Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ 2006 ՄԱՐԶԱԿԱՆ ՏԱՐԻՆ

Դեկտեմբեր 27,2006 00:00

\"\"Ամեն տարվա ավարտին հանրապետության մարզաշխարհի ներկայացուցիչներն ամփոփում են տվյալ մրցաշրջանը:

Արդեն ավանդույթ է դարձել, որ այդ արարողությունը կատարվում է հանրապետության նախագահի մասնակցությամբ: Ու եթե մինչեւ հիմա այդ արարողությունը կազմակերպվում էր Երեւանում, այս անգամ հավաքույթի անցկացման վայր առաջին անգամ ընտրվել էր Գյումրին: Եվ դա ուներ իր հիմնավոր պատճառները: Նախ, հանրապետության երկրորդ քաղաքը եղել ու մնում է հանրապետությունում մարզական կադրերի պատրաստման կարեւորագույն դարբնոցը: Երկրորդ, գյումրեցի մարզիկները աշխարհում մշտապես բարձր են պահում Հայաստանի մարզական դրոշի պատիվը, իսկ Մելինե Դալուզյանը դարձավ գեղեցիկ սեռի առաջին ներկայացուցիչը, ով ծանրամարտի մեծահասակների աշխարհի առաջնության գրքում գրեց առաջին տողը՝ նվաճելով, թեկուզ բրոնզե, բայց անդրանիկ մեդալը: Եվ երրորդ, 2006 թվականին աշխարհի, Եվրոպայի տարբեր տարիքային խմբերի առաջնություններում, միջազգային կարգի ամենահեղինակավոր մրցաշարերում Հայաստանի հաշվարկում գրանցված մեդալների ընդհանուր թվաքանակի ավելի քան երեսուն տոկոսը նվաճել են հենց գյումրեցի մարզիկ-մարզուհիները:

Հաշվետու տարում մեր հանրապետության մարզիկներն անհամեմատ հաջող են հանդես եկել միջազգային ասպարեզներում: Նրանց նվաճած մեդալների քանակն էլ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը: Դրա համար էլ մարզական հերոսներին հասանելիք կառավարության սահմանած դրամական պարգեւների ընդհանուր գումարը այս տարի աճել ու հասել էր 109 միլիոն դրամի, որն էլ հանձնեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում 2006 թվականն ամփոփեց նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Մեծարվեցին ու ըստ արձանագրած արդյունքների մեդալներ, գավաթներ, պատվոգրեր ստացան առաջին ու բարձրագույն խմբերի հաղթողներն ու մրցանակակիրները. լավագույն ռմբարկու Արամ Հակոբյանը՝ «Բանանցից», ու հարցման արդյունքում հանրապետության 2006 թվականի լավագույն ֆուտբոլիստներ ճանաչված Արմեն Շահգելդյանը՝ «Միկայից», եւ Հայաստանի կանանց հավաքականի եւ «Քոլեջ» Ֆուտբոլային ակումբի դարպասապահ Աննա Կարապետյանը:

Անցնող տարին ամփոփեց եւ 2007 թվականի անելիքները քննարկեց ու հաստատեց նաեւ Հայաստանի թենիսի ֆեդերացիան, որը նախ ֆեդերացիայի նախագահ վերընտրեց Հարություն Փամբուկյանին, ապա նաեւ հաստատեց եկող տարվա աշխատանքային պլանը: Ըստ դրա, 2007 թվականը հայկական թենիսի համար լինելու է ոչ միայն զարգացման, այլեւ բեկումնային տարի: Նախատեսվում է եկող տարի կազմակերպել մի շարք տեղական եւ միջազգային նշանակության մրցումներ, որոնցից առավել կարեւոր լինելու են Դեւիսի գավաթի Եվրո/Աֆրիկյան տարածաշրջանի չորրորդ խմբի մրցաշարը, տղամարդկանց եւ կանանց տարբեր մրցաշարերը, որոնց համար սահմանվելու է շուրջ $40 հազար մրցանակային ֆոնդ: Ֆեդերացիան առանձնահատուկ կարեւորություն է տալու մարզաձեւի մասսայականացմանը: Այդ նպատակով իրականացվելու են մի շարք ծրագրեր, որոնցում ներգրավվելու են ոչ միայն պրոֆեսիոնալները, այլեւ մարզաձեւի սիրահարները, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները:

Տարին ամփոփեց նաեւ «Միր սպորտա» հանրապետությունում տպագրվող ռուսալեզու միակ հանդեսը, որը սահմանել էր 13 անվանակարգերի մրցանակներ: Դրանք բաժին հասան.

Տարվա լավագույն մամուլի ծառայություն. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա:

Տարվա ճեղքում. Բիլիարդի ֆեդերացիա:

Տարվա լավագույն ֆեդերացիա. շախմատի ֆեդերացիա:

Տարվա լավագույն թիմ. շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքական:

Տարվա ամենահմայիչ մարզուհի. գրոսմայստեր Էլինա Դանիելյան:

Տարվա մարզական փառատոնի լավագույն կազմակերպիչ. Պարի եւ մարզական պարի համահայկական խորհուրդ:

Տարվա լավագույն հեռուստաընկերություն. «Դար 21», «Միր», «Հայրենիք»:

Տարվա լավագույն օպերատոր. Ալեքսանդր Միրզախանյան «Հ2»:

Տարվա լավագույն ֆոտոգործակալություն. «Ֆոտոլուր»:

Տարվա լավագույն լրատվական գործակալություն. Սաթի Սարգսյան, «Նովոստի Արմենիի»:

Տարվա լավագույն տպագիր հրատարակչություն. Վադիմ Մկրտչյան, «Գոլոս Արմենիի»:

Ամենաուժեղ լրագրողուհին արմռեսթլինգում. Վիկտորյա Աբրահամյան, «Ա1+»:

Լավագույն բոուլեր լրագրող. Աշոտ Հակոբյան, «Առավոտ» օրաթերթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել