Խոզի տարի է, ցանկանում եմ, որ ամենքս հեռու մնանք խոզի «կեղտոտ» սովորություններից։ Այնքան բարելավվի մարդկանց վիճակը, որ խոզուկի պես թարմ, վարդագույն եւ կլորիկ լինեն։

 

Լորա Ամիրբեկյան

\"\"Ընդհանրապես ցանկացած բան ուզելիս՝ նախ մտածում եմ, հանկարծ իզուր չե՞մ ուզում… (աշխատում եմ երազել այն ամենի մասին, որոնց իրականանալու հավանականությունը ավելի մեծ է): Հիմա առանց մտածելու մի բան հաստատ եմ ուզում՝ դառնալ «Առավոտինը» ու «Առավոտն» էլ՝ իմը: Ինչ վերաբերում է Վարազին կամ Խոզուկին, նրանցից էլ ուզում եմ, որ այս տարի վրաս «մռթմռթացողները» քիչ լինեն: Մնացած ամեն ինչի հետ «յոլա գնալ» լինում է:

Անուշ Խեչոյան

\"\"«Առավոտում» հենց առաջին օրվանից ինձ ջերմ ընդունեցին: Ցանկանում եմ, որ այդ ջերմությունը շարունակվի գալիք՝ Վարազի տարում, որն իմ տարին է: Հուսով եմ, որ փորձ ունեցող լրագրողները կօգնեն երիտասարդներիս՝ դժվարությունները հաղթահարել: Ուրախ եմ, որ «Առավոտում» գերիշխում են նախ մարդկային, հետո միայն գործնական հարաբերությունները: Բոլորին 2007-ին ցանկանում եմ առողջություն, երազանքների իրականացում եւ լիքը փող:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել