Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՍ ՄԵԿ ԲԵՄԱԴՐՎԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբեր 27,2006 00:00

\"\"Գյումրիի Վ. Տերյանի անվան թիվ 15 դպրոցի գործադիր տնօրենի ընտրությունները դեռ չկայացած՝
հայտնի էր հաղթողը:

Արդեն տեղեկացրել ենք, որ թիվ 15 դպրոցի տնօրենի պաշտոնի հավակնորդները երկուսն էին՝ երեսուն տարվա տնօրեն, ՀՀԿ-ական Համազասպ Խաչատրյանն ու դաշնակցական ուսմասվար Անահիտ Խաչատրյանը: Դեռ ընտրությունները չէին էլ կայացել, սակայն բոլորը գիտեին, որ հաղթելու է ՀՅԴ-ական մարզպետի կուսակիցը. սա Գյումրիի դպրոցների համար նորություն չէ: Այսպիսով՝ Ա. Խաչատրյանը 4 կողմ ու 1 դեմ ձայնով օրերս կայացած տնօրենի ընտրություններում հաղթող ճանաչվեց:

Ապագա տնօրենը դպրոցի զարգացման իր ծրագիրը ներկայացնելիս օգտագործեց դպրոցի՝ վերջին շրջանի գլխավոր բացթողումը՝ ուսուցիչներին տարին տասներկու ամիս աշխատավարձ չվճարելու փաստը, ինչն էլ նախկին տնօրենին աշխատանքից ազատելու հիմնական պատճառ է հանդիսացել: Մեկ անգամ արդեն նշել ենք, որ կոլեկտիվի մեծ մասին դպրոցը պարտքեր ունի, որոնց չափերը հասնում են 200-300 հազար դրամի, ինչը նշանակում է, որ 2005-2006 թթ. ընթացքում ուսուցիչներն իրենց հասանելիք գումարը գրեթե չեն ստացել, որի պատճառով էլ լարվել են տնօրենի դեմ: Ի դեպ, սա դպրոցի միակ ցավոտ խնդիրը չէ. մարզի կրթության վարչության աշխատակից Ջեմմա Ավետիսյանին անհանգստացնում էր այն հարցը, թե ինչու է երեք տարվա ընթացքում մոտ երեք հարյուր աշակերտ հեռացել այս դպրոցից: Ըստ ուսմասվար Էմմա Դուրգարյանի, իրենք այստեղ որեւէ մեղք չունեն: Նա փաստը մեկնաբանեց այսպես. դպրոցի մոտ տեղակայված տնակները հանվել են, եւ այնտեղ ապրող բնակիչներն էլ իրենց երեխաներին տեղափոխել են նոր բնակարաններին մոտ դպրոցներ: Այս պատասխանը վարչության աշխատակցին չգոհացրեց: Թե ինչու էր Գյումրիի ամենաառաջադեմ, ծրագրեր շահելու ու նորամուծություններ կատարելու առումով մրցակից չունեցող դպրոցը հայտնվել նման խայտառակ վիճակում, այս մասին պարզաբանումներ մեզ չհաջողվեց լսել Համազասպ Խաչատրյանից. նա ընդհանրապես չէր ներկայացել ընտրությանը՝ վատառողջ լինելու ու հիվանդանոցում գտնվելու պատճառով: Մեր տեղեկություններով, նախկին տնօրենը, չկարողանալով վերեւների հետ լեզու գտնել ու մարզպետի «դաբրոն» ստանալ, իրոք ծանր է տարել իր ստեղծած դպրոցը ուրիշին հանձնելու փաստը: Սակայն խոսակցություններ են տարածվել նաեւ այն մասին, որ տնօրենի փոփոխության հարցում գլխավոր դերակատարը դպրոցի հաշվապահ Սիրանույշ Նահապետյանն է, ով մի քանի տնօրենների է ընդունել-ճանապարհել ու հիմնարկներ քայքայել: Անգամ կրճատված որոշ ուսուցիչների հետ հաշվապահը վերջնական ֆինանսական հաշիվները չի փակել, իսկ աշխատավարձ մշտապես տվել է իրեն ձեռնտու հաշվարկներով, օրինակ՝ մեկին տասը հազար դրամ, մյուսին՝ տասնհինգ կամ քսան՝ հագուկապից ու ընտանեկան դրությունից ելնելով: Այդուհանդերձ, ըստ մարզպետարանի կրթության վարչության կազմած փաստաթղթի, մեղավոր ճանաչվել է Համազասպ Խաչատրյանը, ով գումարները օգտագործել է ոչ նպատակային: Իսկ թե կոնկրետ ինչի վրա է ծախսել, այս մասին որեւէ մեկը հարկ չհամարեց մանրամասնել: Այս դեպքում հետաքրքիր է, թե ինչու է կրթության վարչությունը նոր հայտնաբերում, որ գումարները նպատակային չեն ծախսվել (սա հայտնի էր դեռ մեկ տարի առաջ): Եվ առհասարակ ինչո՞վ է զբաղված եղել դպրոցի խորհուրդը. չէ՞ որ վերջինիս սուրբ պարտականությունն է դպրոցի բյուջեն հաստատելն ու ծախսերը վերահսկելը: Այս հարցով մենք դիմեցինք խորհրդի նախագահ Մեսրոպ Ղալլաչյանին, ով, սակայն, շտապեց տեղեկացնել, որ ինքը նոր է ընտրվել եւ անցածի համար պատասխանատու չէ: Այս պատմությունը մեկ անգամ եւս փաստում է, որ խորհուրդը ձեւական, անդեմ մի օղակ է եւ նույնքան էլ ձեւական են տնօրենի ընտրությունները՝ կամակատար մասնակիցներով ու հանդիսատես լրագրողներով:

Ի դեպ, երեկ Շիրակի դաշնակցական մարզպետ Ռոմիկ Մանուկյանն իր ասուլիսում խոսեց նաեւ այս ընտրությունների մասին. «Որպես կուսակցական, բնական է, ես իմ քաղաքականությունն եմ վարել՝ դաշնակցական տնօրենի բերելով, բայց ես ինժեների չեմ բերել, մոռանում եք, որ նա այդ դպրոցի առաջին ուսմասվարն է, 12 տարվա փորձ ունի եւ կոլեկտիվն է խնդրել, որ նա դնի իր թեկնածությունը: Ինչ է, դաշնակցականն իրավունք չունե՞ր տնօրեն առաջադրվելու: Նախկին տնօրեն Համազասպ Խաչատրյանի նկատմամբ էլ դատախազությունը գործընթաց է սկսել, իսկ ես բավարարվեցի նրան նկատողություն տալով՝ մտածելով, որ նա, եթե մի քիչ խելոք լինի, ընտրություններին իր թեկնածությունը չի էլ առաջադրի: Իսկ կոլեկտիվը բազմիցս ինձ խնդրում էր, որ դատի տայի նրան»: Փաստորեն, մարզպետը բնավ էլ չի ժխտում, որ իսկապես իր մատը խառն է այս գործում: Եվ սա այն դեպքում, երբ իր կուսակից ԿԳ նախարարը առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ ամեն ինչ արվում է դպրոցները քաղաքականությունից հեռու պահելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել