Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՈԼՈՐԻՆ ՊԱՐՏԱԴՐԵԼՈՒ ԵՆՔ ՕՐԵՆՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ»

Դեկտեմբեր 27,2006 00:00

\"\"Ապագա խորհրդարանական ընտրություններին այսպիսի պահվածք է որդեգրելու ՀՅԴ-ն. այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը:

– Քաղաքական դաշտում հետաքրքիր իրավիճակ է. երեկ մեկ, այսօր երկու, ստեղծվել է մի նոր կուսակցություն, եւ բոլորը խոսում են այն մասին, որ այդ նոր կուսակցությունը վերցնելու է խորհրդարանական տեղերի մեծ մասը: Դա ձեզ, որպես գաղափարական եւ կենսագրություն ունեցող կուսակցության ներկայացուցիչ, չի՞ վիրավորում:

– Նման դեպքեր էլի են եղել, երբ նորաստեղծ քաղաքական ուժերը Հայաստանում հանկարծակի եւ արագ հաջողության են հասել: Սա ավելի շատ մեր հասարակության այսօրվա վիճակը եւ մակարդակն է արտահայտում, այսինքն՝ հեռանկարային, ստրատեգիական շահը, երկրի հեռահար զարգացման շահը եւ ծրագրերը առնվազն հաճախակի զիջում են պահով թելադրված այժմեական շահին:

– Իսկ դա չի՞ վնասում երկրի քաղաքական, պետական զարգացումներին:

– Սա դրական երեւույթ, իհարկե, չի կարելի բնութագրել, բայց ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, նույնիսկ նորաստեղծ քաղաքական ուժերը կարողանում են իրենց մեջ գտնել այն խոհեմությունը, որ ընտրական ալիքի վրա ուժեղանալով, հետո պարտավորված են լինում հեռահար շահը հաշվի առնել: Եթե կարողանում են հաշվի առնել, դառնում են հարատեւ կազմակերպություն, եթե ոչ՝ փոշիանում են: Պետք է ասեմ, որ նոր կուսակցությունների ստեղծումը նորմալ երեւույթ է, խնդիրը նրանում է, թե ինչի՞ շուրջ են նրանք ստեղծվում: Եթե վառ անհատականության շուրջ են ստեղծվում, ամբողջ կազմակերպությունը սկսում է այդ մարդու կամ մի փոքրիկ թիմի քաղաքական կարիերային սպասարկել: Եթե գաղափարի շուրջ են միավորվում, ապա, իհարկե, ավելի շանսեր ունի գոյատեւելու: Բայց Հայաստանում այս գործընթացները դեռ նոր են բնականոն ընթացք ստանում եւ պետք է ուղղակի համբերությամբ զինվել:

– Վարչապետը պատասխանելով մեր հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Դաշնակցության հայտարարությունը, որ եթե խորհրդարանական ընտրությունները չանցնեն այնպես, ինչպես իրենք են ակնկալում, ապա ընդդիմություն կդառնա՞ եւ արդյո՞ք ՀՀԿ-ն եւս նման մտադրություն չունի, ասաց, որ իրենք սովոր են Դաշնակցության այդ կարգի հայտարարություններին, ասաց, որ արդեն յոթ տարի դուք նույնն եք ասում: Այսպիսով, ձեր հայտարարության արժեքը նսեմացված չե՞ք տեսնում:

– Մեր հայտարարությունների արժեքը պետք է գնահատի ժողովուրդը եւ ոչ թե ուրիշ քաղաքական գործիչներ: Նրանց «կոմենտարները» մեր հայտարարությունների վերաբերյալ որեւէ ձեւով ոչ նսեմացնել, ոչ ուժեղացնել չեն կարող, ով էլ որ լինի: Ես հիշում եմ ժամանակներ, երբ մեր երկրի վարչապետը նույնպես հայտարարել է այն մասին, որ ինչ-որ պարագաներում Հանրապետականը կարող է դառնալ ընդդիմադիր ուժ: Ցանկացած քաղաքական ուժի իրավունքն է մատնանշել այն պայմանները, որոնցով նա կարող է աշխատել կառավարության հետ: Տեսեք, այսօր Դաշնակցության ներկայացվածությունը գործադիր իշխանության մեջ շատ ավելի մեծ է, քան օրենսդիր մարմնում, որը մենք չենք համարում նորմալ եւ ճիշտ բան: Մենք համագործակցել ենք կառավարության հետ, նախագահի հետ՝ երկրում կայունությունը պահպանելու, Ղարաբաղի հարցում եւ այլն, բայց եթե մենք տեսնենք, որ մեր ուժերը որոշումներ կայացնող ատյաններում բավարար չեն այդ որոշումների վրա ազդելու համար, ապա ուրիշների որոշումների կատարող դառնալը, բնականաբար, մեզ համար ընդունելի չէ: Եվ սա շատ նորմալ է, եւ կարծում եմ, մենք իսկապես Գերագույն ժողովում ճիշտ որոշում ենք կայացրել:

– Արդեն վերլուծություններից երեւում է, որ խորհրդարանական ընտրությունները շատ ավելի վատն են լինելու, ավելի հագեցած են լինելու կրակոցներով, սեւ քարոզչությամբ եւ այլ վատ բաներով:

– Այդ վերլուծությունները ավելի շատ բայղուշություններ են, ոչ թե վերլուծություններ, եւ մարդիկ, որոնք շատ կուզեին պղտոր ջրում ձուկ բռնել, շատ կուզեին, որ ջուրը պղտորվեր: Եվ այդ կարգի գուշակությունների մեջ այդ պղտոր ջրի ակնկալիքն է երեւում: Ես այդպես չեմ կարծում, ես կարծում եմ, որ Հայաստանի պետականությունն այլեւս այնքան ուժեղ է, որ թույլ չտա նման մեթոդների կիրառումը այս կամ այն կողմից: Մենք, որպես կուսակցություն, գործելու ենք օրենքների սահմաններում եւ փորձելու ենք պարտադրել բոլորին այդ օրենքների սահմանները:

– Ինչպե՞ս եք գնահատում իշխանության վերարտադրման հնարավորությունները:

– Ցանկացած կուսակցություն ուզում է ամրապնդել իր դիրքերը, ուզում է վերարտադրվել, եւ եթե ընդդիմությունը չմիավորվի, դրա հավանականությունը շատ մեծ է. դա չի նշանակում, որ միավորվելու դեպքում շատ ցածր է, բայց, առնվազն վերարտադրվելով, իշխանությունը պարտավորված կլինի մաքրվել եւ ինքը իրեն ռեֆորմի ենթարկած վերարտադրվել:

– Օրհներգի մասին օրենքից, փաստորեն, կառավարությունը այդպես էլ չհանեց անցումային դրույթները, եւ «Մեր հայրենիքը» ընդամենը մեկ տարով է մերը:

– Դա անգրագիտություն է իրավական տեսակետից, դա պարզապես կառավարության կողմից զիջում է այն ինքնահավան, իրենց ինտելեկտուալ համարողների մի խմբակի, որը փորձում է պատմության մեջ մնալ՝ հիմնը փոխելով, որովհետեւ ուրիշ մեթոդ դրա համար չունեն: Սա աննորմալ երեւույթ է, եւ չեմ կարող հասկանալ այն մարդկանց, որոնք հեգնանքով, ծաղրանքով են խոսում գործող օրհներգի մասին: Ես կհասկանայի նրանց, եթե ասեին՝ լավն է, փառք այս օրհներգին, այս օրհներգը մեզ միայն եւ միայն պատիվ է բերել, մենք արժանապատիվ ենք ապրել այս օրհներգի տակ: Բայց երբ սկսում են ասել՝ այս օրհներգը խայտառակություն է, կարծում եմ, այս կեղծ ինտելեկտուալներն են մեր երկրի խայտառակությունը, որոնք ազգային արժեք բառերի տակ հասկանում են միայն կոնյակն ու չալաղաջը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել