Բայց դա նկատում է միայն Շիրակի մարզպետը
Երեկ Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանը ամփոփեց մարզպետարանի մեկ տարվա աշխատանքները: Ասուլիսին այնպիսի տպավորություն էր, թե մարզպետը խոսում է ոչ թե Շիրակի, այլ Նյու Յորքի կամ էլ Փարիզի մասին: Ռ. Մանուկյանի քրտնաջան աշխատանքի շնորհիվ մարզի բոլոր խնդիրները լուծվել են, բոլոր ոլորտներում գրանցվել է աճ, բյուջեի կատարման, հարկահավաքության գերազանց ցուցանիշներ, կիրառվել են գյուղապետերի հետ աշխատելու աննկարագրելի մեթոդներ: Մի խոսքով՝ ինչպես հավաստիացրեց մարզի ղեկավարը՝ «Այս տարի մենք բոլոր ուղղություններով պետության հանձնարարությունները կատարել ենք, կրթության, առողջապահության ոլորտում ունենք լավագույն ցուցանիշները, չունենք աշխատավարձերի պարտք, բյուջեն կատարել ենք հարյուր տոկոսով»: Որ բնագավառի մասին խոսք գնաց՝ մարզպետը գոհ էր: Նույնիսկ «Բնակարանների գնման վկայագրեր» ծրագրի մասին, որը Շիրակի անօթեւան բնակիչների համար մեծ գլխացավանք դարձավ, մարզպետը հիացած էր խոսում. «338 ընտանիքների տրամադրվել են վկայականներ, ես կարող եմ ասել, որ սա լավագույն ցուցանիշ է ու ընդհանրապես այն ոլորտներում, որտեղ մենք ենք իրականացնում ծրագրերը, ունեցել ենք լավագույն ցուցանիշները»:
Մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ Արտաշես Սարգսյանը պարբերաբար քննադատում է մարզպետին՝ նրան մեղադրելով քաղաքաշինական ցանկացած առաջադեմ ծրագիր ձախողելու մեջ: Չնայած դրան, մարզպետը համոզված էր, որ Շիրակում բոլոր ծրագրերն էլ հաջողվել են: Նա ցնցված էր թե՛ քաղաքաշինության, թե՛ մարզի արդյունաբերության ցուցանիշներով. «Բոլորիս կողմից չարչրկված շաքարի գործարանի շինարարությունն իրականացվում է, Ախուրյանի տարածքում կատարվել են լուրջ շինարարական աշխատանքներ՝ մոտ երկու հարյուր միլիոնի, հույս ունենք, որ մյուս տարի կունենաք այդ գործարանը, սա լրացուցիչ աշխատատեղ է մեզ համար եւ լավագույն նվերն է Շիրակի մարզին»: Մարզպետի այս հաշվետվությունից հետո թերեւս կարելի է հասկանալ, թե ինչո՞ւ է կառավարությունը որոշ հարցերում զլանում շիրակցիների հանդեպ իր պարտականությունները կատարելիս. հավանաբար մարզպետը նույնպիսի իդեալական գույներով էլ մարզը կառավարությանն է ներկայացնում:
Մարզպետը, որը միշտ խուսափում էր լրագրողներից ու հրապարակային ելույթներից, իր կառավարման չորրորդ տարում այնպես էր ակտիվացել, որ նույնիսկ դիտողություններ էր անում լրատվամիջոցներին, թե որ խնդիրն ինչպես պետք է լուսաբանել: Նա ասուլիսը սկսելուն պես մասնավորապես ցուցումներ տվեց դաշնակցականներին վերաբերող խնդիրները լուսաբանելու առնչությամբ: