Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՍԿԱԾԵՔ ԱՄԵՆ ՄԵԿԻ, ՈՎ ՁԵԶ ԲԱՆ Է ՏԱԼԻՍ

Դեկտեմբեր 28,2006 00:00

\"\"Սա ՀՅԴ խմբակցության պատգամավոր, գրող Ալվարդ Պետրոսյանի ամանորյա խորհուրդն է մեր հայրենակիցներին

Երեկ «Փաստարկ» ակումբում անդրադառնալով այն իրողությանը, որ 2007-ն ընտրական տարի է՝ Ալվարդ Պետրոսյանն ասաց. «Ես բոլոր ընտրությունները համարում եմ փոքրիկ քաղաքացիական պատերազմներ», երբ բոլորն իրար հետ թշնամանում՝ հետո հաշտվում են, տեսնելով «որ սա էլ մի բան չէր եւ չարժեր, որ երկու հարեւան, բարեկամ կամ ընկեր իրար հետ վիճեին: Եթե ժողովուրդը դրանից ավելի իմաստուն դառնար՝ նախորդ փորձը յուրացրած գնար հաջորդ քայլին… Բայց ոնց որ թե իմաստուն չի դառնում»:

Ըստ Ալվարդ Պետրոսյանի՝ «Ամենից հեշտը մեղադրելն է՝ Տիգրան Մեծից մինչեւ Ռոբերտ Քոչարյան: Բայց մենք էլ ենք մեղավոր: Քանի որ՝ ի վերջո, մենք ենք ծնում մեր բոլոր թագավորներին, նախագահներին եւ մեր բոլոր իշխանավորներին: Եվ ազգային փորձառություն ձեռք չենք բերում»:

Նա հանգել է տխուր մի եզրակացության՝ «հոգեւոր կոլապսի, շատ կարեւոր ճգնաժամի մեջ ենք»: Օգտագործեց նաեւ այլ բնորոշում՝ սոցիալական դարվինիզմ. «Հիմա Հայաստանում բարեսիրության (այս բառն է նա նախընտրում բարեգործության փոխարեն.- Ա. Ի.) որոշակի ակցիաներ են արվում, որոնք ինձ սոցիալական դարվինիզմ են թվում: Քանի որ մենք անընդհատ ուզում ենք Աստծուն առնչվել, բայց պարզվեց, որ չէ՝ մարդը դեռեւս կապիկից է առաջացել: Բան են անում ու հետո կապիկի պես անընդհատ թմբկահարում: «Տժվժիկը», «Քաջ Նազարը»՝ բնիկ հայկական թեմաներ են»:

«Առավոտը» հիշեցրեց Ռոբերտ Քոչարյանի վերջին ասուլիսը, որտեղ նա արդարացրեց այն ուժին, որն ամենաշատն է թմբկահարում իր բարեգործական գործունեության մասին՝ նշելով, թե «Բարգավաճ Հայաստանը» կիրառում է պարզ եւ հասկանալի կարգախոսներ, «որոնց հիմնական միտքն է՝ մենք մտածում ենք ժողովրդի մասին»։ Հարցին, թե այսպիսով արձանագրե՞նք, որ այս երեւույթը խրախուսվում է երկրի առաջին դեմքի մակարդակով՝ Ալվարդ Պետրոսյանն այսպես արձագանքեց. «Կարծում եմ, որ բարեսիրության մշակույթը դեռ նոր է ձեւավորվում Հայաստանում եւ կարող է այսպիսի գռեհիկ դրսեւորումներ ունենալ, ինչ որ հիմա կա Հայաստանում: Հուսանք, որ կգա պահ, երբ խոնարհությամբ կկատարվի բարեսիրությունը: Բայց ի վերջո լավ է, որ գոնե ինչ-որ մի բան արվում է: Ես դրանով չեմ պաշտպանում ո՛չ Գագիկ Ծառուկյանին, ո՛չ որեւէ մեկին: Բայց մտածում եմ, որ որոշակի պետական, իշխանական կամ այլ ինստիտուտ էլ պետք է աշխատի, որը պիտի ասի, թե չափավորե՛ք ձեր ցուցամոլությունը: Քանի որ պիտի մտածենք, որ մի երկրում ենք ապրում, որտեղ չի կարելի այդքան ծռել ժողովրդի ողնաշարը: Այն ձեւով, ինչպես Հայաստանում այսօր իրագործվում է բարեգործությունը՝ մենք ժողովրդին ներարկում ենք մուրացկանի հոգեբանություն, երբ մենք պետք է ապրեինք ռազմիկ ժողովրդի կարգավիճակով՝ արժանապատվության մասին է խոսքս… Բայց երբ անում ու «Տժվժիկի» պես անընդհատ երեսով են տալիս, անվերջ ցուցադրում, թե ուսուցիչը ինչպես է շնորհակալություն հայտնում… Իսկ երբ բան ես ասում՝ քեզ ձեռ են առնում, ասում՝ «Ալվարդն էլ ա տելեվիզըր ուզում, թող գա՝ կտանք» եւ այլն (պարզվեց, որ այս ձեւով հակադարձել է Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը.- Ա. Ի): Այս պահվածքը խայտառա՛կ բան է: Մուրացկանությունը մի բան է, որ երբե՛ք չի մոռացվում: Մի անգամ մուրացկանություն արած մարդը երբե՛ք չի մոռանալու այն: Եվ սրան չարախնդությամբ կամ քաղաքականացված չի կարելի պատասխանել: Մշակույթ է, որ մեր բարի ժողովրդի մեջ պիտի ներմուծվի, թե բան ես անում՝ մի՛ գոռա, մի՛ թմբկահարիր, մի՛ վիրավորիր»:

Նկատեցինք, որ ՀՅԴ գործիչները շատ ավելի թեթեւությամբ քննադատում են կառավարությանը, որին մաս են կազմում, սակայն ձեռնպահ են մնում նախագահին անդրադառնալուց: Ասենք, օրհներգին առնչվող զարգացումների համար ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը կառավարությանն է մեղադրում, մինչդեռ ակնհայտ էր, որ «Մեր Հայրենիքը» փոխելու նախաձեռնությունը Ռոբերտ Քոչարյանինն է, եւ ընդունելության ժամանակ լրագրողներին արած նրա խոստովանությունը, թե գործող օրհներգն իրեն չի ոգեշնչում՝ դարձավ դրա հաստատումը: «Ինձ էլ Արամ Խաչատրյանի օրհներգը դուր չի գալիս,- ի պատասխան ասաց Ալվարդ Պետրոսյանը:- Ես չէի ասի, թե ֆանտաստիկ բան է մեր օրհներգը: Որն ընդունվի՝ ես ակնածանքով ոտքի եմ կանգնելու: Բայց ես մտածում եմ, որ հենց այնպես չփոխվեց Արամ Խաչատրյանի օրհներգը: Այն ժամանակ, երբ Գերագույն խորհուրդը փոխում էր այն՝ հաշվի չէին առնում՝ Արամ Խաչատրյանի երաժշտությունը վա՞տն է, թե՞ ոչ, այլ պատմության կտրված շղթայի օղակներն էին իրար կապում: Հիմա մենք նորից այդ շղթան պոկում ենք… Անկախ նրանից՝ սրա նախաձեռնությունը կառավարությանն էր, թե ՀՀ նախագահինը՝ չեմ կարծում, թե կարելի է անընդհատ ջնջել ու նորից սկսել: Խաչատրյանական օրհներգը բոլորովին այլ բան էր՝ մենք կայսրություն էինք փլուզում, եւ դրա բոլոր նշաններից ուզում էինք ձերբազատվել: Թե չէ՝ նույն տրամաբանությամբ, Լենինի արձանն իր պատվանդանով արվեստի սքանչելի ստեղծագործություն է: Ինչպե՞ս է, որ խաչատրյանական օրհներգի մեր մոլեռանդ երկրպագուները դիմացան Լենինի արձանը հանելուն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել