«Ընդհանուր առմամբ՝ «Ընտրական օրենսգիրքը», փոփոխություններով հանդերձ, տալիս է հնարավորություն անցկացնելու այն ընտրությունները, որոնց մենք բոլորս սպասում ենք՝ ազատ, արդար, թափանցիկ»,- երեկ ասուլիսում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը:
Նա շռայլ խոստումներ տվեց 2007-ի ընտրությունների վերաբերյալ. «Այդ ընտրությունները պետք է լինեն շատ ավելի լավը, քան նախորդ ընտրություններն էին: Իսկ հաջորդը շատ ավելի լավը կլինի, քան 2007-ին»: Ավելին՝ քիչ անց նաեւ պնդեց, թե իրականացված խախտումներն առավել պայմանավորված են «Ընտրական օրենսգրքի» չիմացությամբ, քան միտումնավորությամբ: Համանման դատողություն նախօրեին «Հայլուրին» տված հարցազրույցով արտահայտել էր նաեւ Սերժ Սարգսյանը:
Ըստ Գարեգին Ազարյանի՝ 2007-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ լիարժեք կգործի համակարգչային ընդհանուր ցանցը: Այն այժմ ներդրված է Հայաստանի 23 ընտրատարածքներում, եւս 5-ում աշխատանքները կավարտվեն առաջիկա 15-20 օրերին: Համակարգչային այս ցանցը կապահովի մարզային 28 ընտրատարածքներից ըստ տեղամասերի ստացվելիք արդյունքների ամփոփումը: «Համենայնդեպս՝ ԿԸՀ-ն ընտրությունների արդյունքի այդ թվային ամփոփմանը ոչ մի միջամտություն չի ունենալու, եւ մենք ոչ մի թիվ չենք գումարելու, հանելու կամ հաշվելու. ամեն ինչ կանի մեքենան»,- ասաց պրն Ազարյանը: Հավելեց, թե ԿԸՀ-ում տեղադրված մեծ էկրանին ընտրությունների արդյունքների հընթացս ամփոփումը եւս կապահովի գործընթացի թափանցիկությունը:
«Առավոտի» հարցին՝ իրեն չի՞ մտահոգում այն հանգամանքը, թե քանի որ ՀՀ նախագահը 1 տարուց ավելին չի հրամանագրում ԿԸՀ-ում «Ազգային միաբանության» ներկայացուցչին՝ հանձնաժողովն աշխատում է թերի կազմով, մանավանդ որ՝ թափուր է նաեւ դատավոր ներկայացուցչի տեղը, Գարեգին Ազարյանը պատասխանեց. «Հանձնաժողովի 6 անդամ կարող են ընդունել օրենքով վերապահված բոլոր որոշումները»: