Լրահոս
Օրվա լրահոսը

Ձյունն էլի՞ անակնկալ էր

Դեկտեմբեր 28,2006 00:00

Չնայած բոլոր խոստումներին, քաղաքապետարանը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ փողոցները մաքրելու պատրաստ չէ:

«Երեկ մայրաքաղաքի փողոցները մաքրությունից փայլում էին: Ձնահավաք մեքենաներն առավոտյան ժամը 6-ից աշխատում էին, որպեսզի առատ տեղումները երթեւեկությանը չխոչընդոտեն, քաղաքապետարանի աշխատակիցները դեռ լուսադեմին աղ ու ավազ էին շաղ տալիս մայթերին, որ մեր համաքաղաքացիները հանկարծ սառույցի վրա վայր չընկնեն, որ նրանք կես մետրի հասնող ձյան մեջ չթաթախվեն, թաղապետարաններն էլ միահամուռ ուժերով անգամ բակային տարածքներն այնպես էին մաքրել, որ ձյան փաթիլ անգամ չէր մնացել». իհարկե, լավ կլիներ, եթե «Առավոտի» նախատոնական այս համարում առիթ ունենայինք հենց այսպիսի բովանդակությամբ նյութ պատրաստել, բայց մեր երկրում նման բան միայն երազում կարելի է տեսնել: Իրականում երեկ, հատկապես առավոտյան ժամերին, մայրաքաղաքում խայտառակ իրավիճակ էր:

Մալաթիա-Սեբաստիա համայնքում նույնիսկ կենտրոնական՝ Անդրանիկի փողոցում կեսօրի դրությամբ փողոցներն անանցանելի էին: Ամեն մի կանգառում հիսունից ավելի մարդ կար: Մոտ քսան տասնյակ երթուղիներ վերջնակետերում կանգնած՝ ուղեւորներին չէին սպասարկում: Որ երթուղու վարորդներն էլ ռիսկի էին դիմում՝ 100 մետր չվարած՝ մնում էին ճանապարհին: Ուղեւորները կանգառներից վարորդներին խնդրում-աղաչում էին, 1000-2000 դրամ էին ցույց տալիս՝ հասկացնելով, որ պատրաստ են քսանապատիկ ավելի ուղեվարձ տալ՝ միայն թե իրենց տեղ հասցնեն:

Տաքսիներից օգտվել նույնպես հնարավոր չէր. չէին կանգնում: Շատերը ուղեւոր վերցնում էին պայմանով՝ «որտեղ լռվեցինք, պիտի օգնեք բուքսավատից հանենք»: Ընդ որում, տաքսի ծառայությունները սպասարկում էին սովորականից բարձր գներով: Եթե սովորական օրերին Հարավ-արեւմտյան թաղամասից Մամուլի տուն հասնելու համար պահանջում էին 900-1000 դրամ, երեկ՝ 2000 դրամ էր:

Նույն պատկերն էր նաեւ Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք, Արաբկիր համայնքներում: Դեռ նախօրեից, երբ սկսեցին առատ տեղումները, երթուղայինները Մալաթիա եւ Նորք հրաժարվում էին գնալ: Վարորդները պատճառաբանում էին, թե՝ «կյանքներիցս ձեռք չենք քաշել, ճանապարհները հայելի են, որտեղ «տոռմուզ» ենք տալիս՝ պիտի խաչակնքենք»:

Քաղաքապետարանը ողջ տարվա ընթացքում ձնահավաք մեքենաների շնորհանդես էր անում: Քաղաքային իշխանությունները հավաստիացնում էին, որ նախորդ ձմեռն իրենց համար դաս է եղել, տեղումներն անակնկալ էին, իսկ այս ձմռանը լավ պատրաստվել են: Մեկ ամիս առաջ փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը հրավիրած ասուլիսում մեկ-երկու ժամ միայն խոսում էր այն մասին, թե ինչ գերժամանակակից տեխնիկա են ձեռք բերել, բոլոր համայնքներում դեռ ամռանից տոննաներով տեխնիկական աղ ու ավազ են ամբարել: Սակայն դեռ առաջին իսկ տեղումներից քաղաքի երթեւեկությունը խաթարվեց: Իսկ քաղաքապետարանի ձեռք բերած ո՛չ գերժամանակակից տեխնիկան, ո՛չ էլ աղ ու ավազն այդպես էլ չերեւացին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել