Եվս մի քանի օր, եւ մուտք կգործենք 2007 թվական: Մեր թերթի միջոցով իրենց ամանորյա բարեմաղթանքներն են
ժողովրդին հղել հանրապետությունում ճանաչված մարդիկ:Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան- «Առավոտ» թերթի սիրելի՛ ընթերցողներ, հղում եմ ձեզ Ամանորյա եւ Սուրբ ծննդյան սրտաբուխ բարեմաղթանքներ եւ շնորհավորանքներ: Թող ամենակարող Աստծո կամոք՝ 2007 թվականը դառնա հոգեւոր միասնության, առաջընթացի ու խաղաղության տարի: Երկնային Տիրոջ սրբազնասուրբ Աջը հովանի լինի բոլոր ընթերցողներին եւ թերթի բարեջան աշխատակիցներին՝ պարգեւելով մշտանորոգ եռանդ եւ քաջառողջություն: Մաղթում ենք, որ բոլորի կողմից սպասված «Առավոտը», որ հանձն է առել կյանքի ճշմարտախոս մունետիկը լինելու առաքելություն, մնա անաչառ, խոսքի ուժով շարունակի գրավել մարդկանց սրտերը եւ ավելացնի կյանքի բարին: Հույս, հավատ, սեր եւ խաղաղություն::
Օհան Օուրյան, դիրիժոր- Ես մաղթում եմ, որ իմ ժողովուրդը կյանքի դժվար պահերին համատարիմ մնա իր սկզբունքներին՝ լինի ազնիվ եւ անդավաճան, իսկ հայրենիքիս ցանկանում եմ իսկական ազատություն եւ անկախություն:
Ռաֆայել Ղազարյան, ակադեմիկոս- Ամանորյա հայտնի մաղթանքներին ուզում եմ ավելացնել եւս երկուսը. ցանկանում եմ գալիք տարում իմ համրացած ժողովրդին վերադարձնել բռնությամբ եւ կեղծիքով նրանից գողացված ձայնը եւ օրենքը, այսինքն՝ ընտրելու եւ արժանապատիվ ապրելու իրավունքը: Ցանկանում եմ իմ ժողովրդին այնպիսի ղեկավար, որը համոզվելով, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը նրան բացահայտ ասում է՝ ո՛չ, ոչ թե զրպարտում եւ հետապնդում է Ժիրայրի եւ Վարդանի նման հայրենասերներին, այլ խոհեմաբար եւ արժանապատվորեն հրաժարական է տալիս իր թիմով հանդերձ: Այդ օրը ես կհավատամ, որ ապրում եմ օրինաց երկրում:
Արմինե Հովհաննիսյան, «Օրրան» բարեգործական կազմակերպության հիմնադիր-
Ուզում եմ՝ Հողը տաքուկ լինի,
Իսկ բերքն առատ,
Ծառը կանաչ լինի եւ պտղատու,
Տունը օջախ դառնա, երկիրը՝ օրրան,
Պանդուխտը տուն վերադառնա,
Իսկ ծերունին հանգստանա,
Ուզում եմ՝ հայուհին տեր դառնա,
Իսկ հայը՝ հպարտ ծառա:
Վարդուհի Վարդերեսյան, ՀՀ ժողովրդական արտիստուհի- Ինչ կուզենայի մաղթել ժողովրդիս՝ տարեմուտի սեմին: Վերամբարձ խոսքերի ժամանակը վաղուց անցել է. զգաստանալու, ինքնամաքրվելու, մեր ակունքներին վերադառնալու ժամանակն է: Պետք է ապրել արժանապատվորեն, օրենքով, չոտնահարվել, չստորանալ, ինչպես հաճախ ստիպված ենք անելու: Թող 2007 թվականը մի քայլ առաջ տանի մեզ այդ ճանապարհին:
Արմեն Էլբակյան, ՀՀ վաստակավոր արտիստ- Ամենայն բարիք եմ ցանկանում իմ ժողովրդին եւ երազանքների իրականացում: Բայց որպեսզի մեր կյանքն ամեն օր տոն դառնա, յուրաքանչյուրս իր տեղում պիտի փորձի այս աշխարհը մի քիչ ավելի լավը դարձնել, այն հրաշալի աշխարհը, որ պարգեւել է մեզ Արարիչը:
Երջանի՛կ եղեք:
Աննա Էլբակյան, դերասանուհի- Շնորհավորում եմ իմ ժողովրդի Սուրբ ծնունդն ու Ամանորը: Ցանկանում եմ բոլոր հուսահատվածներին՝ Աստված հույս ու հավատ պարգեւի: Թող Նոր տարում յուրաքանչյուր ընտանիքում նոր հույսի դուռ բացվի: Իսկ ովքեր լիացել են բարիքներով, թող չմոռանան, որ իրենց կողքին ապրում են մարդիկ, ովքեր հոգատարության եւ ուշադրության կարիք ունեն:
Սոֆի Դեւոյան, «Հոգու եւ պարի» թատրոնի հիմնադիր- Բոլորին ցանկանում եմ հետաքրքիր եւ բեղմնավոր տարի:
Ուզում եմ, որ անապահով պայմաններում ապրող երեխաների քանակը քչանա, հայ երեխան երջանիկ եւ լավ ապրի, իսկ արվեստագետները այնպես ծառայեն հայրենիքին, որ ապագա սերունդը լավատեսությամբ համակվի ու ապահով զգա սեփական հողում: