Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱԶՄԱԶԱՎԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՊԵ՞Ս ԵՆ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ

Դեկտեմբեր 27,2006 00:00

\"\"17 զավակ ունեցող ընտանիքի որդիները չեն ամուսնանում՝ հարսների համար տեղ չկա \"\"

«Բարդ ճանապարհ ենք անցել, բայց պետության կողմից ոչ մի աջակցություն չենք ստացել: Ես իմ իրավունքներն եմ պաշտպանում, այլ ոչ թե մուրացկանություն անում: Ում դիմում ենք՝ խոստանում, խաբում, ճանապարհում են: 2 տարի առաջ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը խոստացավ, որ ամուսնացած երկու տղաներիս տնով կապահովի, կառավարության աշխատակիցները խորհուրդ տվեցին տուն փնտրել, որդիներս ման եկան, տուն գտան, բայց 2 տարի է՝ մեզ խաբում են, ասում են՝ ձեր գործն ընթացքի մեջ է ու ոչ մեկը ոչ մի քայլ չի կատարում, նույնիսկ շատերը չեն էլ հավատում, որ այդ երեխաներն իմն են»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում պատմեց բազմազավակ մայր Անթառամ Կիրակոսյանը: Ղազարյանների ընտանիքն ունի 17 զավակ՝ 8 տղա եւ 9 աղջիկ: Չնայած ընտանիքի մայրը՝ Անթառամ Կիրակոսյանն այսօր Հայաստանի միակ կինն է, որ 17 երեխա ունի, սակայն պետության կողմից բոլորովին անտեսված է: Ղազարյանների ամենամեծ երեխան՝ Աննան, 31 տարեկան է, ամենափոքրը՝ Եվան, 12 տարեկան: Մամիկոն Ղազարյանի ընտանիքը բնակվում է Երեւանի Հարավ-արեւմտյան Բ-2 թաղամասի թիվ 52 շենքում: Ընտանիքի երկու որդին ու վեց աղջիկն արդեն ամուսնացել են: Ա. Կիրակոսյանի ներկայացմամբ, մնացած տղաները թեեւ չափահաս են, բայց բնակարանում տեղ չլինելու պատճառով չեն ամուսնանում. «Ընտանիքիս համար այսօր առաջնային է բնակարանի խնդիրը, սակայն պետությունը մեզ ոչ մի հարցով չի օգնում: Մեր բնակարանն էլ կոմունիստների օրոք ենք ստացել, երբ ծնվեց իմ 10-րդ երեխան: 1985 թվականին ոսկե մեդալի արժանացա, բայց տղայիս պսակելու համար գումար չունենալու պատճառով ստիպված եղա մեդալս վաճառել»: Ա. Կիրակոսյանի ներկայացմամբ, բնակարան ձեռք բերելու հարցով, բացի վարչապետից, դիմել են նաեւ հանրապետության նախագահին, առաջին տիկին Բելլա Քոչարյանին, ԱԺ նախագահին, գործարարներ Գագիկ Ծառուկյանին ու Սամվել Ալեքսանյանին, սակայն «ոչ մեկից օգնություն չենք ստացել, բոլորն էլ մատնացույց են արել Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի տեղը: Երեք տարի առաջ մեր թաղապետ Աղվան Գրիգորյանը հերթական միջոցառման ժամանակ խոստացավ մեզ բնակարան հատկացնել, եթե հերթականությամբ թվեմ երեխաներիս անուններն ու ծննդյան օրերը: Թվեցի: Մի ամիս հետո գնացի թաղապետարան՝ բնակարանիս հետեւից: Բայց ասացին, որ կատակ ենք արել: Պատկերացնո՞ւմ եք՝ այդպիսի կատակ, այն էլ 500 մարդու ներկայությամբ»:

Բազմանդամ ընտանիքին բնակարան են խոստացել նաեւ «Հույսի ավանում», բայց այդ խոստումն էլ, ըստ Ա. Կիրակոսյանի՝ «գրվել է սառույցին»:

Ա. Կիրակոսյանի ներկայացմամբ՝ այժմ ինքն ու ամուսինը գործազուրկ են. «Երբ ընտանիքում երեխաների թիվն ավելացավ, այլեւս ի վիճակի չէի աշխատել եւ զբաղվեցի նրանց դաստիարակությամբ: Հիմա երեխաներս մեծացել են, բայց աշխատատեղ չկա»: Ղազարյանների չորս տղան արդեն ծառայել են հայոց բանակում: Ա. Կիրակոսյանն իրեն վիրավորված է զգում, որ որդիներին միայն բանակ տանելիս են հիշում. «Հենց տղաներիս 18 տարին լրանում է՝ բանակ են կանչում, ինչո՞ւ մեր երկրում ըստ արժանվույն չի խրախուսվում բազմազավակությունը, որպեսզի ծնողները որդիներին բանակ ճանապարհեն հպարտությամբ, այլ ոչ թե որպես պարտականություն: Մենք երբեք լավ չենք ապրել, երեխաներին մեծացնելու համար մեծ դժվարություններ ենք հաղթահարել: Իմ երեխաները մեզ հարց են տալիս, թե ինչ համարձակությամբ ենք այդքան երեխաներ ունեցել եւ հիմա չենք կարողանում իրենց պահել: Այժմ զավակներս հրաժարվում են երկուսից ավելի երեխա ունենալ: Նրանք էլ իրենց նորաստեղծ ընտանիքը մի կերպ են պահում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել