Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՈԽ ՉԵՆ ՆՇԵԼՈՒ

Դեկտեմբեր 28,2006 00:00

\"\"Մեր պաշտոնյաները Ամանորը դիմավորելու են ինչպես միշտ՝ մեկը տոլմա է փաթաթելու, մյուսը Ծաղկաձոր է գնալու, հաջորդը՝ թոռան հետ հեռուստացույց է դիտելու:

Ինչպես Ձիու, Ոչխարի, Շան, այնպես էլ եկող՝ Վարազի տարում մեր երկրի պաշտոնյաները այս Նոր տարին նշելու են շատ համեստ եւ ճոխություններ առանձնապես իրենց թույլ չեն տալու: Համենայնդեպս, «Առավոտի» հետ զրույցում այդպես էին հավաստիացնում մի շարք գերատեսչությունների ղեկավարներ: Մեր հարցին, թե ինչպե՞ս եք պատրաստվում դիմավորել Ամանորը, Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը պատասխանել է. «Բնականաբար, մեր ընտանիքն արդեն կատարել է ամանորյա ծախսերը: Երբեք շռայլությունների կողմնակից չեմ եղել եւ նախընտրում եմ համեստ սեղաններ»: Գլխավոր բանկիրն այնքան է կապվել իր աշխատակիցների հետ, որ դեկտեմբերի 31-ին էլ նրանցից չի բաժանվելու. ընտանիքի, տեղակալի, խորհրդի անդամների ու վարչության պետերի հետ գնալու է Ծաղկաձոր: Նա արդեն քանի տարի է՝ այդպես է Նոր տարին դիմավորում՝ խմում են, ոչ ստանդարտ, օրիգինալ կենացներ են ասում եւ գիշերը լուսացնում: Տ. Սարգսյանը սեղան է գցելու նաեւ Երեւանում՝ ընկերների ու բարեկամների համար: Հարցին, թե գնաճը չի՞ ազդել ծախսերի վրա՝ ԿԲ ղեկավարը պատասխանել է. «Ես սովորական քաղաքացի եմ, եւ այն, ինչ տեղի է ունենում շուկայում, ազդում է նաեւ մեր ընտանեկան բյուջեի վրա»:

Քաղաքաշինության նախարար Արամ Հարությունյանը նույնպես Ամանորը սովորականի պես է դիմավորելու. ընտանիքով գնալու են նախարարի հայրական տուն՝ Եղվարդ: Դեկտեմբերի 31-ին հոր ծննդյան օրն է, եւ այս տարի նա հատկապես կարեւորում է կնոջ եւ երեխաների հետ մոր կողքին գտնվելը: Այս տարի Արամ Հարությունյանը ընտանեկան սեղանին ավանդական խոզի բուդ չի դնի, դրա փոխարեն ձուկ եւ հավ է լինելու: Պարզվում է՝ նախարարը խոհարարության հետ սեր ունի եւ ամեն տարի կնոջն օգնում է ուտեստներ պատրաստել: Այս տարի միայն բացառություն կլինի. նախարարը դրա համար ոչ հավես, ոչ էլ ժամանակ ունի. «Ինչ նախարար եմ դարձել՝ 15 կիլոգրամ նիհարել եմ, ժամանակ չունեմ անգամ սնվելու, օրվա մեջ պահածոյացված մի բան եմ միայն ուտում»: Արտգործնախարար Վարդան Օսկանյանը տանը դեգուստատոր է աշխատում, կինը պատրաստում է՝ ինքը համտեսում ու գնահատական է տալիս:

Գերատեսչությունների ղեկավարների շարքում խոհարարական հմտությամբ առանձնանում է նաեւ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանը: Նա կյանքում նվիրյալ հանրապետական է, իսկ ընտանիքում՝ եփող-թափող տղամարդ: Ամեն տարի Ամանորի տոլման Խաչիկյանն ինքն է պատրաստում, ընդ որում՝ հատուկ բաղադրատոմսով. «Տոլման եփում եմ սպիտակ գինով ու կոնյակով»: Պարոն Խաչիկյանը Ձմեռ պապից ուզում է, որ Խոզի տարում հանրապետականների թիվն ավելանա, թոշակներն էլ բարձրանան:

Առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը, ի տարբերություն Խաչիկյանի, խոհանոցի հետ սեր չունի, ամեն ինչ թողնում է կնոջ եւ հարսի վրա, ինքն էլ թոռան հետ հեռուստացույց է նայում: Չնայած արեւելյան հորոսկոպը նախազգուշացնում է, որ չի կարելի սեղանին խոզի միս դնել, քանի որ խոզը կնեղանա, բայց Ն. Դավիդյանը խոզի միս շատ է սիրում եւ այս տարի էլ սեղանին ոչ միայն ավանդական «բուդ», այլեւ գոճի է դնելու: Մեր հարցին, թե ձեր ամանորյա սեղանին «բուդ» լինելո՞ւ է՝ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանն այսպես պատասխանեց. «Համենայնդեպս, մարդու բդեր չեմ դնելու, նշելու եմ սովորական, խմելու եմ հանքային ջուր»:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը Վարազի տարուց մեծ սպասելիքներ ունի եւ Ձմեռ պապից հաճելի անակնկալներ է սպասում։ Նա դեռ ամանորյա գնումները չի հասցրել անել, առայժմ նվերներ գնելով է զբաղված: Թե ինչպես է պատրաստվում նշել Նոր տարին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը՝ գաղտնի մնաց, նա հրաժարվեց մեր հարցերին պատասխանել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել